Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահագն Խաչատրյանն ասել է, որ քաղաքական թիմի անդամ է․ էլ ի՞նչ լեգիտիմություն»․ Հայկ Մամիջանյան

Մարտ 07,2022 15:20

«2018թ․-ին ՀՀԿ-ն նախագահի թեկնածու էր առաջադրել Արմեն Սարգսյանին։ Կարծում եմ՝ անգամ Civic.am-ում աշխատող լրագրողը չի համաձայնի ասել, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ քաղաքական թիմի անդամ էր»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նկատառմանը, որ ընդդիմությունը դժգոհեց ՔՊ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրելու հանգամանքից, մինչդեռ սահմանադրությունը նախկին իշխանության օրոք է նման կարգավորում սահմանել, եւ Արմեն Սարգսյանը եւս ժամանակին եղել է նախագահի միակ թեկնածուն։

Հարցադրմանն ի պատասխան, թե ինչո՞ւ ընդդիմությունը Վահագն Խաչատրյանին չհամարեց նախագահի լեգիտիմ թեկնածու, Հայկ Մամիջանյանը նշեց․ «Վահագն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ինքն այս քաղաքական թիմի անդամ է, ուստի այստեղ անգամ ոչ թե լեգիտիմության, այլ լեգալության խնդիր է։ Ասում են, որ հետո հրաժարվել է այդ հայտարարությունից, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Նա ասել է դա։ Վերջակետ։ Նա իր պաշտոնի ոգուն հակասող հայտարարություն է արել»։

Իսկ ՀՀԿ-ն, Մամիջանյանի խոսքով, ներկայացրել էր վերկուսակցական դերակատարման հնարավորություն ունեցող նախագահի թեկնածուի․ «Իսկ այս թեկնածուն ասել է, որ քաղաքական թիմի անդամ է, ուստի ի՞նչն է լեգիտիմ։ Զուգահեռները չեմ ընկալում: Մեր երկրում չկան նախագահ, ԱԺ նախագահ պաշտոնները․․․կա Նիկոլ Փաշինյան եւ Նիկոլ փաշինյանիկներ։ Ողջ պետական համակարգն այդ վիճակում է՝ մինչեւ պարեկային ծառայության աշխատողներ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031