Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական կողմի խնդրանքով կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել կրակը:
Ռուսական կողմը խոստացել է ուկրաինական 4 քաղաքների՝ Կիևի, Խարկովի, Սումի և Մարիուպոլի շրջակայքում լռության ռեժիմ պահպանել առավոտյան ժամը 10:00-ից: Կիևի բնակիչներին առաջարկվում է բացված միջանցքով անցնել Բելառուս, իսկ այնտեղից՝ Ռուսաստան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը Մակրոնի հետ հեռախոսազրույցում դժգոհել էր, որ Կիևը նախկինի պես չի հետևում մարդասիրական հարցերում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Մասնավորապես, նա ասել էր, որ չնայած մարտի 5-ին հայտարարված լռության ռեժիմին՝ «ուկրաինացի ազգայնականները» թույլ չեն տվել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչներին և օտարերկրյա քաղաքացիներին դուրս գալ այդ քաղաքներից, իսկ լռությունն օգտագործել են ուժերը և դիրքերն ամրապնդելու համար:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին մտահոգություն էր հայտնել Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ուկրաինական ատոմակայանների անվտանգության ապահովման կապակցությամբ: Ի պատասխան՝ Պուտինը տեղեկացրել էր, որ ուկրաինական կողմը սադրանքի էր դիմել Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքում և կատարվածի պատասխանատվությունը ռուսական կողմի վրա դնելը «ցինիկ քարոզչական արշավ» է: Նա հավաստիացրել էր, որ ատոմակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, ռադիոակտիվ ֆոնը նորմայի սահմաններում է, իսկ ատոմակայանի «ֆիզիկական և միջուկային անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ