Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) մարտի 7-ին հրապարակեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի գործով վճիռը:
Aravot.am-ի հետ զրույցում Վահան Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց՝ դատարանը Վահան Բադասյանին մեղավոր ճանաչեց ՔՕ 301-րդ հոդվածով և որոշեց տուգանել 300.000 դրամով: Արայիկ Պապիկյանն ասաց՝ ինչպես իրենց ճառերի ընթացքում են պնդել, համաձայն չեն մեղադրանքի հետ: Հարցին՝ բողոքարկելո՞ւ եք որոշում, Արայիկ Պապիկյանը պատասխանեց. «Պարոն Բադասյանի հետ քննարկել ենք, կբողոքարկենք որոշումը»:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն Վահան Բադասյանին ձերբակալել էր 2021 թվականի հունվարի 28-ին Եռաբլուրում հնչեցրած հայտարարությունների համար։ Վահան Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել․«Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք… այո, նաեւ զենքի միջոցով… այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում եւ գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։ Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 301-րդ հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու եւ իշխանությունը յուրացնելու կոչեր հնչեցնելու համար։
Հետաքրքրվեցինք՝ սպասո՞ւմ էին, որ դատարանը նման որոշում կկայացնի, Վահան Բադասյանը պատասխանեց. «Անկեղծորեն ասեմ՝ այո, սպասելի էր: Գործի ընթացքը դրա մասին էր հուշում: Հենց առաջին օրվանից մինչև այսօր հնարավոր բոլոր միջոցներով մշտապես մեղադրանքը պահվում էր: Ուստի պարզ է, որ այդ մեղադրանքով էլ պետք է դատական ակտ ստանային»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ո՞րն է միտումը, Արայիկ Պապիկյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ սկզբնական շրջանում միտումը հասկանում էի, որ գուցե կա քաղաքական ենթատեքստ, թե հիմա՞ ինչու են այդպես իրենց պահում, դա չեմ կարող բացատրել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ