Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը չգիտակցեց, որ պիտի հրաժարվել այս իշխանությունից». Սամվել Թադեւոսյան

Մարտ 07,2022 15:46

«Մի հին ճշմարտություն կա, որը ձայնում է՝ եթե ներեմ, էլի կանես: Մեր ժողովուրդը, մտավորականները, մշակույթի մարդիկ հանդուրժեցին այս իշխանությանը, ծափերով բերեցին՝ հույս ունենալով, որ կթոթափեն նախկին զրկանքները, վատ կյանքը, քաղաքական անհամաձայնությունը, եւ կդառնանք նորմալ երկիր՝ ինչպես խոստանում էր վարչապետը՝ իշխանության ղեկը իր թիմով իր ձեռքը վերցնելիս: Բայց ինչպես տեսնում ենք, կանգնեցինք աղետի առաջ, կորցրինք Արցախ աշխարհի 75 տոկոսից ավելին, 5000 եւ ավել ցավագին կորուստներ տվեցինք, էլ չեմ ասում անհաշիվ հաշմանդամ երիտասարդներ ունեցանք»,-«Հայելի» ակումբում նշեց ռեժիսոր, արցախյան պատերազմի թեմայով ֆիլմերի հեղինակ Սամվել Թադեւոսյանը:

Նրա խոսքով. «Սա հանդուրժված իշխանություն է… Ցավալին էլ այն է, որ ժողովուրդը չգիտակցեց, որ պիտի հրաժարվել այս իշխանությունից: Երկրորդ անգամ ընտրությունից հետո նորից ընտրեց նույն իշխանություններին: Իսկ ինչու ընտրեց…Որովհետեւ այս ժողովուրդն այնքան վիշտ ու տառապանք զոհեր տեսավ, որ մի տեսակ դարձավ տկար եւ անուժ: Այդպես լինում է, որ մարդկային որոշ խմբերի համար միեւնույն է լինում ամեն ինչ, որովհետեւ նախորդ փորձը եւ նախորդ ճիգերը որեւէ բան շտկելու համար՝ ապարդյուն են անցել: Իսկ երկրի վարչապետը շարունակ հպարտանում է, թե ստացել է ժողովրդի քվեն, ուստի ինչ ուզենա կանի»:

Ռեժիսորն ընդգծում է. «Ես դրա հետ համաձայն չեմ, ինչ է նշանակում՝ ինչ ուզենալ, անել: Մի քանի դեպքեր եղել են, մեր երկրի առաջնորդներն անհավատալի նվիրվածություն են ունեցել երկրի ճակատագրին, ապագային, տնտեսությանը, գիտությանը, մշակույթին… Բացառիկ դեպքեր եղել են, այո…Ըստ իս, բոլոր այն իշխանավորները, որ կանգնած են իշխանության գլխին, ունեն մեկ պարտավորություն՝ ծառայել հայրենիքին եւ հայրենիքի խնդիրները լուծելուն: Դա քաղաքական մշակույթի հարց է, մինչդեռ մեզանում ամբողջ կռիվը գնում է այն բանի համար, թե ճոխ բազկաթոռի վրա ով պիտի նստի: Այդ մրցավազքի մեջ էլ ամեն ինչ ոչնչանում է՝ եւ նվիրվածություն, եւ հայրենիքին ծառայելու տենդ ու կամք, ամեն ինչ փոշիանում է: Եթե խնդիրը զուտ այն է, թե ով պիտի լինի վարչապետ ու նախագահ, ամեն բան խեղվում է այս ճանապարհին: Բոլոր հեղաշրջումների, հեղաբեկումների ու պայքարների արդյունքն այն է, որ ժողովուրդն առողջանա, առողջ իշխանություն ունենա, սակայն մեզ մոտ դա չկատարվեց, ու մենք ձախողվեցինք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031