Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովա գործուղման մեկնած Գյումրու ԵՆԿ աշխատակիցները՝ ռուս-ուկրաինական պատերազմի ակամա վկաներ (Ֆոտոշարք)

Մարտ 06,2022 23:42

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի  ներկայացուցիչներ Վալյա Մարտիրոսյանը և Մարիամ Ղարագյոզյանը, որոնք գործուղման էին մեկնել Մոլդովայի Հանրապետություն փետրվարի 21-ին՝ 3 օրով, սակայն Ուկրաինայում սկսված պատերազմի պատճառով բավական դժվարությամբ էին հայրենիք վերադարձել, Aravot.am-ին ուշագրավ մանրամասներ պատմեցին իրենց ճամփորդությունից ու պատերազմի գույժից անակնկալի եկած հայ ընտանիքների խնդիրներից։

Նշենք, որ  Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն այս տարի ևս հաղթել էր ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի կողմից Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում 2022 թվականին «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնների գործունեությունը շարունակելու նպատակով հայտարարված մրցույթը։

Եվ այս կառույցի աշխատակիցները Մոլդովայի Հանրապետություն էին մեկնել՝ մասնակցելու  վերոհիշյալ  ծրագրերի տեղեկատվական կենտրոնների տարեկան հանդիպմանը, որին մասնակցում էին տարածաշրջանի վեց երկրների և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ։

Մասնակիցները ստիպված են եղել իրենց երկրներ վերադառնալ Եվրոպայից (Մոլդովան փակել էր օդը պատերազմի առաջին օրվանից), սակայն Հայաստանի ներկայացուցիչները, չունենալով շենգենյան վիզա, ստիպված են եղել նախ և առաջ լուծել վիզայի խնդիրը: Դրանից հետո Մոլդովայից գնացքով մեկնել են Ռումինայի սահմանային Յասի քաղաք, որտեղից էլ Յասի-Վիեննա-Երևան չվերթով վերադարձել են Հայաստան։

Նրանք պատմում են, որ այն ինչ կատարվում էր գնացքում,  կարծես անիրական լիներ: Գնացքում հավասարաչափ ինչպես ուկրաինացի փախստականներ, այնպես էլ հայ ընտանիքներ են եղել։ Նրանք ակամա զգացել են պատերազմի շունչը՝  վերապրելով արցախյան 44-օրյա պատերազմի դաժան օրերը։

ԵՆԿ-ի աշխատակիցներն Aravot.am-ին տրամադրել են նաև լուսանկարներ՝ գնացքից, Յասիի երթուղային կայարանից, օդանավակայանից, անգամ Քիշնևի շենքերից մեկը, որը պատերազմի հենց հաջորդ օրը «սթրիթ արթի» նկարիչների կողմից ներկվել է ուկրաինական դրոշի գույներով մի գիշերվա ընթացքում։

«Աչքիս առաջ է տեսարանը, ընտանիքները՝ մանկահասակ երեխաներով․․․ Իսկապես անչափ տպավորիչ ու հուզիչ էր: Ամեն անգամ նայելիս վերհիշում էինք նաև մեր ապրումներն արցախյան պատերազմի օրերին»,- ասում է Մարիամ Ղարգյոզյանը։

Վալյա Մարտիրոսյանն էլ մանրամասնում է, որ թեև գնացքի մեջ հայտնված ուղևորներին համակարգված օգնություն էին ցույց տալիս, չափից ավելի ուշադիր էին բոլորի հանդեպ, սակայն անհնար էր առանց հուզմունքի դիտել տեսարանը։

Նա պատմեց, որ պատերազմի երկրորդ օրը՝ փետրվարի 25-ին, դիմել են Քիշնևում Լեհաստանի հյուպատոսարան` շենգեն վիզա ստանալու համար: Այս հարցում օժանդակել են իրենց այցի կազմակերպիչները Լեհաստանից: Վիզա ստացել են երկուշաբթի ու նույն օրը ձեռք բերել գնացքի տոմսեր՝ առավոտյան Ռումինիա ուղևորվելու նպատակով, որպեսզի հասցնեն Յասի-Վիեննա-Երևան թռիչքին։ Մինչ վիզա ստանալը նրանք նամակագրական կապի մեջ են եղել նաև Ավստրիական ավիաուղիների հետ՝ տոմսերի վերաձևակերպման համար։

«Վիզա ստանալու հենց նույն օրը գնել ենք առավոտվա գնացքի տոմս։ Այդ օրը հայ ընտանիքի էլ ենք հանդիպել, ովքեր Մերձդնեստրում էին ժամանակավոր բնակություն հաստատել, բայց ՀՀ քաղաքացի էին և այժմ ցանկանում էին հետ վերադառնալ Հայաստան։

Գնացքում և դրանից դուրս մեր տեսածն ու ապրածն էլ ֆիլմի էր նման։ Գրեթե մեծ մասը Ուկրաինայից փախստականներ էին, մեր գնացքում կային նաև հայ ընտանիքներ։

Գնացքում շրջում ու ճշտում էին՝ որտեղից ենք և ուր ենք մեկնում` Յասի քաղաքի կենտրո՞ն, օդանավակայա՞ն, թե՞ մեկ այլ քաղաք ավտոբուսով կամ գնացքով։ Նպատակը ավտոբուսների կազմակերպումն էր՝ ուղևորների փոխադրումը կազմակերպելու համար։

Գնացքում անգամ տեսանկարահանող խումբ կար, կանգառներից մեկում էլ բարձրացան և ուկրաինացի փախստականներին ջուր և սննդի փաթեթներ բաժանեցին։

Երկու երկրների սահմանային անցակետերի ստուգումներն անցնելուց հետո կես ժամ անց արդեն Յասիում էինք։ Առավոտյան մեկնեցինք 06:40-ին և տեղում էինք արդեն 12:40-ին: Մի փոքր անհանգստացնող էին երկարատև ստուգումները երկու կողմերում էլ։

Հայ ընտանիքներից մեկի հետ խնդիր եղավ անգամ։ Մայրը ԽՍՀՄ անձնագրով էր, ինչ-ինչ պատճառներով նոր անձնագիր չուներ, որի հետևանքով թույլ չտվեցին ճանապարհը շարունակել։ Այնքան վատ իրավիճակ էր, որ մոտեցել, խոսել եմ հետները, տրամադրել եմ մեր ԱԳՆ թեժ գծի համարը»,-պատմեց Վալյա Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ Ռումինիայում ուղևորներին դիմավորում էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կայարանի աշխատակիցներ։ Բաժանում էին հեռախոսային սիմ քարտեր, ջուր, սնունդ, որոշ դեպքերում անգամ ցուցանակներով անհատներ էին կանգնած`պատրաստ կացարան տրամադրելու։

«Այնտեղից արդեն մի քանի մեծ ավտոբուսներով` ամեն մեկը մի ուղղությամբ, անվճար տեղափոխում են ուղևորներին տարբեր ուղղություններով։

Սնունդ, ջուր, սուրճ, թեյ, երեխաների համար զբաղմունքի միջոցներ էին բաժանում նաև օդանավակայանում։ Ամեն ինչ շատ համակարգված էր։

Այս տեսարաններից իսկապես կարելի էր հուզվել։ Մենք թեև փախստականներ չէինք Ուկրաինայից, սակայն նույն այդ պատերազմի հետևանքները կրողներն էինք։ Նաև այն տպավորությունն էր, որ Եվրոպան իր պարտքն է կատարում մարդասիրական օգնության ձևով, քանի որ չեն կարող կամ չեն ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ, այս կերպ են փորձում օգնել»,- ասում է Վալյա Մարտիրոսյանը։

Ըստ մեր զրուցակիցների, Մոլդովան՝ որպես  հարևան պետություն, շատ մեծ մարդասիրական օգնություն էր տրամադրում Ուկրաինային՝ մարդասիրական միջանցք դեպի Եվրոպա, կացարան և սնունդ տրամադրելով փախստականներին։

Մոլդովայի կառավարությունը մոբիլիզացրել էր հյուրանոցներն ու հյուրատները, հանրակացարաններն ու մնալու հնարավորություն ունեցող այլ ենթակառուցվածքները, անգամ անհատներն էին օգնել, որպեսզի իրենց բնակարաններում փախստականներին տեղ հատկացնեին։

«Իսկապես իրենց դրսևորում էին որպես դրկից` հաշվի առնելով իրենց սեղմ ռեսուրսները, որոնք զիջում են եվրոպական երկրներին»,-ասում է Վալյա Մարտիրոսյանը։

Վերջինս մտահոգ է ՀՀ քաղաքացիների վերադարձի հարցով։

«Չվերթներ պիտի  կազմակերպվեն թեկուզ Ռումինիայից կամ Լեհաստանից, անձամբ վտանգ եմ տեսնում․ մեր քաղաքացիներին պետք է  տեղափոխել սեփական երկիր ու սա ասում եմ և’ այդ մարդկանց անվտանգության, և’ անկանոն միգրացիայի կանխարգելման տեսանկյունից»,- ասում է Վալյա Մարտիրոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031