Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական փոքրիկ սխալն անգամ կարող է ճակատագրական ու անդառնալի լինել մեզ համար

Մարտ 07,2022 13:30

Թե նորանկախ Հայաստանն ինչ խութերով է անցել եւ այսօր ինչ իրավիճակում է հայտնվել, այսպես թե այնպես, բոլորին է հայտնի ու ներկայումս հարցերի հարցն այն է, թե ինչպես փրկել իրավիճակը եւ Հայաստանը դուրս բերել այս անորոշ, աղետալի ու անապագա վիճակից, քանզի ծովից ծով Հայաստանից մնացել է այս մի բուռ երկիրը, որտեղ ապրում է տաղանդավոր եւ ստեղծագործ ժողովուրդ, սակայն կրիտիկական իրավիճակներում շատերը երկիրը տանում են հերթական կործանման, այնինչ նրանք պարտավոր էին ճիշտ հակառակն անել ու շենացնել, ծաղկեցնել Հայաստան երկիրն ու հաջորդ սերունդներին փոխանցել ուժեղ եւ կայացած Հայաստան:

1988թ.-ից Հայաստանի համար սկսվեց երկար սպասված զարթոնքի համազգային շարժումը, որի արդյունքում հայկական ուժերն Ադրբեջանի նկատմամբ տարան լուրջ հաղթանակ եւ ազատագրեցին Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող մի շարք տարածքներ, որոնք մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը գտնվում էին մեր ենթակայության տակ: Ադրբեջանն ու Թուրքիան երկար պատրաստություններից հետո, չափազանց մեծ ուժերով եւ գերժամանակակից ռազմական տեխնիկայով լայնածավալ հարձակում սկսեցին Արցախի տարածքների վրա եւ 44-օրյա պատերազմով գրավեցին Արցախի տարածքի 75 տոկոսից ավելին, մեզ պատճառելով մի քանի հազար մարդկային զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ եւ գերիներ:

Չնայած այդ հարձակումն անակնկալ չէր մեզ համար, ելնելով մեր եւ նրանց ռազմական ուժերի ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստակամությունից, մերոնք ջախջախիչ պարտություն կրեցին, որը եւ սպասելի էր, քանզի անցնող մոտ 30 տարիների ընթացքում մեր անվտանգության համակարգերը ոչ մի առաջընթաց չգրանցեցին, ավելին՝ շատ անհասկանալի էր հայկական կողմի չարդարացված հանգստությունը, որով տպավորություն էր ստեղծվում, որ թշնամու նկատմամբ այնքան գերակա վիճակում էինք, ուղղակի սպասում էինք հարմար պահի, որ նրանք սխալվեն ու հարձակում գործեն, եւ մենք անմիջապես ու շատ արագ հիմնովին ջախջախեինք նրանց: Սակայն եղավ ճիշտ հակառակը եւ պարտության հետեւանքներն առ այսօր չափազանց ճակատագրական են մեզ համար: Փաստացի, մերոնք հայտնվեցին երկարատեւ նոկդաունի մեջ, իսկ թշնամին այնքան ոգեւորվեց, որ 2021թ. մայիսի 12-ից սկսած, առանց որեւէ դիմադրության, սկսեց գրավել արդեն Հայաստանի տարածքները, որոնք մինչ օրս էլ նրանց տիրապետության տակ են:

Նման կարգավիճակում մերոնց համար շատ դժվար է լինելու զսպել նրանց հաղթարշավը: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա վերջին հարյուր տարում Հայաստան երկիրը հայտնվել է աննախանձելի վիճակում, երբ առանց չափազանցության՝ կշեռքի նժարին են դրված Արցախի եւ անգամ Հայաստան պետության, պետականության լինել-չլինելու հարցը: Սա մի իրավիճակ է, որից փրկությունը մեկն է. միայն համայն հայության համախմբվածությամբ ու միասնականությամբ հնարավոր կլինի կանգնեցնել հայկական պետությունների կործանումը: Ասվածը կարող է շատերին չափազանցված թվալ, սակայն իրավիճակի առողջ եւ սթափ վերլուծությունը զուտ սրա մասին է վկայում: Հատկապես վերջին մեկ-երկու տարում մեր սխալներն այնքան շատ են եղել, որ հերթական փոքրիկ սխալն անգամ կարող է ճակատագրական ու անդառնալի լինել մեզ համար: Սա նաեւ ոչ այլ ինչ է, քան լրջագույն ահազանգ՝ ուղղված ողջ հայությանը:

Իհարկե, Արցախյան վերջին պատերազմի պարտության պատճառները շատ են, դրանցից մեկը եւս մեծ դեր խաղաց մեր պարտության համար: Դավաճանությունների շարք, դրանց առթիվ հարուցված քրեական գործերով փորձում ես հասկանալ շարժառիթը:
Մի՞թե հայ մարդը կարողացավ հայրենիքի թեկուզ մեկ թիզ հողը, իր հազարավոր ազգակիցների կյանքը զոհել հանուն մի քանի գրոշի:

Դրանից հետո ինչպես է այդ արարածը շարունակելու ապրել, հաց ուտել, գրկել իր երեխաներին ու թոռներին, դուրս գալ մարդամեջ:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031