Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որեւիցե մեկին կյանքում խնդրած չկամ իմ անձնական հարցերի վերաբերյալ». Սեյրան Օհանյանի պատասխանը՝ Անդրանիկ Քոչարյանին, թե ինչպես է դարձել գեներալ

Մարտ 07,2022 17:43

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի քննադատությանը, որ մարդ կա այսօր՝ գումարտակի հրամանատարից միանգամից դարձել է բրիգադի հրամանատար՝ հակադարձել էր. «Սեյրան Օհանյանը եղել է կապիտան, ինքը ասո՞ւմ է՝ ոնց դարձավ գեներալ, չի ասում, որովհետեւ եթե այդ ընթացակարգով գնանք…Բայց պատերազմը պարտադրում էր, կոչում չունեցող, բայց արդեն ինքնուրույն գումարտակի հրամանատարը պարտադիր արագ ունենար մայորի կոչում գոնե, որպեսզի բանակաշինության մեջ մենք իրավական եւ ռազմավարական խնդիրներ չունենայինք: Բա Մանվել Գրիգորյանը դարձավ լեյտենանտից գեներալ, Սեյրան Օհանյանը կապիտանից՝ գեներալ գնդապետ»:

Aravot.am-ը այս հարցի պատասխանը փորձեց ստանալ Սեյրան Օհանյանից՝ ինչ-որ ապօրինի ընթացակարգերո՞վ եք դուք դարձել գեներալ, որ հանրությունը տեղյակ չի դրան: Նա պատասխանեց. «Ես վաշտի հրամանատարից սկսած՝ որեւիցե մի պաշտոնում նշանակվելու ժամանակ, մինչեւ պաշտպանության նախարար, որեւիցե մեկին կյանքում խնդրած չկամ ու որեւիցե մեկին կյանքում խնդրած չկամ իմ անձնական հարցերի վերաբերյալ: Իրենք նկատել եւ նշանակել են: Նույնիսկ Խորհրդային միությունում շատ կարճ ժամանակում եմ ես նշանակվել գումարտակի հրամանատարի պաշտոնին: Կապիտան կոչումով ես նշանակվել եմ փոխգնդապետի պաշտոնի, այն դեպքում, երբ որ օրինակ իմ հետ ռազմական ուսումնական հաստատությունն ավարտած 250 հոգին, պատկերացնո՞ւմ եք ԽՍՀՄ-ում տարբեր ազգությունների ներկայացուցիչների ծառայողական աճը դանդաղեցվում էր ու այդ ժամանակահատվածում ես եղել եմ երեւի թե 6-րդը կամ 7-րդը:

Այնուհետեւ ես իմ ծառայողական աճն ապահովել եմ Արցախի ՊԲ-ում ու նաեւ ՀՀ զինված ուժերում ու մարտական գործողությունների ժամանակ: Նորություն չէ, որ մարտական գործողությունների ժամանակ ծառայողական աճը այնպես է լինում, որ մարդիկ ավելի արագ տեմպերով են զբաղեցնում բարձր պաշտոններ: Դա նաեւ կախված է նրանից, որ հրամանատարներ, ղեկավարներ նաեւ շարքից դուրս են գալիս, զոհվում են:

Ես նույնիսկ վիրավորվելուց հետո, 1992-ի սեպտեմբերի 10-ին եմ վիրավորվել ու շարունակել եմ իմ ծառայությունը: Գեներալական կոչումները ես ստացել եմ մեկը մյուսից 4-5 տարի ընդմիջումներով եւ իմ ժամանակ, օրինակ,երբ մարդ նշանակվում էր գեներալական պաշտոնի, ըստ մեր «Զինապարտության եւ զինվորական ծառայության օրենքի», գեներալական պաշտոնում գեներալի կոչումների ժամանակահատված չկա, բայց մենք պահպանում էինք այդ ժամկետը, ինքը 3 տարի պետք է իրեն դրսեւորի, ծառայի, որից հետո համապատասխան կոչում տայինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031