Բռնցքամարտի Հայաստանի մինչեւ 22 տարեկանների տղաների եւ աղջիկների հավաքականները մարտի 11-ի գիշերը կմեկնեն Խորվաթիա՝ մասնակցելու այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:
Այսօր բռնցքամարտիկները բաց մարզում անցկացրին լրատվամիջոցների առջեւ, որի ընթացքում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարեց այն մարզիկների անունները, որոնք Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում: Նրանք են. 48 կգ՝ Գայանե Տեր-Բարսեղյան, 52 կգ՝ Արեւիկ Դոխոյան, 60 կգ՝ Էլիդա Քոչարյան, 48 կգ՝ Սեյրան Եղիկյան, 51 կգ՝ Հենրիկ Սահակյան, 54 կգ՝ Էրիկ Թոխյան, 57 կգ՝ Ռուսլան Ասլիկյան, 60 կգ՝ Արթուր Սահակյան, 63,5 կգ՝ Արթուր Շահբազյան, 67 կգ՝ Հարություն Հակոբկոխյան, 71 կգ՝ Նարեկ Զաքարյան, 75 կգ՝ Վախթանգ Հարությունյան, 80 կգ՝ Գոռ Ներսիսյան, 86 կգ՝ Հենրիկ Ճղրիկյան, գերծանր քաշային կարգ՝ Հովհաննես Փափասզյան:
Կարեն Աղամալյանը մեր հետ զրույցում ասաց. «Երկու հավաք ենք անցկացրել, մեկը՝ Ծաղկաձորում, երկրորդը՝ Երեւանում, «Օլիմպավանում», որը երկու օրից ավարտում ենք: Թիմերը լավ պատրաստվել են եւ այսօր բռնցքամարտիկներն այն մարզավիճակում են, որում պետք է լինեն: Մենամարտերը սկսվելու են մարտի 13-ին, ու մեր սաները այդ օրը կգտնվեն մարզավիճակի գագաթին: Տրամադրությունը մարտական է: Հուսով եմ, իրենց Խորվաթիքայում լավ կդրսեւորեն»:
Կարդացեք նաև
Կարեն Աղամալյանը նշեց, որ հավաքականում կան բռնցքամարտիկներ, որոնք արդեն որոշ տիտղոսներ, հետեւաբար, միջազգային մրցումների փորձ ունեն, ինչպես նաեւ կան այնպիսիք, որոնք առաջին անգամ են մասնակցելու: Այդուհանդերձ, մարզիչը վստահ է, որ Եվրոպայի առաջնությունում մեդալներ կլինեն, իսկ թե քանիսը եւ ինչ որակի, ռինգը ցույց կտա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ