Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մարզպետ էի․ եղել է ստրիմինգային գործարք, գուցե հարցը տնօրենի՞ն ուղղեք»․ Վահե Հակոբյան

Մարտ 07,2022 13:34

«Ես այդ ժամանակ Սյունիքի մարզպետ եմ եղել։ Խոսքը 2017թ․-ի մասին է։ Բացի այդ, չեմ կարծում, որ 2014թ․-ից սկսած՝ կոմբինատում երբեւէ գործել են կոռուպցիոն սխեմաներ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի նախկին անդամ Վահե Հակոբյանը։

Հիշեցնենք՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն օրեր առաջ պարզաբանել է․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում գործող կոռուպցիոն սխեման, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 15 մլրդ 17 մլն 640 հազար 469 դրամի վնաս, իրականացվել է Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակահատվածում»։

«ՊԵԿ-ի հայտարարության հետ կապված ոչ էլ առանձնապես խորացել եմ թեմայի մեջ, բայց որքան հասկացա՝ խոսքը գնում է ստրիմինգային գործարքի մասին՝ այդ ժամանակ ՊԵԿ-ի հետ համաձայնեցված։ Լայն շրջանակները պետք է հասկանան, թե ինչ է ստրիմինգային գործարքը։ Այդ ժամանակ պայմանավորված պղնձի միջազգային գներով եւ կոմբինատի ունեցած վիճակով՝ պարտքերի բեռ, օպերատիվ ղեկավարության կողմից, որքանով որ ինձ հայտնի է, որոշում է կայացվել, այն անցել է խորհրդով։ Որոշվել է կնքել ստրիմինգային գործարք՝ պղնձի խտանյութը վաճառել X ընկերությանը՝ մի քանի տարի առաջ։ Այսինքն, գումարը սկզբից վերցնել ամբողջությամբ՝ երաշխիքով, որ, օրինակ, տասը տարում խտանյութը տրամադրվելու է»,-տեղեկացրեց Վահե Հակոբյանը։

Իր հիշելով՝ 2019թ․-ին, երբ գներն արդեն կայունացել են, գործարքը «հետ ողորմյա» արվեց, բոլորը ստացան իրենց գումարները․ «Հիմա ՊԵԿ-ը համարել է, որ այդ գործարքի արդյունքում օպերատիվ ղեկավարությունը վնաս է տվել պետությանը 15 միլիարդի չափով։ Եթե տնօրենն է դա ընդունել, գուցե հարցը տնօրենի՞ն ուղղվի, ոչ թե ինձ»։

Հստակեցնող հարցին ի պատասխան, որ ՊԵԿ-ի հե՞տ է համաձայնեցված եղել գործարքը, Վահե Հակոբյանը պատասխանեց․ «Նորից ասեմ՝ ես մարզպետ եմ եղել։ Մի խառնեք բաժնետերը, խորհուրդը եւ օպերատիվ ղեկավարումը։ Դրանք տարբեր գործառույթներ ունեն։ Պարտադիր չի բաժնետերն իմանա, թե օպերատիվ ղեկավարությունն ինչ է անում»։

Թեմայի շուրջ այլ հարցին ի պատասխան Վահե Հակոբյանը հստակեցրեց․ «Ես բաժնեմաս չեմ ունեցել եւ չունեմ կոմբինատում։ Ես գլխավոր տնօրենի տեղակալ եմ եղել եւ խորհրդի անդամ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031