Սերգեյ Խաչատրյանը` համերգային թատերականացված ժանրի մասին
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հերթական տոն պարգեւեց հանդիսատեսին։ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերացությամբ երաժիշտը հանդես եկավ Շումանի Ջութակի կոնցերտի մեկնաբանմամբ։ Այս երկում, մենակատարի եւ նվագախմբի նվագաբաժինները ոչ թե հակադրվում են, մրցակցում, ինչպես ավանդական կոնցերտի ժանրում, այլ՝ համադրվում են։ Իսկ Ջութակի նվագաբաժնում, որը հագեցած է մեղեդային բազմապիսի դրվագներով, վիրտուոզային փայլը ինքնանպատակ չէ, այլ ենթարկված է ընդհանուր կերպարային մտահղացմանը։
Արեւմտյան մամուլը վերջին շրջանում անդրադառնալով ջութակահարի վիրտուոզ կատարումներին, նշում է նաեւ երաժշտի զուսպ «դասական» կեցվածքը բեմում։ Մենք էլ ավելացնելով կընդգծեինք Սերգեյ Խաչատրյան մարդու զուսպ եւ ինչ-որ տեղ չափից ավելի համեստությունը` անկասկած պայմանավորված ընտանեկան դաստիարակությամբ։
Բարձրարվեստ երաժշտին ներկայացնելու հարկ չկա, այդ պատճառով էլ ընդամենը մեկ հարց ուղղեցինք։ Ջութակահարն իր որոշ գործընկերների օրինակով չի՞ պատրաստվում շեղվել իր զուտ դասական ելույթներից եւ տուրք տալ ժամանակակից միտումներին, հիշեցրինք նաեւ, որ իր քրոջը, ճանաչված դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանին դարձյալ արեւմտյան մամուլը բնորոշում է դասական երաժշտության ասպարեզում` դաշնամուրի պոետ` նկատի ունենալով Լուսինեի դերասանական խաղը ցանկացած ստեղծագործություն մեկնաբանելիս։
Կարդացեք նաև
«Առաջին հերթին ես այդ երեւակայությունը չունեմ, ինչպիսին իմ քույրը: Նա միշտ է սիրել թատրոնը, ես, իհարկե, նույնպես սիրում եմ, բայց չեմ տեսնում ինձ այդ «ժանրում»։ Դա ստեղծագործելու ուրիշ կերպ է։ Ես մեկնաբանում եմ կոմպոզիտորի ասելիքը, իսկ քույրս ստեղծում ու ներկայացնում է նաեւ իր մտահղացումները։ Շատ եմ գնահատում այն «դաշնամուրային թատրոնները», որ նա հրամցնում է հանդիսատեսին։ Կարծում եմ, որ դա ապագա ունի եւ կարող է ավելի մասսայական դառնալ, քան ավանդական, ակադեմիական համերգը։ Մարդիկ սիրում են վիզուալիզացված, ինտերակտիվ համերգներ, երբ բացի նվագելը` կատարողը նաեւ խոսում է իրենց հետ… Այդպիսի միջոցները, թերեւս, ավելի պատկերավոր ու դիտարժան են ներկայացնում երաժշտի ասելիքը։ Բայց այսօր, ցավոք, ամեն ինչում որակը հետին պլան է մղվում, մենք էլ վերածվել ենք ամեն ինչին մակերեսորեն նայող հասարակության։ Մյուս կողմից, վիզուալ ժանրում էլ կարելի է խորը բովանդակություն ունեցող բան ստեղծել։ Ինձ թվում է, որ մարդկանց համար հետզհետե ավելի գրավիչ կդառնա համերգային կամ մենահամերգային թատերականացված ժանրը»,- պատասխանեց ջութակահարը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2022