Կալանավայրում գտնվող «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը «Հայելի» ակումբում պատմեց իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին: «Ունենք նախաքննության ավարտ, բայց չունենք հանցակազմ: Սա ակնհայտ երեւում է գործի նյութերից: Ինչ վերաբերում է պարոն Իսագուլյանի առողջական վիճակին, այնպես չի, որ լավ է: Զարկերակային ճնշումը մինչեւ 210-220 աստիճան բարձրանում է, ինչին ՔԿՀ բուժկենտրոնը շատ արագ արձագանքում է, հետամուտ լինում: Ես այդ մասով չեմ կարող ասել, որ մենք խնդիրներ ունենք, որովհետեւ պարոն Իսագուլյանը տարբեր հետազոտություններ է անցել եւ հիվանդություն է հայտնաբերվել: Այդ հիվանդությունը նախկինում էլ կար, բայց սրացում է հայտնաբերվել, ինչի հետ կապված դեղամիջոցներ են նշանակվել, որոնք մուտք ենք անում, իրենք էլ են տալիս:
Այդ հիմքով գրավի միջնորդություն էի ներկայացրել առաջին ատյանի դատարան: Բայց չգիտես ինչու այն կրկին մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին, որն այնպիսի ձեւակերպումներով է մերժել գրավի իմ միջնորդությունը, որ կրկին պետք է ասեմ, իրավաբանության հետ ոչ մի աղերս չունի:
Ի՞նչ խնդրի առջեւ ենք հիմա կանգնած: Դատարանները ըստ էության Գառնիկ Իսագուլյանին անմարդկային վերաբերմունքի են արժանացնում՝ խախտում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն իր մեջ խոշտանգման տարրեր է պարունակում: Մարդը ունի հիվանդություններ, իսկ այդ հիվանդություններն ինքն իր հետ տնից չէր բերել: Նրա տարիքում այդ հիվանդություններով Նուբարաշենի նման ՔԿՎ-ի պայմաններում անազատության մեջ լինելը անցանկալի է: Անգամ ցանկացած այլ անձի համար ցանկալի չէ, որքան էլ այդ հիմնարկը վերանորոգում են»,- ասաց Աննա Ծառուկյանը:
Փաստաբանը կասկածներ ունի, որ Գառնիկ Իսագուլյանին դիտավորությամբ են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում յոթ օր կարանտինում պահելուց հետո բերել «Նուբարաշեն» ու կրկին յոթ օր կարանտինային՝ միայնության, մեջ պահել, ինչը կրկնակի պատժի տարրեր է պարունակում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ