Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատել ենք անդառնալիության կետը». Պատժամիջոցների ենթարկված ՌԴ օլիգարխները մտահոգություն են հայտնում պատերազմի կապակցությամբ

Մարտ 08,2022 12:36

«Ազատություն». Արևմտյան երկրների պատժամիջոցների թիրախում հայտնված ռուսաստանցի օլիգարխներն իրենց մտահոգությունն են արտահայտում Ուկրաինայում շարունակվող պատերազմի կապակցությամբ։

Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ հարաբերություններով հայտնի մեծահարուստ Օլեգ Դերիպասկան, մասնավորապես, նախօրեին Թվիթերում հայտարարել է, որ օր առաջ պետք է խաղաղություն հաստատվի։ Ռուսաստանցի միլիարդատերը, սակայն, իր համառոտ գրառման մեջ խուսափել է կիրառել պատերազմ եզրույթը, որը Ռուսաստանի իշխանություններն արգելում են հիշատակել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների մասին խոսելիս։ «Մեզ խաղաղություն է պետք հնարավորինս շուտ, քանի որ մենք արդեն հատել ենք անդառնալիության կետը։ Ամբողջ աշխարհն այլ կլինի, Ռուսաստանը նույնպես այլ կլինի», – Թվիթերում գրել է Դերիպասկան։

Ռուսաստանցի մեկ այլ խոշոր գործարար՝ Վլադիմիր Լիսինը․ Նովոլիպեցկի մետաղագործական գործարանի աշխատակիցներին ուղղված հայտարարության մեջ իր ցավակցությունն է հայտնել Ուկրաինայում հակամարտության զոհերի ընտանիքներին՝ ընդգծելով, որ մարդկային զոհերը հսկայական ողբերգություն է, որն անհնար է արդարացնել։ Լիսինը Նովոլիպեցկի մետաղագործական գործարանի նախագահն է և ընկերության հիմնական բաժնետերը։ Իր հայտարարության տեքստում նա անհասցե կոչ է արել խաղաղ դիվանագիտական ջանքեր գործադրել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ և հույս է հայտնել, որ այն շուտափույթ կկարգավորվի։

Չուկոտկայի նախկին նահանգապետ, միլիարդատեր Ռոման Աբրամովիչը պատերազմի մեկնարկից մի քանի օր անց հայտարարել է իրեն պատկանող լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը վաճառելու մտադրության մասին։ Այս որոշումը հաջորդել է Մեծ Բրիտանիայի իշխանությունների հայտարարություններին, որոնք սպառնում են կալանավորել ռուս մեծահարուստների բրիտանական անշարժ գույքը և շքեղ ու գերթանկ զբոսանավերը։ Աբրամովիչը խոստացել է ակումբի վաճառքի ամբողջ հասույթն ուղղել Ուկրաինայի պատերազմի հետևանքների վերականգնման նպատակով ստեղծվող բարեգործական հիմնադրամին։ Բացի այդ, անցած օրերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող գործարարը ներգրավված է ռուս-ուկրաինական բանակցություններում, իսրայելական Jerusalem Post թերթի տվյալներով՝ Կիևի խնդրանքով։ Ինչ լիազորություններ ունի Աբրամովիչն այդ գործընթացում, հայտնի չէ։ Մոսկվան ու Կիևը չեն մեկնաբանում տեղեկությունը։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակմանն ի պատասխան՝ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ընդհանուր առմամբ 22 ռուսաստանցի օլիգարխների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, Մեծ Բրիտանիայի իշխանությունները թիրախավորել են 10 ռուսաստանցի մեծահարուստների՝ խոստանալով այդ ցանկը առաջիկայում շեշտակի մեծացնել։

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031