«Տեսական վտանգներ, բնականաբար, միշտ կան։ Ռուս-ուկրաինական հարաբերություններում այս պահին առկա ճգնաժամի հետ չէի կապի այդ վտանգները։ Համենայն դեպս՝ այս պահին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում հնարավոր համարո՞ւմ եք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից վտանգի դրսեւորումը ՀՀ-ի հանդեպ՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Կարծում եմ՝ հիպոթետիկ նման սցենար հնարավոր է, այս պահին՝ քիչ հավանական»,-հավելեց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Ուկրաինայում ապրող հայերի խնդիրների լուծմամբ։ «Դեսպանության օգնությամբ Ուկրաինայի ներսում հայ համայնքի ներկայացուցիչները մի տեղից այլ վայր են տարհանվել։ Որքանով տեղյակ եմ՝ այս պահին մեր դեսպանությունը տեղափոխվել է Լվով պարզ պատճառով, քանի որ Կիեւն այս պահին ռազմական գործողությունների կետերից մեկն է։ Տարածքը լքելու համար հայ համայնքի ներկայացուցիչների համար արեւմտյան կողմից ստեղծված են հնարավորություններ, որ ՀՀ վերադառնան։ Դեսպանությունն ամեն ինչ անում է, որ գործընթացն ավելի հեշտ կայանա»,-վստահեցրեց Աղաջանյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ազգությամբ հայ քաղաքացի հանդիսացող անձանց թիվը գործնականում հնարավոր չէ հստակ իմանալ․ «Հնարավոր է ունենալ Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների մասին հստակ տվյալներ։ Այս պահի դրությամբ չեմ կարող հստակ թիվ ասել։ ՀՀ քաղաքացիների հետ կապված բոլոր հարցերը եւ խնդիրները համակարգվում եւ լուծվում են ՀՀ դեսպանության միջոցով։ ՀՀ-ում բոլոր պայմանները կան, որպեսզի նրանց համապատասխան օգնություն տրամադրվի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ