Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ուզածն իր մոտ չի ստացվելու, բայց Հայաստանը դրանից կարող է տուժել»

Մարտ 07,2022 15:30

ՀՀ-Թուրքիա երկխոսության ներկայիս փուլի, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետեւանքների մասին «Առավոտ»-ը զրուցել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։

-Պարոն Միքայելյան, Ձեր նախորդ հարցազրույցներում արտահայտած եզրակացությունները հաշվի առնելով՝ ի՞նչ հիմքեր ունեք ենթադրելու, որ ՀՀ իշխանությունը ռազմավարական նպատակ է դրել Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու, եւ, ձեր դիտարկմամբ, ի՞նչ են ակնկալում այդ հարաբերությունների լավացումից, ո՞րն է դրա վերջնանպատակը։

-Վերլուծություններիս հիմքն առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ վարչապետ դառնալը հոդվածներն են, որոնք հրապարակվել են 2000-ականներին։ Դրանցում նա բացահայտը ասել է, որ ոչ մի վատ բան չի լինելու, եթե ՀՀ-ն Թուրքիային Սյունիքով տա միջանցք։ Նա պնդել է, որ դա պետք է անել, նաեւ պնդել, որ Ռուսաստանի ներկայությունը պետք է դուրս բերել Հայաստանից։ Կարծում եմ՝ նա այս մոտեցումները հիմա էլ չի փոխել։ Նպատակը խոշոր հաշվով սա է։ Վերջնարդյունքն այն է, որ իր ասած «Նոր Հայաստան»-ը կառուցվի, այսինքն՝ ՀՀ-ում լրիվ այլ քաղաքական միջավայր ստեղծվի։ Իսկ թե ինչ հետեւանքներ կլինեն, նախ հասկանանք, որ իր ուզածն իր մոտ չի ստացվելու, բայց Հայաստանը դրանից կարող է տուժել, սա է խնդիրը, որովհետեւ Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս բերելը դժվար թե ստացվի, բայց Հայաստանի իշխանությունների եւ Հայաստանի վրա Ռուսաստանը կարող է ինչ-որ տեղ ավելի շատ ճնշում գործադրել՝ դրա բացասական հետեւանքներով, որոնք մենք արդեն իսկ կրել ենք Արցախում։ Այսինքն, անգրագետ, սխալ հաշվարկված արտաքին քաղաքականությունը բերում է հետեւանքների։ Ուկրաինայում հիմա տեսնում ենք նույնը, եւ կատարվողը շատ ցավալի է։ Ամեն դեպքում, երկրի ղեկավարն իր երկրի շահերը պետք է հաշվի առնի, ոչ թե վերացական, ինչ-որ գլոբալ շահերի մասին մտածի։

-Հայաստանում Թուրքիայի տնտեսական ներկայության ինչպիսի՞ ծավալների մասին կարող ենք ենթադրել, եւ տնտեսական գործոնը որքանո՞վ է նպաստելու երկու երկրների միջեւ քաղաքական, հասարակական երկխոսությանը։ Իշխանության՝ հայ-թուրքական սահմանը բացելու տեսլականի մասին է խոսքը։

-Թուրքիայից դեպի Հայաստան ներկրումն էապես կաճի։ Երկրորդ, տեսականորեն կարող են ստեղծվել թուրքական առեւտրային ցանցեր։ Թուրքական ներկայությունը հայաստանյան շուկայում էապես կավելանա եւ առաջնահերթ դա տեղի կունենա պարենային, գյուղատնտեսական ապրանքների շուկայում, նաեւ թեթեւ արդյունաբերությունում, կոշիկի, հագուստի արտադրությունում։ Վերջիններս ՀՀ-ում ոտքի կանգնեցին վերջին 5-10 տարում՝ դժվարություններով։ Այդ ոլորտները դժվար կկարողանան մրցակցել։ Հայկական ապրանքները քանակով քիչ են, հատկապես՝ գյուղատնտեսականները։ Ուստի եթե թուրքական ապրանքները մտնեն ՀՀ, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու այն իմաստով, որ չենք կարողանալու մրցակցել։ Չեմ տեսել քննարկում, որ այս խնդրին լուծում են տալու։ Ավելին՝ էկոնոմիկայի նախարարը երբ ասում է, որ 30% աճ է լինելու, անհասկանալի աղբյուրներից է օգտվում։ Օրինակ՝ Վրաստանի տնտեսությունը ՀՀ-ից առաջ չի, ինչի՞ց են ենթադրել, որ Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի հետ սահմանից բացումից պետք է աճի։ Ի՞նչ տեսքով է աճելու։ Անհեթեթություններ են… կոշտ ասած՝ անգրագետ հայտարարություններ են»։

-Հայ-թուրքական երկխոսության կողմերի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը բանակցությունները շարունակում են առանց նախապայմանների։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հիմքեր կան պնդելու, որ թուրքական կողմը չունի կամ ինչ-որ փուլում չի առաջադրելու նախապայմաններ։

-Նախ, նախապայմանների զգալի մասն արդեն կատարվել են։ Փաշինյանն արդեն հաստատել է, որ ցեղասպանության թեման օրակարգից դուրս է բերվում։ Արցախի տարածքները հանձնված են, իսկ Կարսի պայմանագրի վավերացման խնդիրն առանձին հարց է։ Նախապայմանների զգալի մասը կատարված են իրականում։ Բացի այդ, հետեւենք գործընթացին։ Թուրքիան ասում է, որ ուրիշ նախապայման չկա, բայց դա իրականությո՞ւն է։ Կասկածներ ունեմ, որ իրավիճակն այլ կարող է լինել»։

Զրուցեց
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031