Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Այս պատերազմի արհավիրքը 97 թվականին խաղաղության ծրագրի հետեւից չգնալն էր, որի հեղինակը Քոչարյանն էր». Վիգեն Խաչատրյան

Մարտ 07,2022 14:46

«Եկեք հասկանանք՝ ինչով ենք զբաղվում: Իհարկե, մենք ամենակարողը չենք, ամենալավ իշխանությունը չենք, ամենաճիշտը չենք, հասկացանք, բայց ընդդիմությունն ինչ է անում»,- Aravot.am-ի հետ զրույցում ընդդիմադիրների պահվածքից դժգոհեց ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Հիշեցրինք, որ Գալուստ Սահակյանն էլ էր ասել՝ «մենք լավը չենք, բայց մեզանից լավն էլ չկա»: Վիգեն Խաչատրյանը մի փոքր վերափոխեց Գրիգորիչի խոսքերը. «Չէ, ոչ թե մեզանից լավը չկա, այլ մեզ պիտի այլընտրանք լինի, չէ՞, որ ժողովուրդը հաջորդ ընտրություններում ընտրություն կատարի: Կա՛մ պիտի ասի՝ լավ են աշխատել, նորից ընտրենք, կա՛մ պիտի այլ քաղաքական ուժ ընտրի: Այլընտրանքը ո՞ր դեպքում կառաջանա, երբ առկա հարցերի լուծումներ բերեն, ոչ թե առկա հարցերը փակուղի տանելու թամաշայի նյութ սարքեն, էլի»:

Հարցին՝ փաստն այն է, որ ընդդիմադիրների բերած նախագծերը չեք ընդունում՝ ասելով, որ դա լավագույն լուծումը չի, լավ լուծում է պետք ու մեծամասնության պատգամավորներդ էլ չեք բերում այդ «լավագույն լուծումը», արդյունքում «ԱԺ մոնիտորինգի» արդյունքներով օրենքների ընդունման մեջ ԱԺ-ի մասնակցությունը չնչին է, 98 նախագծերից 6-ն է հեղինակել ԱԺ-ն, այսինքն, ստացվում է, որ դուք նախագիծ չեք բերում, ընդդիմությանն էլ մերժում եք, բա սրա վերջը ո՞նց պիտի լինի՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Այդպիսի մրցակցությունը, թե ով շատ կբերի՝ կառավարությո՞ւնը, թե՞ ԱԺ-ն՝ ճիշտ չէ: Որեւէ խորհրդարանական պրակտիկայում օրենքների, նախագծերի 80-90%-ը կառավարություններինն են, բոլոր տեղերում է այդպես: Երբ ասում են՝ դակում ենք օրենքները, կա՛մ հատուկ են ասում, կա՛մ տեղյակ չեն: ԱԺ պատգամավորները որեւէ նախաձեռնություն առանց կառավարության մասնակցության չեն անում, որովհետեւ կառավարությունը մեծամասնության կողմից է ձեւավորված, կոպիտ ասած մե՛ր կառավարությունն է, դա ընդհանուր աշխատանք է: Եթե ընդդիմությունը բերի նախագծեր, որոնք արդյունավետ են դարձնում կյանքը, մենք ուրախությամբ կքննարկենք: Բոլորը կտեսնեն, որ այդ լավ առաջարկը այլընտրանքը բերեց եւ հաջորդ ընտրություններին կմտածեն՝ այս մարդիկ լավ առաջարկներ էին բերում, իրենց վստահենք իշխանությունը: Բայց մենք որոշել ենք, կառավարության ծրագիր ենք հաստատել թոշակները բարձրացնենք, միջին աշխատավարձը բարձրացնենք, իրենք դեմ են քվեարկել այդ ծրագրին, ասել են՝ չէ, բայց հիմա այդ ծրագրից բխող կետերն են բերում, ասում են՝ դուք որոշել էիք 80 հազար դրամ աշխատավարձը բարձրացնեիք, մենք բերում ենք՝ 100 հազար: Մի հատ մանկական խաղ կա, ասում է՝ մի հատ թիվ ասա, ասում է՝ 8, ասում է՝ 9, ես հաղթեցի: Մենք այդ խաղի մեջ չենք, չէ՞»:

Ըստ Վիգեն Խաչատրյանի, այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն ամեն կերպ ջանում է պետությունը «գցել ձորը». «Այս ընդդիմությունը հայտարարել է, որ իշխանությանը օր ու արեւ չեմ տալու, այս իշխանությունը չի կարող լավ աշխատել, իմ նպատակն է ապացուցել, որ վատ աշխատող է ու ստում են: Իրենց նպատակը Քոչարյանին հետ բերելն է: Թող բաց ասեն դրա մասին, բայց իրենք Քոչարյանի անունը չեն տալիս: Խաբում են, երբ ասում են՝ այս իշխանությանը հեռացնելն է նպատակը, իրենց նպատակը Քոչարյանին հետ բերելն է, բայց ամաչում են բաց ասեն, ժողովուրդը կասի՝ ձե՞ռ եք առել մեզ, էդ ո՞ւմ եք ուզում հետ բերեք: Իրենք լավ գիտեն ինչ են անում: Ես ասում եմ՝ ընդդիմությունը ամբողջ հայ ժողովրդի ընդդիմությունն է, ոչ թե այն 300 հազար մարդկանց, որոնց թվացել է, որ կարող են իշխել: Դուք պետք է հետեւեք՝ ընդդիմությունը ի՞նչ է ուզում՝ հարցերը լուծի՞, թե՞ ցույց տա, որ մենք վատն ենք: Այդ հարցի պատասխանը 4 տարի հետո ժողովուրդը ընտրություններում կասի՝ լա՞վն էինք, թե՞ վատը: Ինչի՞ իրենք չեն ուզում 4 տարի հետո գալ ընտրության, որովհետեւ այն մարդը, ում հետեւից գնում են, 4 տարի հետո արժեզրկված է լինելու ընդհանրապես: Իրենք ժամանակ չունեն համբերելու, որովհետեւ հաջորդ ընտրություններում եթե իրենք մի հատ էլ գան ասեն՝ ուզում ենք Քոչարյանին բերենք իշխանության, կարող է Քոչարյանի միջոցները նվազած լինեն, այդքան միջոցներ չկարողանա ծախսի ընտրարշավին»:

Մեր դիտարկմանը՝ իր վերջին ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը սոցհարցման տվյալներ էր հրապարակում, որտեղ իշխանությունների վարկանիշը բավականին ընկած էր, ըստ նրա՝ «Երեւանում 42 տոկոսը դեմ է գործող իշխանությանը», այսինքն՝ իրենք գտնում են, որ օր օրի ձեր դիմակները պատռում են, քոքը մաշեցնում են՝ Վիգեն Խաչատրյանն արձագանքեց. «Ոնց որ թե իրենց քոքն ավելի շատ էր մաշել, ասեց՝ մերն էլ է շատ քիչ: Հիմա խնդիրը քոքը մաշեցնելու մեջ չի: Ցանկացած իշխանություն ընտրություններից հետո ծրագրեր է կազմում, մի մասը կատարվում է, մի մասը՝ չէ, հասարակությունը ոգեւորվում է, տխրում է , բայց մենք մեզ միամիտի տեղ դնենք, ասենք՝ համավարակ չի եղել, պատերազմ չի եղել…Դեռ ավելին: Դրան էլ չափ կա, էլի, փորձում են այս իշխանությանը մեղադրել պատերազմը հրահրելու եւ պարտվելու մեջ: Էհ, ի՞նչ ասես, լավ: Ամբողջ հայ ժողովուրդը պատերազմից հետո գնաց ընտրության եւ այս իշխանությանը վստահեց՝ ասելով, որ մյուսներն են մեղավոր: Ով մեղավոր է, նա իշխանություն չի, լավ, էլ ո՞նց ասենք, որ դուք եք մեղավոր: Բայց մենք չենք ասում չէ՞, որ մեղավորի հետեւից ընկնեն: Այս պատերազմի արհավիրքը 97 թվականին խաղաղության ծրագրի հետեւից չգնալն էր, որի հեղինակը Քոչարյանն էր: Մենք քսան քանի տարի քայքայվեցինք, քայքայվեց պետական համակարգը, Քոչարյանը հարստացավ իր ընտանիքով, Սերժ Սարգսյանը հարստացավ իր եղբայրներով, ժողովուրդն էլ խայտառակ եղավ պատերազմով, հիմա ո՞վ է մեղավոր, մենք սա չասե՞նք, էս ո՞ւմ եք բերում իշխանության: Ի՞նչ եք ուզում, բաց ասում եմ, չի՛ կարելի: Եվ հիմա էլ ասում են, թե գիշեր-ցերեկ ձեզ պիտի խանգարենք, չե՛ք կարա մեզ խանգարեք: Իրենք իրենց են խանգարում, սպառվում են: Կոնջորյանը ճիշտ ասաց՝ թմրամոլի վիճակում են ընկել, դոզան անընդհատ մեծացնում են թույն թափելու: Բայց դրանից ի՞նչ է փոխվում»:

Վիգեն Խաչատրյանը վստահեցրեց, որ այս կարգի ընդդիմադիր ուժերը հերթական ընտրություններում կխայտառակվեն, մարդիկ 3-4 տարում կհասկանան. «Մարդիկ ինձ շատ են կշտամբում, ասում են՝ դրանց մասին մի խոսա, դրանց մի պատասխանիր, իրենք մեզ հետաքրքիր չեն: Իրենք դա արդեն վաստակել են, որ անիմաստ է իրենց վրա ժամանակ ծախսել, բայց ստիպված դա անում ենք, որ մարդկանց մոտ կեղծ ինֆորմացիա չլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031