ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վերջին օրերին Ադրբեջանի ռազմատեղեկատվական աղբյուրները կեղծ լուրեր են տարածում հայ-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին։ Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունները և, միաժամանակ, հող նախապատրաստել հաջորդող արարքների ու սադրանքների համար։
Մարտի 6-ին Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներով կրակոցներ էր արձակել ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ուղղությամբ, իսկ այսօր՝ մարտի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն հատվածում կիրառվել է ականանանետ, արձակված արկերը պայթել են գյուղի գերեզմանոցի հարևանությամբ։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Նկարագրված գործողություններին զուգահեռ ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է Արցախում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերին և հատկապես հրամանատարական կազմին վարկաբեկելու և զրպարտելու գործին։
Կարդացեք նաև
Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր գործողությունները և ռուս խաղաղապահներին ուղղված զրպարտանքները կրում են համակարգային և ուղղորդված բնույթ, կազմակերպվում են ադրբեջանական իշխանությունների իմացությամբ և նրանց հրահանգով։
Արձանագրվող բոլոր դեպքերը կրկին ապացուցում են ադրբեջանական կողմի ուղիղ և անառարկելի դիտավորությունը՝ խաթարելու Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության բնականոն կյանքը և էթնիկ զտման ենթարկելու Արցախը»։