Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դա դիլետանտ մոտեցում է․ ամեն հողի վրա հնարավոր չէ ցորեն ցանել»․ Վահե Հակոբյան

Մարտ 07,2022 13:08

«Մի շարք տվյալներով՝ օրական ՌԴ եւ Ուկրաինայի մոտ 6 000 քաղաքացիներ են գալիս ՀՀ եւ իրենց հետ բերում հիմնականում ռուբլի, փորձում այն փոխանակել, վարձակալել։ Ամենակարեւոր խնդիրն այն է, որ տարադրամի արտահոսք չլինի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը։

«Որքան տեղյակ եմ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հիմա մշակում է բանաձեւ, որ ցանկացած օտարերկրյա ներդրող ՀՀ գալուն ու հաշիվ բացելուն պես նվազագույնը վեց ամիս հաշիվները պետք է պահի այստեղ։ Սա զսպող մեխանիզմ է։ Մյուս խնդիրը, որ պոտենցիալ վտանգի առաջ կարող ենք կանգնել, դա հացահատիկն է»,-շեշտեց Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն հացահատիկի մեծ մասը բերում է ՌԴ-ից, որն այս պահին աստիճանաբար սահմանափակումների է ենթարկվում, որոնց պատճառով էլ ՀՀ-ն կկանգնի խնդրի առաջ․ «Կառավարության նիստի ժամանակ հնչեց, որ 3000 հեկտար ունեցողները ցորեն ցանեն։ Սա դիլետանտ մոտեցում է։ Ամեն հողի վրա հնարավոր չէ ցանել ու ստանալ ցորեն կամ այլ հացատեսակ»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն էլ իր հերթին նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմի ռիսկերն արդեն իսկ տեսանելի են․ «Տնտեսական հետեւանքներն ակնհայտ են, բայց կան նաեւ հնարավորություններ՝ ներդրումային ներուժն ավելացնելու համար, եւ ինչու չէ, դեպի ՌԴ եւ ԵՏՄ երկրներ արտահանումը խթանելու համար։ Սկզբունքային է, որ ռիսկերին զուգահեռ կան դրական հնարավորություններ։ Կառավարությունը կենտրոնական բանկի հետ պետք է անի առավելագույնը՝ բացասական հետեւանքները չեզոքացնելու եւ հնարավորություններից օգտվելու համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031