Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը` Մարտի 8-ի առթիվ
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է լավագույն մաղթանքներ, մեծարանքի և գնահատանքի խոսքեր ուղղելու համար:
Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային ավանդույթները:
Կարդացեք նաև
Անգնահատելի է ձեր դերը սերունդներին՝ ազգային արժեքների ոգով դաստիարակելու գործում: Ձեր հոգատարության, հավատարմության, կարևոր առաքելության շնորհիվ են ամբողջանում մեր ընտանիքները:
Բոլոր ժամանակներում կանայք մշտապես նվիրումով մասնակցել են նաև պետական և հասարակական կյանքին: Այսօր ևս ողջունելի է ձեր ձգտումը՝ ակտիվ մասնակցություն ունենալու հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում:
Սիրելի’ տիկնայք, մայրեր, քույրեր, կրկին շնորհավորելով գարնանային տոնի առթիվ՝ մաղթում եմ ընտանեկան բարեկեցություն, երջանկություն ու լավատեսություն:
Թող սերն ու հմայքն անպակաս լինեն ձեզանից: Ապրեք անհոգ, ջերմությամբ շրջապատված։
Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ
Սիրելի’ կանայք և աղջիկներ, այսօր, ցավոք, ձեզ շնորհավորանքի խոսք եմ հղում ազատազրկման վայրից: Այսօր առավել, քան երբևէ ես ժամանակ ունեմ վերարժևորելու ձեր անգնահատելի դերը, բազմապատկելու վանաձորցի կնոջ, մոր, ընկերոջ նկատմամբ տածած սերն ու հարգանքը: Կարոտն այն ամենակարող ուժն է, որը ստիպում է հոգու աչքերով տեսնել սիրելի մորը, խորությամբ զգալ այն սերը, որը նվիրում է կինը՝ հանուն մոլորակի հարատևության, հանուն այն ընտանիքի, որում մեզ երջանիկ ենք զգում:
Խնդրում եմ ներել ինձ, քանի որ ինձանից չկախված հանգամանքներով պայմանավորված` ես չեմ կարողանում կատարել համաքաղաքացիներիս տված խոստումները, կներեք ինձ, որ չեմ կարողանում անձամբ շնորհավորել բոլորիդ: Դուք արժանի եք մեծարման բոլոր ծեսերին։
Շնորհավորում եմ իմ քաղաքի, մեր մեծ համայնքի հերոսածին մայրերին, մեր քույրերին, կանանց, մեր ընկերներին, գեղեցիկ ու խելացի պարմանուհիներին, ցանկանում եմ երջանկություն, առողջություն և արժանապատիվ կյանք։
Բոլորիդ որդիաբար, ընկերաբար, եղբայրաբար սիրում եմ և հեռուներից զգում ձեր ջերմությունն ու ուժը։ Շնորհավորում եմ բոլորիդ գարնանային գեղեցիկ տոնը։
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ֆեյսբուքյան գրառումը
Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել այնպիսի տոնի կարգավիճակ, որով տրվում է կանանց փառաբանման և մեծարանքի մեկամսյա մեկնարկը: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը` մեզ շրջապատող գեղեցիկ սեռին` մայրերին, քույրերին, կանանց և դուստրերին:
Մենք կփորձենք անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի ամեն կերպ խրախուսենք կանանց ավելի մեծ ներգրավվածությունը մեր համայնքի և մեր երկրի հասարակական կյանքում:
Մեր համոզումն է, որ մեր համայնքի կանայք ունեն դեռևս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ, որը պետք է կյանքի կոչվի ամենատարբեր ասպարեզներում և ոլորտներում:
Այսօր ակնհայտ է, որ մեզանում ավանդական համարվող ոլորտներից բացի, ինչպիսիք են` կրթությունն ու առողջապահությունը, կանայք սկսել են նաև լուրջ դերակատարություն ունենալ ձեռնարկատիրության, լրագրության, կառավարման, բարձր տեխնոլոգիաների, դատական և այլ բնագավառներում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Չեմ կասկածում, որ մեր օգնությամբ և համատեղ ուժերով` զարգացնելու ենք առկա հաջողությունները, և ձեր ուշիմությամբ` դուք արժանիորեն գրավելու եք կառավարման ավելի պատասխանատու ոլորտներ:
Սիրելի՛ կանայք,
Այդքանով հանդերձ, դուք մնում եք ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը, մնում եք ձեր ամուսինների թևն ու թիկունքը, ձեր զավակների պահապան հրեշտակները, ձեր եղբայրների գորովալից քույրերը և ձեր պատիվը սահմանին պաշտպանող երիտասարդների հարսնացուները:
Կրկին շնորհավորում եմ ձեզ` գարնանային այս պայծառ տոնի առթիվ:
Խոնարհումս` պատերազմի ընթացքում նահատակված մեր քաջորդիների մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին։
Ուզում եմ առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորել մեր զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում` լինելով մեր անվտանգության երաշխավորը:
Մաղթում եմ ձեզ երջանկություն, ամենայն բարիք և անափ սեր:
Հարգանքով և երախտագիտությամբ` համայնքի ձեր ղեկավար` Մանվել Փարամազյան։