Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Մեր վտանգները շատ ավելի տեսանելի են դառնում»

Մարտ 07,2022 19:44

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսեց Հայաստանի վրա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հնարավոր անդրադարձերի մասին:

«Երբ աշխարհում կա անհանգստություն, աշխարհի ցանկացած այլ հատվածում, որտեղ կան հակամարտություններ, դրանք օբյեկտիվորեն դառնում են շատ ավելի վտանգավոր: Սա ընդհանուր առմամբ: Այս հակամարտությունում, որ Արեւելյան Եվրոպայում ընթանում է, ակնհայտ է, որ դրա դերակատարները միայն Ուկրաինան եւ Ռուսաստանը չեն: Ներգրավվածությունը բազմակողմ ու բազմաշերտ է եւ դրանք վտանգ են ներկայացնում բոլոր հակամարտությունների համար: Իսկ հատկապես մեր համար, առավել զգայուն է եւ վտանգավոր, որովհետեւ կոնֆլիկտի հիմնական դերակատարներից մեկը ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի մեր ռազմավարական գործընկերներից մեկն է: Այսինքն, հիմա ստացվում է, որ ՀԱՊԿ-ի առանցքային անդամ երկրներից մեկը գտնվում է ռազմական հակամարտության մեջ, իսկ Հայաստանը նախագահում է այդ կազմակերպությունում: Իսկ Հայաստանի արձագանքը այս իրավիճակում այն է, որ մարտական գործողությունները սկսվելու օրը Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ կիսապաշտոնյա Ալեն Սիմոնյանը ԶՈՒ ԳՇ պետին եւ նրա տեղակալին, ԶՈՒ շտաբի  առանցքային այլ պաշտոնյաների պաշտոնազրկել է: Եվ այս պահի դրությամբ մեր Զինված Ուժերը գլխատված են այն պարագայում, երբ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: Դրան, եթե ավելացնենք մի քանի այլ գործոններ, մեր վտանգները շատ ավելի տեսանելի են դառնում:

Արցախի պաշտպանության բանակը, ըստ էության գնում է ապառազմականացման ճանապարհով, ինչը Իլհամ Ալիեւի առաջնային պահանջներից մեկն էր կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո: Այսինքն, եւս մեկ ամառային զորակոչ եւ զորացրում, ու վերջին ժամկետային զինծառայողը կլքի Արցախի պաշտպանության բանակը, որը չի համալրվում: Արցախում ապրող մեր հայրենակիցները հիմա ուղղակի վտանգված են, որովհետեւ նրանց պաշտպանությունով այլեւս ոչ ոք չի զբաղվել: Ռուս խաղաղապահները Արցախի պաշտպանության խնդիր չունեն: Նրանք ունեն խաղաղապահ առաքելություն իրականացնելու խնդիր: Նման ռազմական հակամարտության պարագայում մեր հայրենակիցների կյանքը, ուղղակի ֆիզիկական գոյությունը վտանգված է: Դրա հետ միասին ընթանում են աշխահաքաղաքական գործընթացներ, որոնց ըստ էության Հայաստանը չի մասնակցում: Միակ վերաբերմունքը  այս խոշոր գլոբալ կոնֆլիկտին  Հայաստանից եղել է Նիկոլ Փաշինյանի  ելույթը Դիվանագետի օրվա 30-ամյակի կապակցությամբ, որտեղ նա ընդամենը ցավ, կարեկցանք եւ այդ կարգի հումանիստական զեղումներ էր արտահայտում: Այսինքն, քաղաքական դիրքորոշում գոյություն չունի, քաղաքական գործընթացներին Հայաստանը որեւէ կերպ մասնակցություն չունի»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031