«Այսօրվա այդ կոչում տալու ընթացակարգում եւ պաշտոնների նշանակելու ընթացակարգերում կան խախտումներ, շտապողականություն: Շտապում են, նշանակում են, հետո ազատում են պաշտոններից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Սեյրան Օհանյանի քննադատությանը, որ մարդ կա՝ այս իշխանությունների օրոք գումարտակի հրամանատարից միանգամից դարձել է բրիգադի հրամանատար՝ հակադարձել էր. «Սեյրան Օհանյանը եղել է կապիտան, ինքը ասո՞ւմ է՝ ոնց դարձավ գեներալ, չի ասում, որովհետեւ եթե այդ ընթացակարգով գնանք…Բայց պատերազմը պարտադրում էր, կոչում չունեցող, բայց արդեն ինքնուրույն գումարտակի հրամանատարը պարտադիր արագ ունենար մայորի կոչում գոնե, որպեսզի բանակաշինության մեջ մենք իրավական եւ ռազմավարական խնդիրներ չունենայինք: Բա Մանվել Գրիգորյանը դարձավ լեյտենանտից գեներալ, Սեյրան Օհանյանը կապիտանից՝ գեներալ գնդապետ»:
Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում հակադարձեց. «Հասարակ հարց եմ տալիս այն մարդկանց, որոնք այդպիսի հարցադրումներ են անում իմ մասին. օրինակ, ԶՈՒ ուղեղը գլխավոր օպերատիվ վարչությունն է: Գլխավոր օպերատիվ վարչության պետ են նշանակում գեներալ մայոր Ասրյանին, որը գալիս եւ այստեղ ներկայացնում է իրադրությունը, իրադրության ներկայացման ժամանակ միգուցե սայթաքում է ունենում ու այս ՔՊ-ականներին իմ մասին մեկ-երկու գովաբանական խոսք էր ասել՝ առանց հասկանալու իրադրությունը։ Եվ մեկ ամիս հետո այդ մարդուն պաշտոնից ազատում են: Գեներալ- լեյտենանտի պաշտոնից ազատում են եւ նշանակում են գեներալ-մայորի ավելի ցածր պաշտոնի, որից հետո մոտ 4 ամիս ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետի պաշտոնը, այսինքն՝ զինված ուժերի ուղեղը թափուր է մնում: Մի քանի ամիս նշանակած մարդուն ինչո՞ւ եք նշանակում գեներալ-լեյտենանտի պաշտոնի: Այդպիսի բաներ բավականին շատ կլինեն:
Կարդացեք նաև
Մյուս օրինակը՝ կարող եմ հարց տալ իրեն՝ ինչո՞ւ համար պատերազմական գործողությունների ժամանակ օրինականության, կարգուկանոնի պահպանման համար ուղեկցումներ, կարգավորումներ իրականացնող վարչության պատասխանատու անձնավորությունը, դեռ մեկ տարի չանցած, չքննած պատերազմի հանգամանքները՝ գեներալ մայորի կոչում եք տալիս: Օրինակ, ԶՈԻ Ռազմական ոստիկանության պետը: Մեկ տարի չի անցել:
Այսօրվա դատական իրավական համակարգը, ուժային կառույցները, դատախազությունը, ՔԿ-ն, ԱԱԾ-ն, ՀՀ ոստիկանությունը եւ ռազմական ոստիկանությունը պատասխանատու են այն մեծ խառնաշփոթի, այն «բարդակի» համար, որ տիրում էր ե՛ւ առաջին գծում, ե՛ւ հանրապետության ներսում: Դեռ իրենք պատասխան են տալու, թե ինչու խիստ միջոցներ չեն ձեռնարկել, որպեսզի փախուստը, անօրինականությունները, հետնահանջը, այդ խառնաշփոթը կանգնեցեն եւ օգնեն բանակին: Մեկ տարի չի անցել, չեն քննել ու արդեն կոչումներ են տալիս, չէ՞ որ այդ քննելու ժամանակ նրանք պատասխան են տալու»:
Երբ ասացինք, որ գեներալական կոչումներ տալ, քաղաքական նպատակներով կոչումներից զրկելը նախկին իշխանությունների օրոք էլ է եղել, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի օրոք Վաղարշակ Հարությունյանին զրկել են գեներալի կոչումից, այսինքն, չե՞ք գտնում, որ դա այդ նույն բարքերի շարունակությունն է՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Բարքերի շարունակություն չկա: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Վաղարշակ Հարությունյանը երեւի թե կոնկրետ կատարած սխալների համար է պատասխանատվություն կրել: Սա մի դեպք է, բայց ես խոսում եմ նշանակումների մասին»:
Երբ նաեւ փոխանցեցինք, որ ըստ Անդրանիկ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանն էլ այդ նույն ընթացակարգերի խախտումներով է կոչում ստացել՝ Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Մանվել Գրիգորյանը պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողությունների: Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է ու որքան էլ փորձենք նրա արժանիքները նսեմացնել, հեղինակազրկել, անընդունելի է, որովհետեւ Մանվել Գրիգորյանին շատ քչերը կարող են նմանվել: Օրինակի համար, Մանվել Գրիգորյանի պաշտպանած դիրքերը երբեւիցե չեն նահանջել, հասկանո՞ւմ եք: Յուրաքանչյուր հրամանատար իր կարողություններով, իր կազմակերպչական ջիղով, առանձնահատկություններով ունի իր հատկանիշները: Օրինակ, պաշտպանությունում իրենք շատ ուժեղ են եղել, թող չհամեմատվեն Մանվել Գրիգորյանի հետ ու տեսնեն Մանվել Գրիգորյանն այդ գեներալական կոչումները ինչքան ժամանակ հետո է ստացել ու ինչպես է վաստակել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ