Տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը
Այսօր՝ մարտի 7-ին, Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի 2022 թվականի առաջին նիստը, որը կազմակերպվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ։
Նիստի ընթացքում քննարկվել է Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները:
Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ տկն․ Սիլվիա Մեստրոնին:
Կարդացեք նաև
Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ, արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ Անչափահասների արդարադատության խորհուրդն, արդեն իսկ հասցրել է դառնալ միջգերատեսչական քննարկումների համար հարթակ՝ բարձրաձայնելու ոլորտային տարբեր խնդիրներն ու նախանշելու դրանց լուծման ուղիները: Վերջինս կարևորել է օրակարգում ներառված հարցերը՝ նշելով, որ համատեղ քննարկումը հնարավորության կտա թիվ 1 հատուկ կրթահամալիրի վերակազմակերպման հնարավորություններն առավել ամբողջական դիտարկել։ Հակասոցիալական վարք դրսևորող երեխաների հետ աշխատանքը պետք է լինի ավելի հասցեական, թիրախավորված և միտված երեխայակենտրոն մոտեցումների ամրապնդմանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համատեքստում ներառականության ապահովման անհրաժեշտությունը բոլոր երեխաների համար, ինչպես նաև առաջարկել է կրթահամալիրի վերակազմավորման շրջանակում առաջնորդվել այդ մոտեցումներով։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ընդգծել է ներառական կրթության կարևորությունը և բազմամասնագիտական մոտեցման անհրաժեշտությունը՝ համայնքներում երեխաների կոնկրետ կարիքները հաշվի առնելով նրանց լավագույն շահերին համապատասխանող ծառայություններ մատուցելու համատեքստում։
Նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը, ով ներկայացրել է միջազգային փորձը վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի մոդելների վերաբերյալ, ինչպես նաև ոլորտի վերաբերյալ առաջարկություններ՝ հիմնվելով ուսումնասիրությունների վրա:
Նիստի ընթացքում ոլորտի շահագրգիռ կառույցների մասնակցությամբ քննարկվել է ներկայացված մոդելների կիրառման հնարավոր դժվարություները և իրակացման առկա ռեսուրսները:
Միջոցառման ավարտին որոշում է կայացվել ստեղծել Անչափահասաների արդարադատության խորհրդի անդամներից բաղկացած նեղ կազմով աշխատանքային խումբ, որը կդիտարկի վերակազմակերպման հնարավոր տեսլականը, և խորհրդին կներկայացնի հստակ առաջարկներ։
Նիստին հրավիրված էին Անչափահասաների արադարադատության խորհրդի պետական, միջազգային և հասարակական, ինչպես նաև թեմային առնչվող շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն