Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին պաշտոնյաների հետ էլ եղել են աշխատելաոճի հետ կապված խնդիրներ. Վազգեն Ռշտունի

Մարտ 07,2022 16:37

«Պետք է սպասենք ԲԴԽ-ի որոշմանը, ամեն դեպքում, միջնորդությունների բավարարման տեսանկյունից որեւէ խնդիր չենք տեսնում: Առաջիկայում կլինի որոշումը եւ բոլորը կկարողանան գնահատել այն»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը՝ ԲԴԽ-ն շարունակեց Վազգեն Ռշտունու գործի քննությունը: Ինչպես հայտնի է՝ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթի միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ Վազգեն Ռշտունու նկատմամբ՝ նրան պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով: Նախարարը կարգապահական վարույթը հիմնավորել է, թե դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործերը վերամակագրման է հանձնել:

Վազգեն Ռշտունին ասաց, որ իր աշխատելաոճը երբեք պայմանավորված չի եղել այս կամ այն պաշտոնատար անձին հաճոյանալու համար որոշումներ կայացնելով. «Դա պետք է լինի յուրաքանչյուր դատավորի համար գործելաոճ: Նաեւ նախկին պաշտոնատար անձանց հետ աշխատելաոճի հետ կապված նույնպես եղել են խնդիրներ, ոչ բարյացակամ մոտեցում իմ նկատմամբ, սակայն այդ ամենն ինձ չի կաշկանդել՝ իմ գործելակերպը նույն կերպ շարունակելու»:

Ասաց նաեւ, որ նախկին իշխանության ժամանակ իր նկատմամբ այսպիսի վարույթներ չեն եղել:

Հարցին՝ ինչո՞ւ չի ներկայացել դատավորների ընդհանուր ժողովին, դատավոր Վազգեն Ռշտունին ասաց, որ անպայման կգար, բայց մի փոքր ուշացել է եւ, երբ գործընկերներից ճշտել է, որ քվորում չկա՝ այլեւս չի էլ եկել: Նա չցանկացավ գնահատական տալ՝ ինչու մյուս գործընկեր դատավորները չէին ներկայացել ժողովին. «Ցանկալի կլիներ, որ այսօր մենք ունենայինք դատավորների ընդհանուր կայացած ժողով եւ կարողանայինք քննարկել օրակարգում ընդգրկված կամ թեկուզ՝ դատական իշխանության աշխատաոճին, անկախության վերաբերյալ հարցեր»:

Այսօր ԲԴԽ-ում կարգապահական վարույթի քննությունը շարունակվեց, եղան եզրափակիչ ելույթներ, որից հետ խորհուրդը գնաց խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի հաջորդ նիստին՝ մարտի 17-ին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031