Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի որ հատվածներն ինչպես են կանաչապատելու․ մանրամասնում է դենդրոլոգը

Մարտ 07,2022 13:21

Ծիծեռնակաբերդի տարածքում հաստատված ծրագրով նախատեսված է կանաչապատել 8,5 հեկտար տարածք, սակայն միջոցների սղության պատճառով կանաչապատումը կիրականացվի փուլային եղանակով։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այս տարի նախատեսվում է մայրաքաղաքում տնկել 4 հազար ծառ եւ 75 հազար թփատեսակներ։

Այս տարի Ծիծեռնակաբերդի 3,5 հեկտար տարածքն է կանաչապատվելու, նախատեսվում է 2260 ծառ եւ 3 հազար թուփ տնկել։ Արծվի Գրիգորյանի փոխանցմամբ՝ տնկվելու են վայրենի պտղատուներ, օրինակ՝ նշենի, ծիրանենի, սալորենի, նաեւ գեղազարդ տեսակներ՝ հացենի, արոսենի․ «Համալիր տանող աստիճանների աջ ու ձախ կողմերի համար նախատեսել ենք արեւելյան սոսի, որը մեծ սաղարթ ունի, հետագայում այն աճելով մեծ սաղարթ կլինի այդ հատվածում, մարդիկ շոգից կպաշտպանվեն»։

Դենդրոլոգը խոստանում է, որ Ծիծեռնակաբերդի կանաչապատ հատվածը գարնանից մինչեւ ուշ աշուն գեղեցիկ գունազարդ տեսք կունենա։

Այս տարի նախատեսվում է ունենալ կանաչ գոտի նաեւ Շենգավիթ վարչական շրջանում, ըստ Գրիգորյանի, դա Արագածի պուրակն է, որտեղ կես հեկտար տարածքում գեղազարդ տեսակի ծառեր կտնկվեն, այս պահին ոռոգման համակարգն են անցկացնում, սա ավարտելուց հետո կսկսեն ծառեր տնկել։

Ծրագրով նախատեսված է նաեւ Սարալանջում կանաչապատում իրականացնել, սակայն, ըստ դենդրոլոգի, այստեղ դժվարություններ կան՝ հողային տարածքները քարքարոտ են, հումուսից զերծ․ «Սարալանջի հատվածի համար բարերարի կարիք ունենք, որովհետեւ տարածքը 35-45 աստիճան թեքություն ունի, դժվար է ծառերի տնկումը։ Քարե կամ բետոնե պատնեշներ պետք է լինեն։ Բայց այնտեղ սաֆորաներ են տնկված, դրանք շուտով կծաղկեն»։

Հաղթանակի զբոսայգում էլ նախատեսվում է 2 հեկտար կանաչապատում իրականացնել։

Իսկ Սարյանի պուրակն անցյալ տարի է կանաչապատվել են, բայց, ինչպես ասաց Գրիգորյանը, անցյալ տարի տեխնիկական սխալ է եղել, այս տարի պետք է շտկման աշխատանքներ անեն․ «Թփեր կան՝ շատ խիտ դրված, կենդանի ցանկապատերի մոտ են, խանգարում են իրենց։ Ուզում ենք տոսաֆի միջոցով կենդանի ցանկապատ ստեղծենք, սա մշտադալար տեսակ է»։

Արծվի Գրիգորյանը նաեւ հավելեց, որ հաճախ գողություն է կատարվում, նոր տնկված ծառերը կամ թփերը գողանում են, որոնց մեծ մասը իրավապահները չեն կարողանում բացահայտել։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031