Լրահոս
Օրվա լրահոսը

Կայսրապաշտական հույզեր՝ հաշվարկի փոխարեն

Մարտ 08,2022 09:00

Ինչ էր Ելցինը ակնկալում Պուտինից, եւ ինչու դա չստացվեց

Վերջերս բարեկամներիցս մեկն ինձ ուղարկեց մի հատված Ռուսաստանի՝ այն ժամանակ արդեն նախկին նախագահ Բորիս Ելցինի եւ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի գաղտնազերծված զրույցից: Այդ զրույցն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել 2000 թվականի գարնանը, երբ Ելցինը հրաժարական էր տվել, իսկ Պուտինը դեռ չէր ընտրվել՝ կատարելով նախագահի պարտականությունները: Քլինթոնը ՌԴ նախկին նախագահին հարցնում է Ելցինի իրավահաջորդի մասին, եւ Ելցինը, մասնավորապես, ասում է, որ Պուտինը ժողովրդավար է, լավ գիտի Արեւմուտքը եւ ժողովրդավարության ու տնտեսության առումով շարունակելու է իր՝ Ելցինի գիծը, ընդլայնելու է Ռուսաստանի կապերն այլ երկրների հետ:

Վերջին երկու տասնամյակներում ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունը ստեղծել է Ելցինի խիստ բացասական կերպարը՝ մի գործչի կերպար, որն անընդհատ զիջումներ էր անում Արեւմուտքին եւ, այսպես ասած, «ծնկի իջեցրեց Ռուսաստանը», իսկ ահա եկավ Պուտինը եւ «բարձրացրեց ծնկներից»: Սա քարոզչական կարծրատիպ է, որի ազդեցության տակ են գտնվում նաեւ հայերից շատերը: Իրականում Ելցինը, իր բոլոր թերություններով հանդերձ, իմ կարծիքով, հայրենասեր, իր երկրին նվիրված անձնավորություն էր, եւ այնպես էլ չի, որ նրա բոլոր հաշվարկները սխալ էին: Հակառակը՝ կարծում եմ, որ Պուտինն իր երկրի գլխին շատ ավելի մեծ փորձանք է բերում, քան այն զրկանքները, դժվարությունները, որոնց հանգեցրել էր Ռուսաստանի առաջին նախագահի քաղաքականությունը:

Պարզ է, որ Ելցինն իր իրավահաջորդի մասին պետք է միայն լավն ասեր ԱՄՆ նախագահին: Բայց ինձ թվում է, որ իրավահաջորդ ընտելիս նա իսկապես հույս ուներ, որ Պուտինն, ընդհանուր առմամբ, կշարունակի իր քաղաքական գիծը: Ինչի՞ վրա կարող էր հիմնված լինել նման հաշվարկը: ԿԳԲ-ի նախկին փոխգնդապետը, Գերմանիայում ծառայած եւ Սոբչակի մոտ աշխատած, պետք է որ լինի շատ զգույշ եւ հաշվենկատ, ծանոթ լինի աշխարհաքաղաքական իրողություններին եւ հասկանա, որ նոր Ռուսաստանը չի կարող ապրել աշխարհից մեկուսացած (կամ, որ նույնն է՝ որպես հավատարիմ դաշնակիցներ ունենալով միայն Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Էրիթրեան եւ կիսաքանդ Սիրիան):

Ռուսաստանը Խորհրդային Միություն չի, որ կատարելապես ինքնաբավ լինի: Բայց, մյուս կողմից, պետք է ասել, որ այն մեկուսացումը, որը «սառը պատերազմի» ժամանակ կիրառվում էր ԽՍՀՄ-ի դեմ, չի համեմատվի այն կոշտ ճնշման հետ, որն այժմ կիրառում է Արեւմուտքը ժամանակակից Ռուսաստանի դեմ: Համեմատություն կարող է լինել միայն Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների հետ: 2000 թվականին Ելցինի համար արդեն իսկ պարզ էր, որ աշխարհի գլոբալացմանը հակադրվելն անիմաստ է: Եվ նա ենթադրում էր, որ դա պարզ պետք է լինի Պուտինի համար: Մասնավորապես, համագործակցությունը համաշխարհային հսկաների հետ, Apple-ից սկսած՝ Shell-ով վերջացրած, կառուցվել է տարիներ, տասնամյակներ շարունակ. այդ կապերի դադարեցման հետեւանքները ռուսաստանցիները կզգան մոտակա ամիսներին:

Այս ամենը, հավանաբար, նկատի ուներ Ելցինը, երբ վստահեցնում էր, որ Պուտինը լավ գիտի Արեւմուտքը: Եվ 2000-ականների սկզբին Պուտինն, ընդհանուր առմամբ, համապատասխանում էր այդ կանխատեսումներին՝ նա շատ ավելի զուսպ էր, շրջահայաց, զգուշավոր, նա չէր գնում իր երկիրը վտանգող արկածախնդրությունների: Բայց ժամանակի հետ ամեն ինչ փոխվեց: Եթե համեմատենք 1999-ին ընտրված Դումայի պատգամավորներին այսօրվա օրենսդիրների հետ, ապա կտեսնենք, որ նրանք շատ առումներով տարբեր մարդաբանական տիպեր են: Պուտինի շրջապատն էլ է էապես փոխվել, եւ անգամ այն մարդիկ, որոնք թե՛ այն ժամանակ եւ թե՛ հիմա բարձր պաշտոններ էին զբաղեցնում (օրինակ, նույն Սերգեյ Նարիշկինը), ինքնուրույն մտածող մարդկանցից դարձել են վախվորած պալատականներ: Փոխվել է, բնականաբար, նաեւ ինքը՝ ՌԴ նախագահը:

Ինչո՞ւ է դա տեղի ունեցել: Ինձ թվում է, հիմնական խնդիրն իշխանության անվերահսկելիությունն է: Եթե ոչինչ չի հավասարակշռում առաջին դեմքի իշխանությանը, եթե ոչ ոք չի կարողանում նրա ձեռքը բռնել, շատ դժվար է պահպանել սթափ հայացքը, դժվար է «բազմաքայլանոց կոմբինացիաներ» մշակել: Այս պարագայում կայսրական «ֆանտոմային ցավերը» կարող են ավելի զորեղ լինել, քան կոնկրետ քայլերի կոնկրետ հետեւանքների հաշվարկը:

Իհարկե, նշանակություն ունեն նաեւ հասարակական տրամադրությունները. ռուսաստանցիների մեծ մասի համար Ուկրաինա պետություն գոյություն չունի. դա մի տարածք է, որն ինչ-որ պատմական պատահականության պատճառով, ժամանակավորապես գտնվում է իրենց վերահսկողությունից դուրս: Այստեղից է գալիս այն թյուր համոզմունքը, որ Ուկրաինայում իշխանության գլխին են «նացիստները», «բենդերականները», որոնցից ուկրաինացիներն ուզում են ազատվել եւ կրկին միանալ Ռուսաստանին: Բայց, երբ պետության առաջին դեմքն է ղեկավարվում այդ առասպելական պատկերացումներով, դա, կրկնեմ, խոսում է իշխանության անվերահսկելիության մասին:

Իհարկե, հակառակ կողմում էլ են ռազմավարական սխալներ թույլ տրվել. չարժեր, մասնավորապես, «երկու ոտը դնել մի կոշիկի մեջ» եւ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ՆԱՏՕ-ի հարցում: Խնդիրն այն է, որ Ռուսաստանն էլ, իր հերթին, պետք է Միացյալ Նահանգներին՝ մասնավորապես, Չինաստանի հետ տնտեսական մրցակցության մեջ (այս բոլոր իրադարձություններից Չինաստանը, կարծում եմ, շահելու է): Ռուսաստանն ու ԱՄՆ բարեկամներ, դաշնակիցներ երբեք լինի, բայց որոշ հարցերում այդ երկրները կարող են իրար փոխլրացնել: Օրինակ, «Իսլամական պետությանը» զսպելու խնդիրը ԱՄՆ-ը չկարողացավ միայնակ լուծել՝ Ռուսաստանն, իր շահագրգռվածություններն ունենալով, նպաստեց դրան:

…Ժամանակը ցույց կտա, թե ովքեր էին ավելի հաշվենկատ՝ երկու գերտերությունների միջեւ թշնամանք հրահրողնե՞րը, թե՞ համատեղ գոյության կարգավիճակ փնտրողները: Ժամանակն, արդեն իսկ, կարծում եմ, ցույց է տալիս:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, ԱՄՆ-ն երբեք չի հանդուրժելու ինքնիշխան Ռուսաստանի կամ այլ երկրի օրինակ ինքնիշխան Ճապոնիայի գոյությանը։ Հետեւաբար Ռուսաստանը պետք է ընդուներ վասալությունը և մասնատումը(շատ մեծ է դրսից կառավարելու համար) կամ էլ պայքարեր։ Այդ պայքարից բոլորն են տուժելու, հատկապես մենք, ինքնավարության կորստից մինչև բնաջնջման կարող ենք ենթարկվել։

  2. Հայկը իրավացի է:
    Հայկը իրավացի է: 2000 թվի գարնանը Կլինտոնի անհաշվենկատ լինելը բերեց ծնկի ԱՄՆ-ը: Այսօր Զելենսկուն իշխանության բերողները շարունակում են քաղել պտուղները այն ժամանակ ԱՄՆ-ում ցանած սերմերի: Պատահական չէ որ Բլինկեն-Զելինսկի ակտիվածումը տեղի ունեցավ Ա. Մերկելի թոշակի գնալուց անմիջապես հետո` Եվրոպան թուլացել է: Այո, Պուտինին փորձում են մեկուսացնել: Բայց կա Հնկաստան, Չինաստան, …
    Ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ը մեզ, հայերիս, համար ընկեր-բարեկամ չեն: Նրանք ընկեր-բարեկամ են փող ունեցողի հետ` սա էլ մեզ ճիշտ հաշվարկ անելու համար: Ռուսաստանն էլ մեզ ընկեր-բարեկամ չէ, բայց ռուսները պահպանել են որոշ պատկերացումներ հավերժական արժեքների մասին: Սրանով նրանք գերադասելի են: Այս 10 օրում այնքան թաթերական ներկայացումներ տեսանք որոնք համարյա պատճեն են վերջին այս աշխարհամասում 20 տարվա պատերազմների: Պատահակա՞ն է որ Զելինսկին դերասան է:
    Եթե կամենում եք`, պայքարը գնում է հոգևոր արժեքների և արժեքազրկված գաղափարների միջև: Եվ մի վախեցեք “կայսրություն” բառից` զելենսկիները, նիկոլները… ծառաներ են ոչ թե ժողովրդի այլ կայսրների, ոսկի ու փող պաշտող կայսրների:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031