Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակտիվ ուսումնառություն ԳիտՍԵՐունդի հետ». ԳիտՍԵՐունդն ուսումնական նյութերը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր ուսուցիչներին

Մարտ 07,2022 15:24

Ս․թ․ մարտի 7-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Ակտիվ Ուսումնառությունը ԳիտՍԵՐունդի հետ» համաժողովը և ԳիտՍԵՐունդ ծրագրի ընդլայնված աշխատարանների բացման արարողությունը։ Համաժողովի բացմանը ուղերձներով և բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ․ Թրեյսին, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ դր․ Կարին Մարկիդեսը։

Համաժողովը կազմակերպվեց «ԳՏՃՄ կրթություն Հայաստանի երիտասարդների համար» (ԳիտՍԵՐունդ) եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։

Համաժողովի ընթացքում մեկնարկ տրվեց ԳիտՍԵՐունդ ծրագրի շրջանակներում նախագծված դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման հատուկ թվային հարթակի աշխատանքին, որը ԳիտՍԵՐունդ-ի ուսումնական նյութերը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր ուսուցիչներին և կստեղծի ստեղծարար ուսուցիչների համագործակցության նոր միջավայր։

Երկօրյա համաժողովը մեկ հարկի տակ էր միավորել Հայաստանի բոլոր մարզերից ավելի քան 300 ուսուցիչ, ովքեր կմասնակցեն և կդիտարկեն ԳիտՍԵՐունդ-ի ուսուցչական աշխատարանները, ԳիտՍԵՐունդ ռեսուրսներով դասավանդվող դասերը, կմասնակցեն ԳիտՍԵՐունդ թվային հարթակին գրանցվելու և դրանով աշխատելու սեսիաներին, ինչպես նաև կմասնակցեն դպրոցների տնօրենների, ոլորտի փորձագետների, ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ պանելային քննարկումներին։

Համաժողովի մասնակիցները տեղեկացան ԳՏՃՄ կրթության զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերի ու ծրագրերի, ինչպես նաև գիտության և գիտատար արդյունաբերության համար մարդկային կապիտալի զարգացման գործում ձեռքբերումների մասին։

ԳիտՍԵՐունդ ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել ԳՏՃՄ առարկաների դասավանդման և ուսումնառության փորձառությունը։ Այս նպատակին հասնելու համար ծրագիրը կազմակերպում է ուսուցչական աշխատարաններ և մշակում է նոր սերնդի ուսումնական նյութեր, որոնք ուղղորդում են ուսուցիչներին իրենց առօրյա դասավանդման գործընթացում ակտիվ ուսումնառության մեթոդներն ու մոտեցումները լավագույնս կիրառելու համար։

2019 թվականի հոկտեմբերի մեկնարկից ի վեր, ծրագիրն աշխատել է ավելի քան 400 ուսուցիչների հետ, որոնք մշակել և փորձարկել են ԳՏՃՄ դասի պլաններ և քայլ առ քայլ ընթացքներ կամ սցենարներ, որոնք դյուրին են դարձնում ժամանակակից մանկավարժական գաղափարների և առարկայական բովանդակության ներմուծումը դասապրոցես՝ հնարավորություն տալով ուսուցիչներին անցկացնել բարձր ներգրավվածությամբ հետաքրքիր և արդյունավետ դասեր։ 7-ից 12-րդ դասարանի շուրջ 2500 աշակերտներ մասնակցել են ԳիտՍԵՐունդ ամառային ճամբարների, սիմուլյացիոն և դեմ առ դեմ փորձարարական դասերին։ Ծրագրի ավարտին՝ ս․թ․ սեպտեմբերին, ԳիտՍԵՐունդ ծրագիրը կհրապարակի ԳՏՃՄ գիտակարգային 5 առարկաներից 1800 դասի համար նախատեսված դասավանդման և ուսումնառության նյութեր։

Այս տարի ԳիտՍԵՐունդ ծրագիրը հրավիրել է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի առարկայական փորձագետներին՝ մասնակցելու ուսուցչական աշխատարանների ստեղծմանը և համագործակցելու կրթական նյութեր մշակող ուսուցիչների հետ, ինչպես նաև վայելել նրանց ակտիվ ներգրավվածությունը։

Նախորդ երկու տարիներին ԳիտՍԵՐունդ ծրագրին մասնակցած աշակերտների 75%-ը նշել են, որ ԳՏՃՄ առարկաների հանդեպ իրենց ունեցած վերաբերմունքը և ընկալումը դրականորեն փոխվել են, իսկ նրանցից 45%-ը նշել են, որ անպայման կդիտարկեն ԳՏՃՄ ոլորտում մասնագիտություն ընտրելու հնարավորությունը։ Ծրագրին մասնակցած գրեթե բոլոր ուսուցիչները, ովքեր դասավանդել են ԳիտՍԵՐունդ-ի ռեսուրսներով, նշել են, որ անպայման կօգտագործեն այդ ռեսուրսներն իրենց առօրյա աշխատանքում և ցանկություն հայտնել մասնակցելու եղած ռեսուրսների բարելավմանը և նոր դասի սցենարների մշակմանը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031