Ֆրանսիահայ դերասան եւ բեմադրիչ Ժիրայր Փափազյանի համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն առանձնակի նշանակություն ունի, քանի որ ճակատագրի բերումով անընդհատ առնչություններ է ունենում Մայր թատրոնի հետ: Ասում է, որ մեծ հոր հորեղբայր Արմեն Արմենյանը, որ Հայաստանի խորհրդայնացումից հետո առաջիններից էր, որ տեղափոխվեց Հայաստան, մայր թատրոնի հիմնադիրներից է: Փափազյանի ձեւակերպմամբ, Արմենյանը Փարիզում սովորած մարդ էր, որը ժամանակին ֆրանսիական տրադիցիա եւ ոճ է բերել Հայաստան: Հավելում է, որ իր առաջին ներկայացման ժամանակ ծանոթացել է Արմենյանի դստեր հետ, որն արցունքն աչքին ասել է, թե ինքն իր հայրիկին է հիշեցրել:
Փափազյանը կարծում է, որ ֆրանսիականությունը իրենց մեջ գենետիկ է: Հիշում է Համազգային թատրոնի տնօրեն եղած ժամանակ իրեն Փարիզից Հայաստան է հրավիրել Վարդան Մկրտչյանը եւ ցանկություն հայտնել որեւէ ֆրանսիական թեթեւ գործ բեմադրված տեսնել Համազգայինում: «Բոլորն ասում են, որ Ֆրանսիական մշակույթն իմ մեջ շեշտադրված է, սակայն դա միայն Փարիզից չի գալիս, ես Եգիպտոսում եմ ծնվել, որը շատ ֆրանսիական է: Իմ ծնողները ֆրանսիական լիցեյներ ավարտած մարդիկ էին, ֆրանսիական թատրոնն ու գրականությունը մեր ընտանիքին հոգեհարազատ է… ֆրանսերեն սովորել եմ հենց Եգիպտոսում, եւ երբ հիմա ֆրանսերեն խոսում եմ եւ արդեն 30 տարի է՝ Ֆրանսիայում եմ ապրում, հարցնում են` որտեղ ես այդքան լավ ֆրանսերեն խոսել սովորել, կատակով պատասխանում եմ` պարզ չէ՞, ես Եգիպտոսից եմ»,-ասում է մեր զրուցակիցը:
Խոսելով Մալյան թատրոնի «Ատամնաբույժն…նորե՞ն» ներկայացման մասին, որն, ի դեպ, այս թատրոնի ամենադիտված ներկայացումներից է, Ժիրայր Փափազյանը հավելում է, որ դինամիկ այս բեմադրությունը ստեղծելիս ի սկզբանե չի մտածել ֆրանսիական ոճով ինչ-որ բան անել, ամեն անգամ իր մոտ դա ակամա է ստացվել:
Դառնալով Մայր թատրոնի թեմային, Ժիրայր Փափազյանը մի պատմություն հիշեց: Երբ ավարտում էր բուհը, այն տարիներին պարտադիր էր որեւէ թատրոնում բեմադրություն անելը, եւ երիտասարդ բեմադրիչները ստիպված էին համոզել որեւէ թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ իրենց դիպլոմային աշխատանքը տվյալ թատրոնում ներկայացնելու համար: «Սունդուկյան թատրոնի դեպքում բոլորն ասում էին, որ դա անհնար մի բան է…Մի առիթով ես «Անի» հյուրանոցում հանդիպեցի Վարդան Աճեմյանին` Լուիզա Սամվելյանի հետ սուրճ խմելիս: Լուիզան կանչեց ինձ ու ներկայացրեց Վարդան Աճեմյանին: Աճեմյանը նայեց ինձ ու հարցրեց` այդ դո՞ւք չէիք , որ «Ադրիում» մենաներկայացում խաղացիք…Ապշած էի… Ես տեղյակ էլ չէի, որ ինքը ներկա է եղել մենաներկայացմանը…Առիթն օգտագործելով, ասացի, որ արտասահմանցի ուսանողներին տեղ չեն տալիս: Նա ասաց, որ փորձերը կարող եմ Սունդուկյանում անել, այնուհետեւ Աճեմյանի միջնորդությամբ հեռուստաթատրոն մուտք գործեցի…Ներկայացմանս մեջ Գուժ Մանուկյանն ու Վիոլետա Գեւորգյանն էին խաղում: Շատ գեղեցիկ ներկայացում էր ստացվել»:
Կարդացեք նաև
Ժիրայր Փափազյանի հետ զրույցում անդրադարձ եղավ մի ներկայացմանը, որով ինքն ու նախկին կինը` Նորա Արմանին շրջել էին աշխարհով մեկ, այնուհետեւ այդ ներկայացումը ներկայացրել Սփյուռքահայ թատրոնների փառատոնին, որը խաղացել էին Սունդուկյան թատրոնում, արժանացել հանդիսատեսի ու Խորեն Աբրահամյանի ջերմ վերաբերմունքին: Դրանից հետո իրենց շնորհվել էր նաեւ Գաբրիել Սունդուկյանի պատվո անդամի տիտղոսը: Պարոն Փափազյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ որպես պատվո անդամ կուզենար ներկա լինել Մայր թատրոնի 100-ամյակին, վատ չէր լինի, որ 100-ամյակի տորթից էլ համտեսել: Նա ընդգծեց, որ ասածում չկա նեղացածություն, հատկապես, որ Սունդուկյան թատրոնի ղեկավարներն իր համար սիրելի եւ մտերիմ մարդիկ են: Ժիրայր Փափազյանը ցանկություն հայտնեց որեւէ բեմադրություն անել Սունդուկյան թատրոնում, եթե տնօրեն Վարդան Մկրտչյանն ու գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը դեմ չլինեն: «Վարդան Մկրտչյանն առաջինն էր, որ ինձ հրավիրեց այստեղ, մեկ-մեկ կատակով ասում եմ` քո մեղքով է, որ Հայաստանում եմ»,-ժպտում է նա:
Քանի որ պատերազմից հետո մեր կյանքը բաժանվել է երկու շրջանի՝ պատերազմից առաջ եւ պատերազմից հետո, հետաքրքրվեցինք, թե այս պարագայում ինչպիսի թեմաներ պետք է շոշափեն թատրոնները: «Իսկապես բոլորիս հոգեբանությունը փոխվել է: Օրինակ, ես պատերազմից առաջ սկսել էի թատերական ինստիտուտի ավարտական կուրսում մի ներկայացում բեմադրել, ընտրել էի պիես, ինչ-ինչ աշխատանքներ էինք արել, սակայն այս տխուր վիճակից հետո պիեսն ավելորդ թվաց ինձ: Շատ չարչարվեցի, թե ինչ պետք է անել, վերջը Շեքսպիրը ինձ փրկեց… Հիմա բոլորիս առաջ ծառացած է այդ հարցը` ի՞նչ բեմադրել: Ես, օրինակ, կարծում եմ, որ արժի բեմադրել Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» գործը, 100 տարի առաջ կարծես այսօրվա մասին է խոսում, մեջն էլ ուժեղ սիմվոլիզմ կա»,-ասաց բեմադրիչը: Հավելեց, որ այս թեմայով խոսել է մի քանի հոգու հետ, բայց դրա համար գումար է անհրաժեշտ, իսկ բեմադրիչները հարուստ մարդիկ չեն եւ նման նախագծեր միայնակ չեն կարող իրականացնել: Ներկայումս աշխատում է մի ծրագրի վրա, որը պատրաստվում է իրականացնել Պատանի հանդիսատեսի թատրոնի հետ: Պարոն Փափազյանը «փակագծեր» դեռ չբացեց: Բայց զրույցի ավարտին կրկին ընդգծեց, որ ճակատագրական առումով անընդհատ իրեն «հանդիպող» Սունդուկյան թատրոնի հետ կուզենար որեւէ նախագիծ անել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
05.03.2022