Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերից նկատելի է ծրագրավորողների մեծ հոսք դեպի Գյումրի։ Կան նաև ռուս զբոսաշրջիկներ, որոնք եկել են փոքր-ինչ լիցքաթափվելու պատերազմի սթրեսից․ Եվրոպա գնալու փոխարեն՝ ծանոթների միջոցով գերադասել են գալ Հայաստան, հատկապես Գյումրի, որը, ըստ նրանց՝ ջերմ ու ոչ պակաս եվրոպական քաղաք է։
Մենք այցելեցինք Գյումրու կենտրոնում՝ Շիրազի փողոցում սեփական տուն վարձակալած կազանցի Բլանդեր ազգանունը կրող ամուսիններին՝ թաթարուհի Լեյսային ու Բոգդանին։ Վերջինս ռուսի, մոլդովացու ու ուկրաինացու խառնուրդ է։
Նրանք իրենց մեկ տարեկան դստեր՝ Ագաթայի հետ եկել էին Գյումրի, խնդրեցին չնկարահանել իրենց, սակայն համաձայնեցին հարցազրույց տալ՝ ձայնագրվելով։
Բոգդանը մասնագիտությամբ ծրագրավորող է, նա ասաց, որ ինքը հանրային անձ չէ և չի ցանկանում անգամ լուսանկարվել, սակայն պատրաստ է մամուլում տեղ գտնող հոդվածի հերոս դառնալ։
Կարդացեք նաև
«Մենք առաջին հերթին եկել ենք տեսնելու Հայաստանը, ծանոթներ ունենք այստեղ։
Մեր ընկերներից կան մարդիկ, որոնք գնացին Բարսելոնա, իսկ մենք ուզեցինք կտրվել մի քիչ․ անընդհատ նորություններ ենք կարդում ու շատ ենք մտահոգվում։ Հիմա Ռուսաստանից թռիչքների մեծ ընտրանի չկա։
Այնպես չէ, որ վաղուց էինք պլանավորել Հայաստան գալու, երբ սկսվեց այս ամենը (նկատի ունեն ռուս-ուկրաինական պատերազմը, հեղ․), զգացինք, որ շատ ենք հոգնած, օր օրի զգալի դարձավ հոգնածությունը ու մտածեցինք՝ երեխային էլ մի քիչ օդափոխենք, ամեն րոպե մտահոգվում ես․․․», -ասաց Լեյսան։
Ամուսիններն ասացին, որ առայժմ տաս օրով են եկել Հայաստան, կշրջեն, կծանոթանան, բայց ինչ էլ լինի՝ կգերադասեն բնակվել իրենց տանը։
Բոգդանն էլ հավելեց․ «Հայաստանն, իհարկե, շատ դուր է գալիս մեզ, այստեղ շատ հարմարավետ է, հյուրընկալ մարդիկ են՝ բարեհամբյուր ու միշտ պատրաստ են օգնելու։ Այսպես ասեմ՝ եթե իմ հարազատները լինեին այստեղ, մեզ հետ լինեին, մենք Երևանում բնակություն կհաստատեինք, մենք Երևանում շատ լավ զգացինք»։
Գյումրու Շիրազի փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը, որը նաև գիշերակացի կազմակերպման ձեռնարկատեր է (կազանցի ամուսինների՝ Գյումրի հյուրընկալվելը ևս նա էր կազմակերպել), մեզ հետ զրույցում փաստեց, որ այս օրերին հատկապես ծրագրավորողների մեծ հոսք կա դեպի Գյումրի։ Թեև, ըստ նրա, պատերազմի հենց առաջին օրվանից վարձով տրվող բնակարաններ չեն մնացել․ ռուս զբոսաշրջիկները՝ որպես հանգստի ուղղություն, ընտրել են Գյումրին։
«Իհարկե, ռուսների, բելառուսների թիվ մեկ ուղղությունը Երևանն է, որովհետև Երևանն ավելի ճանաչելի է ռուս զբոսաշրջիկների և ընդհանրապես բնակչության կողմից, սակայն ի ուրախություն մեզ և ի հաշիվ «Շիրակ» օդանավակայանի՝ մենք դեպի Գյումրի ևս ունենք բավական մեծ հոսք ռուս բնակիչների։ Դժվար է այդ մարդկանց այս օրերին տուրիստ անվանել, քանի որ նրանք հիմնականում գալիս են խնդիրների պատճառով։
Հիմնականում գալիս են IT ոլորտի մասնագետները, որոնց աշխատանքը կաթվածահար է եղել Ռուսաստանում՝ SWIFT ծառայության դադարեցման պատճառով և հիմնականում գալիս են այստեղ սեփական գումարներն ինչ-որ կերպ կանխիկացնելու, հայկական բանկերում քարտեր հանելու և այդ գումարով առօրյա խնդիրները լուծելու։
Իհարկե, ռուբլու կուրսը բավական ընկել է և նրանց ունեցած խնայողությունները՝ ռուբլու տեսքով, կարելի է ասել՝ փոշիացել են, բայց հիմնականում գործարքներն Արևմուտքի հետ դոլարով են և շատ պարարտ հող է ստեղծվել Հայաստանում, Երևանում, ինչու չէ նաև Գյումրիում ծրագրավորողների համար, նաև այստեղ աշխատանքի անցնելու առումով»,- ասում է մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ իրեն են դիմել հայկական մի քանի ընկերությունների ղեկավարներ՝ խնդրելով ծանոթացնել ՌԴ-ից եկած IT ոլորտի մասնագետների հետ, ընդհուպ պատրաստ են աշխատանքի ընդունել, համագործակցել։ Ըստ նրա, Գյումրի գալիս են բարձր որակի մասնագետներ, իսկ տեղի ընկերությունները փորձում են որսալ պահը։
Վարդան Սրտաշյանն ասում է․ «Կարևոր է, որ մենք՝ հայերս՝ տնտեսվարողներից մինչև հասարակ ժողովուրդ, վերջապես հասկանանք, որ աշխարհը կառուցված է սեփական շահն առաջ տանելու վրա և շատ կարևոր է, որ մենք առաջնորդվենք ոչ թե ոչ թե ռուսների հանդեպ ունեցած սիմպատիայով կամ ուկրաինացիների հանդեպ ունեցած դիրքորոշմամբ, այլ սեփական շահն առաջ տանենք ու կարողանանք մեր բաժին օգուտը քաղենք»։
Վարդան Սրտաշյանը նաև տեղեկացրեց, որ Գյումրիում ևս բարձրացել են օրավարձով ու ամսավճարով տրվող բնակարանների գները, օրինակ՝ Գյումրու կենտրոնական հատվածում բնակարաններից մեկը վերջին օրերին 1000 դոլարով ամսավճարի դիմաց է տրվել ռուսներին։ Սա, ըստ, մեր զրուցակցի, ռեկորդային գին է Գյումրիում։
Ըստ նրա, վարձով տրվող բնակարանների գներն ամենաքիչը Գյումրիում բարձրացել են 2-3 անգամ, մինչ պատերազմը Գյումրիում օրավարձով տրվող 2-3 սենյականոց բնակարանի գինը եղել է միջինը 10 հազար դրամ։
Մեր զրուցակցի ասելով՝ սա այն պահն է, երբ չպիտի կորցնեն մարդկային խիղճը։
«Վարձով տրվող բնակարանների գնի թանկացումը խփում է նաև մեր հայրենակիցների գրպանին, գուցե շատերը վարձով են ապրում ու տանտերերը որոշեն նրանց դուրս հանել, որպեսզի բնակարանները տան ավելի բարձր գնով։ Պիտի մարդկային որակները պահպանել, ամեն ինչ չէ, որ գումարով է որոշվում և փորձել ոսկե միջինը գտնել»։
Վարդան Սրտաշյանի փաստմամբ՝ բնակարանների վարձավճարից բացի՝ ցավալիորեն թանկացել է նաև տոմսի արժեքը, օրինակ՝ Կրասնոդարից Գյումրի տոմսի արժեքը տատանվում է մինչև 1000 դոլարի սահմաններում։
Ըստ Վարդան Սրտաշյանի, քանի որ այս աստղաբաշխական գները վնասում են նաև հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին, պիտի մտածել չվերթները շատացնելու մասին, իսկ այս հարցում պետք է քաղաքական կամք, որպեսի գնաճ չունենանք գոնե այս ոլորտում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ