Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Իշխան Սաղաթելյանը կհանձնի իր ծառայողական մեքենան ու կներկայացնի, որ ուզում է սեփական մեքենայով մտնել ԱԺ տարածք՝ կքննարկենք, գուցե թույլ տանք». Վահան Նարիբեկյան

Մարտ 07,2022 16:13

Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդաշարի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, երբ հարց եղավ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի ծառայողական մեքենայի մասին՝ ասաց, որ նա փորձել է հրաժարվել ծառայողական մեքենայից, ու իր անձնական մեքենան վարել. «Իշխան Սաղաթելյանի մեքենան շատ ավելի բարձր կարգի է, քան ծառայողական մեքենան, բայց ԱԺ-ից թույլ չեն տվել համարները դնել Սաղաթելյանի մեքենայի վրա»: Առանց այդ համարների Սաղաթելյանը չի կարող մեքենայով մտնել ԱԺ տարածք:

Այս առնչությամբ մենք ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանից պարզաբանում խնդրեցինք՝ ինչո՞ւ թույլ չեն տալիս նման խնայողություն անել ու Սաղաթելյանի ծառայողական մեքենան հետ վերցնել: Նա պատասխանեց. «ԱԺ աշխատակազմը չի մերժում, դա օրենքով ամրագրված է, որ ամեն մեքենա պետք է ունենա իր պետհամարանիշը։ Իսկ որպեսզի ձեր ասած դեպքով համարանիշը տանք ինչ-որ անհատի, կամ թեկուզ պատգամավորի, մենք չենք կարող, որովհետեւ օրենքն է արգելում»:

Վահան Նարիբեկյան

Դիտարկմանը՝ մարդը հանրային միջոց չի ուզում ծախսի, ուզում է վարել իր անձնական մեքենան, մի՞թե չի կարող լինել նման դեպքերի համար որեւէ կարգավորում՝ Նարիբեկյանը պատասխանեց. «Հիմա ձեզ հարց եմ տալիս՝ մեքենայի պետհամարանիշը, մեկ ել մեքենայի մակնիշը իրար հետ եթե չեն բռնում, ո՞նց կլինի, խախտում կլինի միանշանակ: Տեխանձնագրի մեջ գրվում է մեկ համար, բայց մեքենան ուրի՞շ է»:

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ լուծում եք դուք առաջարկում, ստացվում է, որ եթե պաշտոնյան նույնիսկ ուզենա հրաժարվել ծառայողական մեքենայից, չի կարող, հնարավոր չի՞ թույլ տալ ԱԺ փոխնախագահին իր անձնական մեքենայով մտնել ԱԺ տարածք՝ նա պատասխանեց. «Դա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Ես դրան հիմա չեմ կարող պատասխանել, որովհետեւ կա կանոնակարգ, որի համաձայն՝ մենք տրամադրում ենք մեքենան իր պետհամարանիշով: Դա պետք է հանձնի, երբ որ կհանձնի, անձնական մեքենան կներկայացնի մեզ, որ ես մտնելու եմ իմ անձնական մեքենայով, մենք այդ ժամանակ կքննարկենք, միգուցե եւ թույլ տանք»:

Հարցի՝ն մինչ այս եղե՞լ են դեպքեր, երբ ձեզ տրամադրել են իրենց անձնական մեքենայի պետհամարանիշը ու մտել են ԱԺ տարածք՝ Վահան Նարիբեկյանը պատասխանեց, որ ոչ: Հիշեցրինք, որ ժամանակին Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանն այդպես անում էին՝ Նարիբեկյանն արձագանքեց. «Դուք ճիշտ եք ասում, ժամանակին նման բաներ արվել են։ Հիմա չի կարելի: Դա համարվում է խախտում»:

Նարիբեկյանը կրկնեց, որ երբ Իշխան Սաղաթելյանը կհանձնի իրեն ամրակցված ծառայողական մեքենան ու կներկայացնի, որ այսուհետեւ ուզում է սեփական մեքենայով մտնել ԱԺ տարածք՝ սեփական համարանիշներով, այդ հարցը կքննարկեն ու եթե ռեժիմով նախատեսվում է նման բան՝ կթույլատրեն:

Նա նաեւ ընդգծեց, որ ծառայողական մեքենայի համարանիշը ՀՀ-ում առավելություն չի տալիս որեւէ մեկին, որովհետեւ եթե տեսնենք HH01 համարով մեքենա, որը ՃՏՊ խախտում է անում ու պետավտոտեսուչը ակտ չի կազմում, կարող ենք ահազանգել, որովհետեւ ՀՀ բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031