Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հաջողությունը հավերժ չէ, ձախողումը հավերժ չէ. քաջությունը կարող է փոխել ամեն ինչ»

Մարտ 07,2022 12:00

«Եթե դուք հաղթել եք, կարիք չունեք ոչինչ բացատրվելու… Իսկ եթե պարտվել եք, ապա դուք չպետք է լինեք այնտեղ, որպեսզի բացատրվեք»: Այս խոսքերը 20-րդ դարի մեծագույն ավանտյուրիստ ու ամբոխավար Ադոլֆ Հիտլերի պատգամն է՝ ուղղված երկիրը պարտության տարած կառավարություններին եւ ուղիղ պատասխանը ԱԺ 44-օրյա պատերազմի հետեւանքները քննող հանձնաժողովին: Անշուշտ անասելի ծանր է մեզ պատուհասած ողբերգությունը, բայց մենք իրավունք չունենք մոլորվելու, հուսահատվելու եւ գլուխներս կորցնելու: Պետք է սթափվել ու դուրս գալ այս դեպրեսիայից, պարտվողի հոգեվիճակից, անարժանապատիվ ու խղճուկ պահվածքից: Ժամանակը եւ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացները մեր օգտին չեն աշխատում, պատերազմն էլ դեռ չի ավարտվել: Միայն սգալով, խաչքարեր տեղադրելով ու մոմավառությամբ ոչնչի չենք հասնի, մենք կանգնած ենք համազգային աղետի՝ մեր տեսակի, երկու հայկական պետականության եւ հայրենիքի կորստի իրատեսական սպառնալիքի առջեւ:

Մենք կորսված հայրենիքի ու ազգային արժանապատվության վերականգնման խնդիր ունենք: Մենք երկրի անվտանգության, փլուզված տնտեսության ու կրթական համակարգի, արժեզրկված պետական ինստիտուտների, Հայաստանի միջազգային կորսված հեղինակության ու սուբյեկտայնության, խեղված արժեհամակարգի, բարոյականության վերականգնման ու ստրկամտության հաղթահարման խնդիր ունենք: Վերջապես մենք պարտավորություն ունենք մեր նահատակների ու մեր սերունդների առջեւ: Իսկ այսպես՝ խաղաղության դարաշրջանի ժողովրդահաճո ու անիրատեսական կարգախոսի ներքո մեզ կամաց-կամաց ներքաշում են թրքահպատակության հորձանուտը, որտեղից դուրս գալը կամ անհնարին է լինելու, կամ հնարավոր կլինի համազգային մեծ կոնսենսուսի, դիմադրության ու համախմբման դեպքում միայն: Ինչպես Սեւակը կասեր՝ «Մեզ սպանեցին մեր հայրենիքում, բայց հայրենիքը չեն կարող սպանել մեր մեջ»:

Իսկ ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից: «Նա, ով ցանկանում է ապրել, պետք է պայքարի, եւ ով հավերժական պայքարի այս աշխարհում չի ցանկանում մասնակցել կռվի, նա արժանի չէ կյանքի իրավունքին: Երկրագունդն էլ պարզապես փոխանցիկ գավաթ է, որը տրվում է հաղթած չեմպիոնին»,-ասել է Ադոլֆ Հիտլերը: Այս աննախանձելի վիճակում, որ հայտնվել ենք՝ մեր խելքից է: Մենք շրջահայաց չենք, մեզ խաբում են թե դրսից, թե ներսից, մենք լուրջ չենք վերաբերվում պետությանն ու քաղաքական գործընթացներին: Անհասկանալիորեն երկրի նախագահ ու պետության գլուխ կարգեցինք եւ չորս տարի հանդուրժեցինք մեկի անգործությունն ու բացահայտ անտարբերությունը, ով չուներ ոչ մի կապ հայի ու Հայաստանի հետ: Հետո դրսից կազմակերպված հեղափոխություն կոչված ավանտյուրայի արդյունքում փողոցից իշխանության բերեցինք, պատգամավոր ու նախարարար դարձրինք եւ պետություն վստահեցինք պատահական՝ անփորձ, անհայտ անցյալ ու ծագում ունեցող մարդկանց: Իսկ երեք տարի անց էլ վստահության քվե տվեցինք ժողովրդի գլխին աղետ բերած եւ երկիրը ճգնաժամի հասցրած եւ պարտության, քաոսի ու նվաստացման տարած նույն իշխանություններին: Եվ հիմա պտուղները քաղում ենք: Ահա սա է մեր լրջության, պատասխանատվության ու քաղաքական հասունության մակարդակը: Պատմությունն էլ վկայում է, որ ողբերգություն ու աղետ է լինում այն երկրներում, որտեղ առաջին դեմքերը առաջինը չեն իրենց հպատակների մեջ: Նույնիսկ այս իմաստությամբ եւ իրենց անվտանգության ու տեսակի պահպանության բնազդով են առաջնորդվում վայրի գազաններն ու թռչունները: Եվ ոչ պատահականորեն ամենախելացի, ամենափորձառու գազանը կամ թռչունն է դառնում ոհմակում կամ երամում առաջնորդ: Արեւմուտքի կողմից հրահրած գունավոր հեղափոխությունների արդյունքում էլ փողոցից եկած իշխանությունների ապաշնորհ կառավարման եւ ապազգային կեցվածքի պատճառով Վրաստանը, Հայաստանը եւ Ուկրաինան ունեցան մարդկային, տարածքային, բարոյական ու նյութական ահռելի կորուստներ, եւ կանգնած են պետականության կորստի իրական սպառնալիքի առջեւ: Հիմա էլ Արեւմուտքը եղբայրասպան պատերազմ ու ատելություն է հրահրում ռուսների եւ ուկրաինացիների միջեւ:

Արեւմտյան երկստանդարտ ժողովրդավարության ու խառնակչության զոհը դարձան նաեւ Մերձավոր Արեւելքի շատ երկրներ, Աֆղանստանն ու Հարավսլավիան, խեղվեցին միլիոնավոր ճակատագրեր: Եվ եթե չլիներ Ռուսաստանի զսպող դերը, աշխարհում ավելի շատ աղետներ կլինեին, ավելի շատ երկրներ կկանգնեին քայքայման եզրին: «Չգիտես ինչու, ամերիկացիների պատճառած ավերածությունն ազատություն է եւ ժողովրդավարություն, իսկ նրանց դիմադրությունը ահաբեկչություն եւ ֆանատիկ անհանդուրժողականություն»,-ասել է Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա Բեն Լադենը: Հետխորհրդային տարիներին էլ Արեւմուտքը միջազգային չափանիշներին համապատասխան ճանաչեց կեղծված բոլոր ընտրությունները: Մեզ էլ կերակրեցին ժողովրդավարություն, եվրոպական արժեքներ, մարդու իրավունքներ, ժողովրդավարության բաստիոն ու բարեփոխումներ կոչված ժողովրդահաճո կեղծ արժեքներով, ինչի արդյունքում ունեցանք կորսված ու քայքայված հայրենիք, ապականված բարոյական արժեքներ ու թշվառության մատնված ժողովուրդ: Արեւմուտքի ժողովրդավարությունն էլ ամերիկացի լրագրող եւ երգիծաբան Լուի Մենկենի խոսքով՝ «Կրկեսը կապիկի վանդակից վարելու արվեստն է», իսկ նպատակը՝ մրցակից երկրների առաջանցիկ զարգացումը կասեցնելն ու ռեսուրսներով հարուստ երկրները քայքայելն է եւ այդ երկրների հարստություններին ու շուկաներին տիրանալը: Բելառուսներն, օրինակ, սա ժամանակին հասկացան, հանդես բերեցին խոհեմություն եւ խուսափեցին «ժողովրդավարության» զոհը դառնալուց, դասեր քաղելով ուրիշների սխալներից: Այդ ժողովրդավար Արեւմուտքն էր, որ 1917թ. հեղափոխություն կազմակերպեց ու քայքայեց Ստոլիպինյան ռեֆորմների շնորհիվ արագ տեմպերով զարգացող Ռուսաստանը: «Լենինին գերմանացիները բերել են Ռուսաստան այնպես, ինչպես տիֆի կամ խոլերայի մանրէներով սրվակ…»,-գրել է Ուինսթոն Չերչիլը:

Այդ Արեւմուտքի ժողովրդավարության արդյունքում ու Գորբաչովյան, այսպես կոչված, վերակառուցման միջոցով փլուզեցին ԽՍՀՄ-ը: Այդ Արեւմուտքի աջակցության ու լուռ համաձայնությամբ թուրքերի կողմից իրականացվեց 1915թ. հայոց ցեղասպանությունը, իսկ ժողովրդավար ԱՄՆ-ը ու Անգլիան միայն 105-106 տարի անց ճանաչեցին Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը: Եվ պատահական չէ, որ Թումանյանն Առաջին համաշխարհային պատերազմի եւ հայերի ցեղասպանության ազդեցության տակ Արեւմուտքից հիասթափված, իր ժողովրդի եւ ամբողջ մարդկության փրկությունը որոնելով «աստվածային» Արեւելքում, 1921 թ. մայիսի 1-ին գրել է. «Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու, Արեւմուտքի ստրուկները մեքենայի եւ ոսկու, Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ: Դեպ Արեւելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու…»:

Ի դեպ, երկու համաշխարհային պատերազմն էլ հենց Եվրոպայից է սկսվել: Իսկ 2020թ. սեպտեմբերին Արեւմուտքի ժողովրդավարների սառը ու անտարբեր հայացքի ներքո թուրքերը ահաբեկիչներ էին տեղափոխում Ադրբեջան՝ հայերին սպանելու համար, ֆոսֆորային արգելված ռումբեր էին օգտագործում: Հայաստանն էլ նորից կանգնեց բնաջնջման ու հայրենազրկման սպառնալիքի առաջ, կորցնելով 5000 երիտասարդների ու Արցախի 70 տոկոսը: Արեւմուտքն էլ ժողովրդավարության ու միջազգային չափանիշներին համապատասխան ճանաչեց Հայաստանում կայացած հետխորհրդային կեղծված բոլոր ընտրությունները, մեր մեջ սպանեց անհատականությունը, ազգային արժանապատվությունը, մեզ մատուցեց ցածրարժեք մշակույթ, աճեցրեց հնազանդների, ամորֆ ստրուկների ու այլասերվածների մի մեծ բազմություն, երկիրը քայքայելու եւ դրսից կառավարելի դարձնելու նպատակով: Իսկ ինչպես Մարկ Ցիցերոնն է ասել. «Ստրկությունը բոլոր դժբախտություններից ամենածանրագույնն է»:

Մարքսն էլ գտնում էր, որ. «..Չկա ոչինչ ավելի ահավոր ու ավելի նվաստացուցիչ, քան լինել ստրուկը ստրուկի»: Հիմա մենք ստրուկն ենք մեր ներքին ստրուկի, թուրքի, սեփական թշվառների եւ օտար արժեքների ու բարքերի: Հիմա մեզ մնում է ամաչել մեր արատների ու սխալների համար՝ մեր անխոհեմության, մեր կրած անհասկանալի պարտության, պոպուլիզմի ու իրականությունից կտրվելու, մեր ձեւավորած իշխանության, հայրենադավության ու ազգուրացության համար:

Պարտությունը, սակայն, ամենեւին էլ վերջը չէ, դա միաժամանակ ամեն ինչ նորից, բայց ավելի խոհեմ սկսելու հնարավորություն է: Ուինսթոն Չերչիլն է ասել, որ. «Հաջողությունը հավերժ չէ, ձախողումը հավերժ չէ. քաջությունը կարող է փոխել ամեն ինչ»: Իսկ երեւի, որ խելքի գայինք, մի հատ պետք է խորն անդունդն ընկնեինք, մի հատ լավ նվաստանայինք ու աշխարհով մեկ խայտառակ լինեինք, երեւի պետք է պարտվեինք ու այսքան ծանր կորուստներ ունենայինք, երեւի պետք է անհոգ ու արխային վիճակից դուրս գայինք ու անելանելի վիճակի մեջ ընկնեինք, որ ելքեր փնտրեինք: Իսկ մեզ տրված է պատմական վերջին ոչ այդքան մեծ շանսը եւ շատ քիչ ժամանակ՝ լինել-չլինելու, պետություն ու հայրենիք ունենալու եւ չունենալու ընտրության համար: Չկան ժողովուրդներ, որ չկարողանան վերածնվել: Իսկ ստեղծված վիճակից դուրս գալու ելքը ազգովի փոխվելն ու համախմբվելն է, պետականության ու հայրենիքի եւ աղգի ընտրանու ձեւավորումն ու արժեւորումն է, ելքը մեր միջի ստրուկին սպանելն է ու բարոյական եւ ազգային բարձր արժեքներ կրող արժանապատիվ քաղաքացու դաստիարակումն է: Հաջողություն անպայման կունենանք, եթե համախմբվենք, եթե դասեր քաղենք կատարվածից, եթե ձախողումների ու անհաջողությունների պատճառը մեր մեջ փնտրենք եւ հույսներս մեր վրա դնենք: Ինչպես Թումանյանը կասեր. «Քանի որ մեր ներսից է ցեցը կերած, մեր ներսն է փչացած, ուրեմն փրկությունը մեր ներսում պետք է փնտրել»:

Հայը հազարամյակներ լինելով ինչպես Արեւմուտքի ու Արեւելքի, այնպես էլ Հյուսիսի ու Հարավի շահերի բախման խաչմերուկում, անընդհատ ենթարկվել է ասպատակությունների եւ այդ գոյապայքարում ապրելով օտար պետությունների, կրոնների ու կառավարիչների հպատակությամբ, ստիպված է եղել խորամանկել, քծնել, կաշառել, խաբել, թաքցնել իր մտքերն ու զգացմունքները: Արդյունքում նրա հոգեւոր արժեքներն ու ազգային ինքնությունը ստացել են շատ խորը վերքեր: Իսկ այդ վերքերն ապաքինելը այդքան հեշտ չի լինելու, համենայնդեպս, դա մեզ չի հաջողվել շուրջ 1,5 հազարամյակ՝ Խորենացուց մինչեւ մեր օրերը, ինչը ենթադրում է, որ մեր հոգեւոր, ազնվական բարձր արժեքներին ու ազգային սովորույթներին վերադարձի համար անհրաժեշտ կլինի համազգային ու պետական համապարփակ ծրագիր ու արմատական քայլեր: Նժդեհը գտնում էր, որ. «Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը»: Իսահակյանն էլ մեզ պատգամել է. «Թե որ կուզես տունդ պահել մաս-մաքուր, սանդուխքները լվանում են վերեւից»:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
05.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031