ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 5-ին այցելել է Վայոց ձորի մարզի մի շարք համայնքներ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը և Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։
Սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ գյուղացիները նախարարին ներկայացրել են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները, որոնցից որպես առավել կարևոր առանձնացվել են ոռոգման ջրի մատակարարումը և գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։ Նախարարի հետ զրույցի ընթացքում խոսվել է նաև բնակարանաշինության և աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության մասին, քննարկվել են համայնքի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերը։ Համայնքի բնակիչները մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնց թվում համայնքի գյուղմթերքն արդյունավետ իրացնելու համար վերամշակման արտադրամասի ստեղծումն է։ Լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու և գյուղի կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով նախարարն առաջարկել է դիտարկել համայնքում կարի արտադրամաս և հեռավար աշխատատեղեր ստեղծելու հնարավորությունը։
Իրենց հոգսերին մոտիկից ծանոթանալու համար գյուղացիների շնորհակալական խոսքերին ի պատասխան, Վահան Քերոբյանն ասել է․ «Ես եմ շնորհակալություն հայտնում, որ ապրում եք այս սահմանամերձ գյուղում, և ոչ միայն ապրում, նաև ծառայում եք։ Ես էլ ձեզ եմ ծառայում, ու եկել եմ այստեղ՝ ծանոթանալու ձեր խնդիրներին և փորձելու գտնել դրանց լուծումները»։
Այնուհետև էկոնոմիկայի նախարարն այցելել է համայնքում պետական աջակցությամբ կառուցվող անասնաշենքը, որը պատրաստ կլինի մոտ կես տարուց։
Կարդացեք նաև
Վահան Քերոբյանը հանդիպել է նաև Շվեյցարիայից վերադարձած Կարեն Մխիթարյանի ու նրա արտաահմանցի գործընկեր Ժան Պոլի հետ և քննարկել Արենի համայնքում գլեմփինգի հնարավորությունները։ Սա կնպաստի մարզի զբոսաշրջային գրավչությանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Աղավնաձոր համայնքում Էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել խաղողագործների և գինեգործների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Վայքի քաղաքապետ Մխիթար Մաթևոսյանը։ Քննարկվել է խաղողի մթերումների արդյունավետ կազմակերպման խնդիրը, որի կարևոր բաղադրիչներից է խաղողագործների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրային հարաբերությունների կարգավորումը։ Ընդգծվել է հողային բարեփոխումների կարևորությունը։ Հանդիպման մասնակիցները մի շարք առաջարկություններ են արել, մասնավորապես կոոպերատիվների ստեղծման, տեղական գինեգործական արտադրանքի մարքեթինգի կազմակերպման, արտասահմանյան շուկաներում հայկական գինիների ճանաչելիության բարձրացման ու առաջմղման վերաբերյալ։
Վայոց ձորի այցը նախարար Քերոբյանը շարունակել է Հերհեր համայնքի բնակիչների հետ հանդիպմամբ, որի ընթացքում որպես կարևորագույն հարց նույնպես նշվել է ոռոգման խնդրի կարգավորումը, շեշտադրվել ճանապարհաշինությունը։ Անդրադարձ է եղել նաև համայնքում հեռանկարային ուղղությունների զարգացման հարցերին։ Նախարարին ներկայացվել է համայնքի ներդրումային ծրագիր։
«Հերհերի բնակիչները շատ տպավորիչ էին, բոլորը գրագետ, աշխատասեր, մեր երկրի խնդիրները խորությամբ հասկացող ու լավատես։ Ի դեպ, միակ գյուղն էր, որտեղ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ կին կար։ Կարծում եմ, որ այսուհետև նման հանդիպումներին պետք է պնդել կանանց հավասար մասնակցությունը», – նշել է նախարարը։
Վահան Քերոբյանը համայնքների գյուղացիների հետ խոսել է երկրի պարենային անվտանգության ապահովման կարևորության մասին և հորդորել հնարավորինս շատ հող մշակել։
Կարմրաշեն համայնքում Վահան Քերոբյանն այցելել է խոշոր անասնաշենք, որտեղ պահվում են շուրջ 200 գլուխ «աբերգին անգուս» ցեղի խոշոր եղջերավոր կենդանիներ։ Նախարարը ֆերմերներին ներկայացրել է անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը և հորդորել օգտվել այդ ծրագրերից։
Էկոնոմիկայի նախարարի՝ Վայոց ձորի մարզ կատարած այցի վերջին կանգառը Ջերմուկ քաղաքն էր, որտեղ հանդիպում էր կազմակերպվել համայնքի ավագանու, առողջարանային, հյուրանոցային և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։ Քննարկվել են Ջերմուկի խնդիրները և զարգացման հնարավորությունները։ Որոշելու համար, արդյո՞ք Ջերմուկը դիտարկել որպես առողջարանային զբոսաշրջության, երիտասարդ զբոսաշրջիկների քաղաք, թե՞ կան այլ՝ զարգացման առավել հեռանկարային ուղղություններ, Վահան Քերոբյանն առաջարկել է խորհրդատվական ընկերության աջակցությամբ վերլուծություն իրականացնել։ Քննարկվել են նաև Ջերմուկի առողջարանների ակտիվ աշխատանքային սեզոնի երկարաձգման, քաղաքի ենթակառուցվածքների զարգացման, սպասարկման ոլորտի որակի բարձրացման հարցերը։ Նշելով, որ վերջին շրջանում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ և ընկերություններ տեղափոխվում են Հայաստան՝ այստեղ աշխատելու նպատակով, նախարարն առաջարկել է դիտարկել վերջիններիս համար նաև Ջերմուկում հարմարավետ պայմաններ ստեղծելու տարբերակը՝ կիրառելով մարքեթինգային տարբեր գործիքներ և բարձրացնելով քաղաքի գրավչությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն