Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը սպասարկվելու է ԱՄՀ-ի և ՀՀ-ի նամակ-համաձայնագրով

Մարտ 07,2022 16:51

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 7-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից դեռեւս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)՝ ուղղված տնտեսական հիմնարար եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Ծրագրի երկրորդ վերանայման շրջանակներում ԱՄՀ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ ծրագրի նպատակայնությունը փոխելու եւ Պահուստային ծրագրի ներքո հասանելի միջոցները օգտագործելու նոր կորոնավիրուսային համավարակի հետեւանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով: Արդյունքում, 2020թ. մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՀ-ի միջեւ ստորագրվել է «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը, որով հասանելի են դարձել ընդհանուր առմամբ շուրջ 231.656 մլն ՀՓԻ (315 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ:

2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին տեղի են ունեցել Պահուստային ծրագրի չորրորդ եւ հինգերորդ համատեղ վերանայումները, որոնց արդյունքներով հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ բյուջետային միջոցներ: Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը 2021թ. նոյեմբերի 19-ին «Մտադրությունների նամակ»-ով դիմել է ԱՄՀ-ին՝ հասանելի միջոցները որպես բյուջետային աջակցություն ներգրավելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Նամակ-համաձայնագրով ստացվելիք վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում, եւ վարկն ուղղվելու է ՀՀ 2022թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Փաստաթղթի վավերացումը փոխկապակցված է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հետ: Նշվել է նաեւ, որ նամակ-համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին Պահուստային ծրագրի ներքո 51.428 միլիոն ՀՓԻ համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրել: Այն մարվելու է 5 տարվա ընթացքում:

Նամակ-համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքին համապատասխան վավերացման կամ հաստատման ներպետական ընթացակարգերի ավարտելու մասին ՀՀ ԱԳ նախարարության համապատասխան գրությունը ստանալուց եւ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱՄՀ-ին ծանուցելուց հետո:

Մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հարակից խոսքում կարեւորելով օրենքի նախագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել: Հանձնաժողովականները նախագծին տվել են դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031