Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդական Անի Մխիթարյանը (լուսանկարում) մարտի երեքին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարությունից:
Հետաքրքրիրն այն է, որ Մխիթարյանի դիմումը համընկավ 168.am-ի հրապարակմանը, որտեղ լրատվամիջոցը հղում էր տվել վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի այն հրապարակմանը, թե այս քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված եւ խմբի գործունեության ընթացքում պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձինք այլեւս չեն զբաղեցնում իրենց զբաղեցրած պաշտոնները:
Անի Մխիթարյանը մինչեւ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելը՝ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետն էր: Այսօր ավելի ուշ հայտնի դարձավ, որ Անի Մխիթարյանը ներկայացվել է ՄԻՊ աշխատակազմին։
Aravot.am-ը զրուցեց վերջինիս պաշտպան Հովսեփ Սարգսյանի հետ, նախ հետաքրքրվեց՝ արդյոք նոր պաշտոնի չի անցնում իր պաշտպանյալը:
Կարդացեք նաև
«Վարույթ իրականացնող մարմինը դեռեւս մեկ եւ ավելի տարի առաջ ԶԱԳՍ-ի գործակալության պետի պաշտոնում պաշտոնավարման դադարեցման որոշում էր կայացրել։ Մենք բողոքարկել էինք ու դատարանը վերացրել էր այդ որոշումը, այսինքն՝ դատարանը գտել էր, որ վարույթ իրականացնող մարմինն առնվազն խախտել է Անի Մխիթարյանի իրավունքները, շատ լուրջ կերպով է խախտել։ Իրենք բերեցին նաեւ վերաքննիչ բողոք, նաեւ վերաքննիչ բողոքը չբավարարվեց… Դեռ այն ժամանակ դատական համակարգում այնքան ձգձգեցին իմ բողոքի քննարկումը, մինչեւ մարդը զզվեց ու աշխատանքը փոխեց… Ես այս պահին չգիտեմ՝ ինչ աշխատանքի է անցնելու։ Մարդը, իհարկե, կաշխատի, բանիմաց իրավաբան է, երիտասարդ է, իհարկե, կաշխատի, այս երկրին ու պետականությանը պետք է… Մենք մոռանում ենք անմեղության կանխավարկածը։ Մեր պրակտիկայում ինչքան մարդ է արդարացվում հանիրավի դատապարտվելու, հանիրավի մեղադրանքների պայմաններում։ Իրավունքներն աջ ու ձախ խաթարվում են։ Դուք վստա՞հ եք, որ քննիչներն այդքան օբյեկտիվ ու օրինական են եղել։ Ես ձեզ կարող եմ ասել՝ օբյեկտիվ ու օրինական չեն եղել ու կփաստարկեմ ամեն ձեւ՝ թե իրավական, թե փաստակազմի առումով»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ըստ նախաքննության, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը և նույն գործակալության ապոստիլի և միջազգային պայմանագրերի բաժնի պետ Ալբերտ Վիրաբյանը, տեղեկացված լինելով, որ յուրաքանչյուր երեխայի որդեգրման համար Անուշ Գարսանցյանին փոխանցվում է Հայաստանի Հանրապետությունում երեխաների որդեգրման գործընթացի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ծախսերի, ինչպես նաև գործընթացների իրականացման համար առաջացած անհրաժեշտ այլ ծախսերի համար պահանջվող գումարների չափերից ակնհայտորեն բարձր գումարներ, գիտակցելով, որ Անուշ Գարսանցյանը ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով վաճառում է երեխաներին, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում գործող ՀՀ կենտրոնական մարմնի անունից ստորագրել են Իտալիայի քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման համար էական նշանակություն ունեցող՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին եզրակացություն՝ այդ կերպ վերացնելով կազմակերպված խմբի կողմից ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառքն ավարտին հասցնելու խոչընդոտներ՝ ստեղծելով հնարավորություն՝ կազմակերպված խմբի ղեկավար Անուշ Գարսանցյանի կողմից երեխաների վաճառքն ավարտին հասցնելու համար:
Մխիթարյանի պաշտպանը, սակայն, հերքում է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները. «Ուրեմն, եթե քրեական գործը, որը 60 հատորից ավելի է, նայեք ու գործում մեկ ապացույց գտնեք, որ կվկայի Անի Մխիթարյանին մեղսագրվող արարքը, ծիծաղելի է ուղղակի, ծիծաղելի մեղադրանք է… այս օդում կախված լուրերի մակարդակի քննությունն ուղղակի ծիծաղելի մակարդակի է: Երեխաների վաճառք ընդհանրապես եղե՞լ է, նախաքննական մարմինը հիմնավորե՞լ է, որ վաճառք եղել է: Նախաքննական մարմինն ինքն է ասում, որ վաճառք չկա: Նախաքննական մարմինն ինքն էլ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Խոսքը վերաբերում է որդեգրման գործընթացին, միջազգային որդեգրումն այսօր էլ շարունակվում է, նույն ձեւի՝ ոնց որ եղել է այն ժամանակ։ Ի՞նչ խոչընդոտ կարող էր վերացնել Անի Մխիթարյանը՝ որպես ԶԱԳՍ-ի գործակալության ղեկավար։ Մեր Հայաստանում սիրողական մակարդակի են տիրապետում ամեն ինչի, քննիչներն իրենք չեն տիրապետել այդ գործընթացին: Այդ պայմաններում ո՞նց են գործն ուղարկել դատարան: Առքուվաճառք, եկեք բառացի մեկնաբանենք, ոչ գնորդ կա, ոչ վաճառող կա այս գործում»:
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ովքեր են իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տվողները, ի պատասխան ասաց. «Բացարձակ, ենթադրությունների հիման վրա է մեղադրանքը: Մենք նույնիսկ միջնորդել ենք, որ մեր դեմ վկայած անձանց հետ առերեսվենք, վարույթ իրականացնող մարմինը մերժել է, ասել է՝ չկա տենց մարդ: Իրենք ենթադրությունների դաշտում են»:
Ըստ նախաքննության, կազմակերպված խմբի անդամները կայուն հարաբերություններ են պահպանել միմյանց հետ, գործել անխախտ համաձայնությամբ, բարձր աստիճանի կազմակերպվածությամբ և ունեցել հանցավոր գործունեությամբ տևական ժամանակով զբաղվելու նպատակ:
Անի Մխիթարյանի պաշտպանից հետաքրքրվեցինք՝ ինչ առնչություն է իր պաշտպանյալն ունեցել, ըստ նախաքննական մարմնի, խմբի ղեկավար Անուշ Գարսանցյանի հետ:
«Անուշ Գարսանցյանի վերաբերյալ մի ապացույց նույնիսկ չկա, որ իտալացիների հետ կազմակերպել է։ Կրկնում եմ՝ եթե վաճառողը ու գնորդը չկա, ինչ առքուվաճառքի մասին է խոսքը: Նախաքննական մարմինը չի կարողացել ոչ մի տրամաբանության մեջ տեղավորել, չեմ ասում իրավունքի տառի տեսանկյունից: Խոսքը վերաբերում է միջազգային որդեգրման գործընթացին, այն կատարվում է ներպետական օրենսդրությամբ եւ «Երեխաների շահերի պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի դրույթներով: Եվ Անի Մխիթարյանը, ե՛ւ Անուշ Գարսանցյանը թե՛ ներպետական, թե՛ Հաագայի կոնվենցիայի դրույթներն ամբողջությամբ պահպանել են: Նայեք՝ դրա սկիզբը որտեղից է սկսվում, ինչու է տարվել, երկրի հեղինակությունը խարխլելու, խաթարելու, երկրի հեղինակությունը միջազգային տարբեր կառույցների մոտ գցելու համար։ Թե ինչպիսին են եղել թիրախային նպատակները, առանձին կանդրադառնանք, երբ քրեական գործով կմիջնորդենք այս կամ այն անձանց բերել ու դատարանում հարցաքննել: Ով է դա սկսել ու ինչու է արվել, այս հարցերին հետո կանդրադառնանք, այդ բոլոր հարցերի պատասխանը ես գիտեմ: Նախաքննական մարմին ասեք՝ ցույց տվեք մի երեխայի, որի որդեգրումն ապօրինի է եղել, ցույց տվեք մի ծնողի, որից երեխային տարել են, որից երեխա են գնել, չկան ծնողներ: Միջազգային որդեգրման գործընթացը այսպես է, երեխան պետք է մտնի ցուցակ, լինի մանկատանը, այդ ցուցակով համադրումներ կատարվեն, երկարատեւ գործընթաց է, որն անցնում է ոստիկանության, ԱԱԾ-ի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, արդարադատության նախարարության, բոլոր օղակներով։ Ի վերջո որոշում է կայացնում վարչապետը, կառավարությունը։ Այսինքն՝ ամեն երեխայի որդեգրման մասին որոշումը կայացրել է վարչապետը եւ դատարանը: Այսինքն՝ եթե ընդունենք, որ այդ բոլոր գործընթացներն եղել են ապօրինի՝ առնվազն վարչապետն ու դատարաններն այս հանցավոր շղթայի ինչ-որ մի օղակն են կազմում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ