Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական Սոնա Ղազարյանն անկեղծ էր իր եւ մեզ հետ. Քրիստինե Վարդանյան

Մարտ 07,2022 14:08

«Ես եւ բոլորը սպասում ենք, թե երբ է ինքը (Նիկոլ Փաշինյանը-Ն. Գ.) նման տոնով արձագանքելու ՀՀ թշնամիներին»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքին, երբ պարենային անվտանգության մասին պատգամավորի հարցն անպատասխան թողնելով՝ նա հակադարձեց իր հասցեին հնչած մեղադրանքին՝ ասելով. «Ով ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես այդ մարդու հետ մատով եմ խոսալու եւ մատով եմ խոսեցել։ Ձեր չափն իմացեք։ Պետք լինի՝ թափ կտամ մատս»։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ արտաքին լսարանում է «հողատու» որակվել, ավելին՝ հակառակորդ երկրի ղեկավարը քանիցս ծաղրել է նրան եւ լավ կլինի, որ նա իր ուժերը կենտրոնացնի այդտեղ եւ Ալիեւին պատասխանի:

Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ, իշխանությունը կտրվել է իրականությունից եւ իրենց թվում է, թե հավերժ է իրենց իշխանությունը, որը պահում են ուժային կառույցներով: Նա զգուշացնում է, որ պատմության ընթացքում առավել դաժան ճակատագիր են ունեցել այն բռնապետերը, որոնք իրականությունից ամենաշատն են կտրված եղել:

«Մենք՝ բոլորս, չենք ձեւավորել այնպիսի խորհրդարան, որտեղ հնարավոր լիներ զբաղվել կենսական հարցերի քննարկումներով եւ լուծումներով եւ երկիրն էլ չի գտնվում այնպիսի վիճակում, որ հնարավոր լինի դա անել»,- իր այս խոսքն էլ ընդդիմադիր պատգամավորն ուղղում է բոլոր նրանց՝ ովքեր մեղադրում են ընդդիմությանը ոչ կառուցողական լինելու մեջ: Նա օբյեկտիվ եւ լեգիտիմ է համարում այդ պահանջը, բայց նաեւ արձանագրում է, որ պահանջը պետք է ուղղվի իշխանությանը, քանի որ ընդդիմությունը ստացել է մեկ մանդատ՝ իշխանափոխության մանդատը, հետեւաբար այդ օրակարգից շեղվելն է ընդդիմության եւ ողջ պետության համար դառնալու մահացու:

Հայաստանի համար խնդիրների լուծումները, ըստ Քրիստինե Վարդանյանի, սկսվելու են Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի՝ իշխանությունից հեռացումով: Նա վստահեցրեց, որ ընդդիմությունը փողոցային ցույցերով իշխանությանը կվերադարձնի իրականություն եւ կստիպի հաշվի նստել իրականության հետ: Ընդդիմության կոնկրետ գործողությունների կոնկրետ ժամկետների մասին հարցին պատգամավորը կոնկրետ պատասխան չտվեց:

Հակադարձելով իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանի այն հայտարարությանը, որ մենք հիմա ապրում ենք մեր երազած երկրում, Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իշխանական պատգամավորն անկեղծ է գտնվել ինքն իր հետ, մեզ հետ, քանի որ իրենք երազել են երկիր, որտեղ Արցախը չկա, բանակը լուծարված է, ազգային դիմագիծը բացակայում է: Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ իշխանության ներկայացուցիչների եւ ՀՀ բնակչության երազանքները այս կետերում չեն համընկնում եւ հանրությունը պետք է իր երազանքը, որն, ի վերջո հաղթելու է, հակադրի:

Ընդդիմադիր պատգամավորը համոզված է՝ իշխանավորները հասկանում են, թե ի՞նչ են արել եւ, որ պետք է պատասխան տան իրենց արարքների համար, ուստի, նրանց նյարդերը երբեմն տեղի են տալիս: Իշխանության հակակշիռը, ըստ նրա, արժանապատվություն եւ հայրենիք ունենալու ցանկություն ունեցող մարդիկ են լինելու եւ այստեղ է, որ ընդդիմությունը մեծ աշխատանք ունի անելու՝ առանց հիասթափվելու, ընկճվելու եւ դիրքերը զիջելու, պետք է փորձել այնքան, մինչեւ ստացվի: Նա նաեւ հիշեցնում է, թե այսօրվա իշխանությունները որքան ջանք ու եռանդ են ներդրել, որքան ժամանակ են ծախսել՝ իրենց նպատակներին հասնելու համար եւ հավելում, որ չի ասում, թե տասնամյակներ են պետք ընդդիմությանը, բայց. «Լինելու է դժվար, բայց պատվաբեր ճանապարհ, որով պետք է անցնենք, որպեսզի լինի այլ արժեհամակարգ: Երբ այսքան մեծ նպատակի մասին ենք խոսում, դժվար է ակնկալել կարճաժամկետ արդյունքներ: Բայց պայքարը պիտի լինի անզիջում եւ այո, ով զիջում է դիրքերը, պետք է դուրս գա այդ տեղից՝ այն զիջելով ավելի կարող ուժին»:

Քրիստինե Վարդանյանին չի զարմացնում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի՝ այսօր, ճեպազրույցների ժամանակ արած հայտարարությունը, որ ՀՀ օրակարգում Արցախի բռնազավթված տարածքների մասին նախագիծ ընդունելու հարց չկա եւ, որ նա ասելիք չունի նաեւ այդ առիթով ԱՀ ընդունած նախագծի մասին: Այն բանից հետո, երբ ՀՀ իշխանության ներկայացուցիչները տեւական ժամանակ է՝ Արցախ չեն այցելում, նրանց խոսույթից դուրս է եկել Արցախի հանրապետություն ձեւակերպումը, ընդդիմադիր պատգամավորը կզարմանար, եթե գործող իշխանության օրակարգում այդ հարցերը լինեին:

Առհասարակ, պատգամավորն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ռուս-ուկրաինական զարգացումներին զուգահեռ, Արցախում հակառակորդը բավական ակտիվացրել է իր գործողությունները՝ անընդհատ սադրանքներով եւ լարվածություն պահպանելով: Նա նկատում է, որ իշխանության բերած խաղաղության օրակարգը նշանակում է, որ Հայաստանը պատրաստ չէ հաջորդ պատերազմին, քանի որ ում դու հրամցնում ես խաղաղության օրակարգը, նա խոսում է պատերազմից եւ պահանջն այն է, որ հայկական պետություն գոյություն չունենա, քանի որ դա չի նպաստում իրենց ռազմավարական ծրագրերին: Բանախոսի կարծիքով, մենք հիմա ամենաշատն ենք կախված թշնամու քմահաճույքից եւ պետք է մեր հակազդելու սցենարներն ունենանք, եթե, իհարկե, չենք ուզում Ցեղասպանության թանգարանում ցուցադրված նկարների գունավոր տարբերակները թողնել մեր սերունդներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031