Մարտի 8-ից կինոէկրաններին կլինի «Վերադարձ» հայ-կիպրական համատեղ արտադրության կինոնկարը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Կիպրոսում: Ֆիլմ այն մասին է, թե ինչպես են հայրենիքի եւ սիրած աղջկա հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրվածությունը ստիպում սփյուռքում ծնված եւ մեծացած երիտասարդին գնալ անձնազոհության։ Ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Գլխավոր դերակատարը կիպրոսաբնակ դերասան Յուրի Մելիքովն է, ռեժիսորը՝ Արման Գեւորգյանը,սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը:
Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ալեքսանդր Խաչատրյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ղամբարյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ Արսեն Լևոնյանը: «Վերադարձի» պրեմիերայից առաջ ստեղծագործական կազմը հանդես եկավ մամուլի ասուլիսով:
Ռեժիսոր Արման Գեւորգյանը չցանկացավ նախապես «փակագծեր բացել», ասաց, որ ֆիլմում երկու պատմություն է: «Երկու պատմություններն էլ իրական են, կա գեղարվեստական երանգ: Մի պատմությունը ժանրով մելոեդրամա է՝ երիտասարդ զույգի մասին: Զույգը հանդիպում է Երեւանում, երկուսն էլ Հայաստանից չեն, բայց հայ են, նրանց միջեւ սեր է ծնվում: Իսկ երկրորդ պատմությունը սիրիաբնակ ընտանիքի մասին է, որը պատերազմի պատճառով փախչում է Հայաստան: Ողջ ֆիլմի ընթացքում կինոդիտողը հետեւելու է այն ամենին, թե ինչի միջով են այդ ընտանիքի անդամներն անցում, որպեսզի գտնեն իրար: Ֆիլմում առկա երկու պատմությունները խաչվում են: Ունենք շատ պայծառ, սիրուն ավարտ՝ սիրով լի: Գլոբալ առումով՝ սա ֆիլմ է սիրո մասին. սեր մարդկանց միջեւ, հայրենիքի ու ընտանիքի հանդեպ»,-հավելեց ռեժիսորը:
Կարդացեք նաև
«Այս ֆիլմում ես ինձ եմ խաղում: Սա իմ դեբյուտն է»,-ասաց գլխավոր դերակատար Յուրի Մելիքովը: Նա ընդգծեց, որ առաջին անգամ է «մտնում» կինոաշխարհ, բայց կարծում է, որ այն երաժշտության ոլորտից հեռու չէ, քանի որ ինքը երաժիշտ է, կոմպոզիտոր:
«Այս Ֆիլմը օտար երկրում հայ մնալու, հայ զգալու եւ հայրենիքի հետ կապը չկորցնելու մասին է: Հուսամ շատ կհավանեք»,-հավելեց Յուրի Մելիքովը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ