Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանից տեղեկացնում են, որ այսօր կայացել է «Հանուն դիմակայուն Արցախի» խորագրով հերթական դասընթացը: Նշենք, որ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական անվճար ծրագիրը գործում է 2021 թվականի սեպտեմբերից:
Երևանի պետական համալսարանի սոցիալական աշխատանքի և տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսները պարբերաբար են Արցախում դասախոսություններ կազմակերպում՝ ոլորտին առնչվող մասնագիտական և պրակտիկ գիտելիքներ փոխանցելով տեղի շահառուներին:
Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը գոհունակությամբ է խոսել կատարվող աշխատանքների ընթացքի մասին:
Կարդացեք նաև
Դասընթացին ներկա էր «Հայ կրթական հիմնարկության» ներկայացուցիչ, բարերար Ալեք Բաղդասարյանը, որը նույնպես աջակցում է Արցախում սոցիալական ինստիտուտի զարգացմանն ու կայացմանը:
«Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման» ծրագրի ղեկավար, ԵՊՀ դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Միրա Անտոնյանն ասում է, որ նպատակ ունեն Արցախի բոլոր շրջաններում ունենալ սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոններ:
«Հիմա ջանքեր ենք գործադրում Մարտունիում բացելու ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոն: Հաշմանդամություն, ինչպես նաև ընտանեկան տարբեր խնդիրներ ունեցող անձինք կարող են օգտվել կենտրոնից, որը կօգնի բոլոր-բոլորին»,- նշել է Միրա Անտոնյանը:
Լուսանկարները տրամադրել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի մամուլի ծառայությունը