Ռուս-ուկրաինական պատերազմի 10-րդ օրն է. իրավիճակը չի թուլանում։ Հակառակը։ Ուկրաինական եւ ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրթիռակոծվել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւից մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գոստոմելի բնակավայրում գտնվող աէրոդրոմը։
Երեկ վաղ առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել Զապորոժյեի ատոմակայանի տարածքում, սա Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանն է։ Կրակահերթի հետեւանքով հրդեհվել էր ատոմակայանի համալիրի տարածքում գտնվող մի մասնաշենք։ Ուկրաինական փորձագետներն ասում են, որ եթե այն պայթի՝ հետեւանքներն ավելի սարսափելի կլինի, քան Չեռնոբիլի ատոմակայանի դեպքում էր։ Ուկրաինական աղբյուրների համաձայն, հրթիռակոծվում են Չեռնիգովն ու Ժիտոմիրը, որոնք սահմանակից են Կիեւի շրջանին՝ արեւմուտքից եւ հյուսիսից։
Հակամարտող կողմերը երեկ պայմանավորվել են հումանիտար միջանցք տրամադրել՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Սակայն դա վերաբերում է այն բնակավայրերին, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում։ Արդեն 1 միլիոնից ավելի բնակիչ է լքել Ուկրաինան, նրանք տեղափոխվում են այս երկրին հարակից արեւելյան Եվրոպայի երկրներ, Մոլդովա։
Կարդացեք նաև
Կիեւում բնակվող հայազգի Լիլյա Արզումանովան «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ եթե նախօրեին Կիեւում համեմատաբար հանգիստ էր, երեկ պարբերաբար պայթյունների ձայներ են լսվել, կարծում են՝ ուկրաինական հակաօդային համակարգն է աշխատում։ Մարդասիրական միջանցքի հնարավորությունից օգտվելու մասին էլ ասում է՝ չնայած այն վերաբերում է կրակի տակ հայտնված քաղաքներին, բայց տեղեկություն չկա, թե ինչպես է կազմակերպվելու, տրանսպորտ տրամադրելու են, թե՝ ոչ, ով է ապահովելու մարդկանց տեղափոխումը եւ այլն։
«Կիեւում նույնիսկ մի շրջանից մյուսը չես կարող գնալ, մանավանդ մեծերի ու երեխաների հետ։ Տարածությունը շատ մեծ է, ու, այնուամենայնիվ, վտանգ կա»,-ասում է Լիլյան։ Նա Հայաստանի քաղաքացի է, ամուսինը նույնպես հայ է, վաղուց է ապրում Ուկրաինայում, այդ երկրի քաղաքացի է, 9 տարեկան դուստր ունեն։
Նրանք իրենց բնակարանում են, դեռ չեն տեղափոխվում ապաստարան կամ շենքի նկուղ, մտածում են՝ տանն ավելի ապահով է։ «Մենք մետրոյին մոտ չենք բնակվում, իսկ հիմա հազարավոր մարդիկ են մետրոյում ապրում։ Գիտեք, պայթյունների ձայներն անընդհատ են լսվում, բայց մարտերը Կիեւի տակ են ընթանում, բուն Կիեւում 2-3 անգամ է եղել։ Արկն ընկել էր բնակելի շենքի վրա։ Հակաօդային ուժը երեկ հարվածել էր ինչ-որ հրթիռի, վնասվել է մեր ջեռուցման համակարգն ապահովող ցանցը։ Բայց Կիեւում ամեն ինչ աշխատում է՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա, շտապօգնությունն ու հրշեջ ծառայությունը։ Կարելի է ասել, որ Կիեւին հիմնականում չեն խփել, դեռ։ Իսկ ահա Կիեւի շրջակայքում շատ վատ է վիճակը, Կիեւից դուրս ամեն ինչ քանդված է»,-պատմում է Լիլյան։
Ասում է՝ խանութներում գրեթե ոչինչ չի մնացել, նույնը՝ դեղատներում, բայց հացով ապահովված են բնակիչները։ Հումանիտար շտաբեր են գործում աջակցության, կան՝ բնակիչներին սնունդ, դեղորայք եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ։
Լիլյան ասում է՝ չնայած Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարել է, որ եթե հասնենք սահման, առանց վիզայի կարող ենք հատել սահմանն ու գալ Հայաստան, բայց մեծ խնդիր է Ուկրաինայի մի ծայրից հասնել մյուս ծայրը՝ Եվրոպայի սահման, գրեթե հնարավոր չէ. «Տրանսպորտ բնականաբար չկա, մենք էլ ավտոմեքենա չունենք, տաքսի չենք կարող գտնել, որ տեղափոխի, չեն աշխատում, վտանգավոր է։ Ուկրաինայի տարածքային պաշտպանությունը ստուգում է ավտոմեքենաները, կանգնեցնում դրանք, պարեկային ժամ է։
Տղամարդկանց բաց չեն թողնում։ Երկաթուղային կայարանում էլ մարդիկ օրերով սպասում են, որպեսզի կարողանան գնացք նստեն»։
Ավելի շուտ չէին էլ մտածել լքել երկիրը, նախ՝ չէր ուզում ամուսնուն մենակ թողնել ու գոնե երեխայի հետ դուրս գար, եւ հետո՝ բոլորը հույս ունեին, թե պատերազմական գործողությունները 2-3 օրից ավելի չեն տեւի։ «Ես հիմա ավելի շատ ճանապարհից եմ վախենում, քան շենքում մնալուց։ Մեր բարեկամները Խարկովից տեղափոխվել են կողքի քաղաք, մեկ ժամի փոխարեն 14 ժամ է տեւել ճանապարհը։ Պատկերացնո՞ւմ եք ինչ վիճակ է։ Բացի այս, մեր կյանքն այստեղ է դասավորվել, Կիեւը մեր քաղաքն է, իմ սիրտն արդեն երկու երկրի համար է ցավում՝ Հայաստանի եւ Ուկրաինայի»,-ասում է Լիլյան։
Նա ասում է՝ Կիեւն անճանաչելի է դարձել, երեկոյան ժամերին՝ 20։00-ից հետո չի կարելի դուրս գալ. «Հայտարարել են՝ ով դուրս գա՝ համարվելու է դիվերսանտ. «Չեք պատկերացնի, թե պարետային ժամերին ինչ ահավոր տեսարան է, մեռյալ քաղաք, բնակարանների լույսերն էլ են անջատում, դրսում մարդ չկա, մեքենա չկա, շունչ չկա»։
Լիլյան պատմում է, որ իրենք, ինչպեսեւ ուկրաինացիները, չնայած սարսափազդու իրավիճակին, դրական են տրամադրված, ասում է՝ բոլորը վստահ են, որ հաղթանակն իրենցն է լինելու. «Այստեղ ռուսախոսներին չեն նեղացնում, իսկ Կիեւում շատ-շատ են ռուսախոսները։ Մյուս կողմից էլ շատերը, որոնք մոտ ազգականներ ունեն Ռուսաստանում, շատ մտահոգված են, թե ինչ է լինելու նրանց հետ Ռուսաստանում։ Երկու կողմն էլ շփոթված են ու անհանգստացած»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2022