Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրակլի՛, մարդավարի բացատրենք. ոչ ոք քեզ չի խնդրում Զելենսկի դառնալ, պարզապես լռի՛ր։ Մի՛ խայտառակիր մեզ»

Մարտ 08,2022 09:30

«Անալիտիկոն»․ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, որ քողարկվում է «պլանքաշ ազգայնականների» դեմ պայքարի կեղծ շղարշով, որքան էլ տարօրինակ է՝ պառակտել է Վրաստանը, որը կարծես թե Ուկրաինայի դաշնակիցը պիտի լիներ։

Ավելի ճիշտ՝ ոչ թե պառակտել է, այլ հստակ վեր է հանել Ուկրաինայի տարածքում ռուսական ռազմական տեռորի նկատմամբ վրացական կառավարության և հասարակության վերաբերմունքների տարբերությունը։

Ուկրաինայում պատերազմ սկսվելու երկրորդ օրը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրեց ռուսական ագրեսիայի հարցով խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմադիր կուսակցությունների դիմումը։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հրաժարվեց մասնակցել նիստին: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, թե Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին միանալը «հակասում է երկրի ազգային շահերին», և պաշտոնական Թբիլիսին չի պլանավորում դրանք կիրառել։ Սրա համար անմիջապես արժանացավ Մոսկվայի գովասանքների հեղեղին…

Դրանից հետո վարչապետին լավագույն խորհուրդը, հավանաբար, տվեց Վրաստանի օմբուդսման (ժողովրդական պաշտպան) Նինո Լոմջարիան՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում գրելով. «Իրակլի՛, մարդավարի բացատրենք. ոչ ոք քեզ չի խնդրում Զելենսկի դառնալ, պարզապես լռի՛ր։ Մի՛ խայտառակիր մեզ»։

Իրակլի ՃԻԽԼԱՁԵ

Ի տարբերություն իշխանությունների դիրքորոշման, ռուսական ներխուժման օրվանից Վրաստանի ողջ տարածքում չեն դադարում գործող իշխանությանը հեռացնելու պահանջով հանրահավաքներն ու ի պաշտպանություն Ուկրաինայի ակցիաները։ Թբիլիսիի կենտրոնում՝ Խորհրդարանի շենքի առջև՝ Ռուսթավելի պողոտայում, ամեն օր հավաքվում են հազարավոր թբիլիսցիներ, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներ։ Բողոքի նման միջոցառումներ են անցկացվում Վրաստանի համարյա բոլոր քաղաքներում։ Ի դեպ, Ռուսաստանի երկու քաղաքացիներ՝ Անտոն Միխալչուկը և Ռոման Պերեվերզևը միջոցառումներից մեկի ժամանակ հրապարակավ այրեցին ռուսական անձնագրերը՝ նման ձևով արտահայտելով իրենց բողոքն ընդդեմ Կրեմլի քաղաքականության։

Իսկ վրացական իշխանությունները փետրվարի 28-ին գնացին ընդհանրապես աննախադեպ քայլի. Թբիլիսիի օդանավակայանում խոչընդոտեցին կամավորների խմբի մեկնումը Ուկրաինա… Հաջորդ օրն իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թբիլիսիից հետ կանչեց իր երկրի դեսպանին. «Անհապաղ հետ ենք կանչում դեսպանին Վրաստանից՝ մեզ օգնելու ցանկություն հայտնած կամավորներին խոչընդոտելու, պատժամիջոցների նկատմամբ անպարկեշտ դիրքորոշման համար»,- հայտարարեց Զելենսկին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ըստ էության, չհամաձայնեց վարչապետի հայտարարությանը՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ «France 24» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշելով. «Այն, ինչ կարևոր է և ինչ սպասում են Վրաստանից՝ բացահայտ համերաշխությունն է։ Իմ այցի շրջանակներում հենց դա եմ ես հղում նախագահ Զելենսկիին։ Վրաստանի բնակչությունը նույնպես շատ հստակ դա է արտահայտում»։

Այսուհանդերձ, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու գործում տեսավ իրենց քաղաքական հակառակորդի՝ «Վրաստանի միասնական ազգային շարժում» կուսակցության «ձեռքը», հայտարարելով. «Փորձեր են արվում Վրաստանը ներքաշելու… ռազմական հակամարտության մեջ։ Իհարկե, մենք դա թույլ չենք տա»։

Ինչպես այս դեպքում չհիշես հանգուցյալ Վիկտոր Չեռնոմիրդինին, որը երկար տարիներ Ուկրաինայում ՌԴ դեսպանն էր։ Չէ՞ որ նախազգուշացնում էր. «Դեռ ժամանակ կա դեմքը փրկելու։ Այլապես հետո հարկ կլինի մարմնի այլ մասերը փրկել»։

Վրաստանի իշխանությունները փաստացի ստորագրեցին իրենց դատավճիռը… Ավելի ճիշտ՝ ոչ թե դատավճիռը, և ոչ էլ ստորագրեցին։ Պարզապես ցուցանեցին իրենց անգործունակությունը։ Վարչապետի, մշակույթի նախարարի և այլոց բոլոր այն հայտարարությունները, թե ագրեսոր երկրի դեմ պատժամիջոցներին միանալ չի կարելի, ցույց են տալիս, որ նրանք կրեմլյան ռեժիմից վախեցած են (շատ կցանկանայինք հուսալ, որ «գնված» չեն)։ Անձամբ ես չեմ հավատում, թե նման դիրքորոշումը պայմանավորված է «ազգային շահերի» մասին մտահոգությամբ։ Ավելի շուտ, այն խոսում է ընդդեմ ազգային շահերի, երկրի ու բնակչության գործելու, ինչպես նաև Վրաստանի տարածքի 20%-ը խլածի, քո իսկ երկրի բնակիչներին փախստական դարձրածի առջև կապիտուլյացիայի մասին։

Կարելի է հիշել, որ 2006 թվականին ռուսական էմբարգոյից հետո հենց Ուկրաինան էր այն երկիրը, որն իր վրա վերցրեց վրացական արտահանման մեծ մասը՝ դրանով իսկ օգնելով մեր երկրին փրկելու տնտեսությունը։

2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ հենց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն էր առաջիններից մեկը, որ եկավ Թբիլիսի՝ աջակցելու Վրաստանին։

Հասկանալի է, որ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան վաղ թե ուշ շնչահատ ավարտվելու է։ Սակայն եթե անգամ ենթադրենք, թե Կրեմլին կհաջողվի գրավել և օկուպացնել Ուկրաինան, ապա հերթում հաջորդը կլինեն առնվազը Մոլդովան և Վրաստանը։ Եվ ազգային շահերի մասին Ղարիբաշվիլիի ոչ մի «մտահոգություն» չի կարողանա կանգնեցնել ռուսական տանկերին և օդուժին։

Իհարկե, պատժամիջոցներին կառավարության չմիանալը կարելի է բացատրել նրանով, որ ցանկալի չէ հրաժարվել ռուսական զբոսաշրջիկներից, ՌԴ շուկա գինի, ջուր և մրգեր արտահանելուց։ Կարելի է բացատրել նաև՝ ագրեսիայի կրկնության վախով։ Սակայն… Միջազգային պատժամիջոցներն ամեն դեպքում ստիպելու են Վրաստանի բանկային և ֆինանսական հատվածին սահմանափակելու ՌԴ հետ շփումները։ Այսպես, Ազգային բանկն արդեն հաստատեց, որ սահմանափակումներ է մտցրել ռուսական ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ։ Իսկ «ՎՏԲ բանկ Ջորջիան» Վրաստանի իր ակտիվները վաճառեց չինական «Բազիսբանկին»։

Այսօր Ուկրաինային օգնում է ամբողջ աշխարհը, Ռուսաստանին՝ ոչ մեկը, և Վրաստանի կառավարությունը որոշեց դառնալ «ոչ մեկը»։

Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի

Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» հանդեսում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031