«Ինձ հենց նոր հայտնեցին, որ Վիննիցան հրթիռակոծվում է: 8 հրթիռ է ընկել մեր խաղաղ Վիննիցայի վրա, մեր Վիննիցայի, որ երբեք Ռուսաստանին չի սպառնացել: Դաժան ու ցինիկ հրթիռային հարվածներն ամբողջությամբ շարքից հանել են Վիննիցայի օդանավակայանը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա կոչ է անում փակել Ուկրաինայի երկինքը:
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է. «ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի տարբեր օբյեկտների ուղղությամբ: Մարտի 6-ին հեռահար ճշգրիտ զենքով շարքից հանվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի օդանավակայանը՝ Վիննիցայում»:
Կարդացեք նաև
Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան ուղիղ եթերում արևմտյան քաղաքական գործիչներին կոչ է արել օգնել իրենց, հակառակ դեպքում եզրակացությունը մեկն է լինելու՝ իրենք էլ ուզում են, որ ուկրաինացիները «դանդաղ սպանվեն»: Վլադիմիր Զելենսկին մասնավորապես հայտարարել է. «Նրանք շարունակում են մեր ենթակառուցվածքների ամբողջական ոչնչացումը, մեր կյանքի ոչնչացումը, որը ստեղծվել է մեր ու մեր ծնողների, ուկրաինացիների սերունդների կողմից: Մենք ամեն օր կրկնում ենք՝ փակեք Ուկրաինայի երկինքը, փակեք բոլոր ռուսական հրթիռների համար, բոլոր ահաբեկիչների համար: Ստեղծեք հումանիտար օդային գոտի առանց հրթիռների: Մենք մարդիկ ենք, և ձեր հումանիտար պարտականությունն է պաշտպանել մեզ, պաշտպանել մարդկանց: Եվ դուք դա կարող եք անել: Եթե դուք դա չեք անում, եթե դուք գոնե մեզ չեք տալիս ինքնաթիռներ, որ ինքներս պաշտպանվենք, դա նշանակում է կարող է լինել մեկ եզրակացություն. դուք նույնպես ուզում եք, որ մենք դանդաղորեն սպանվենք: Սա ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, արևմտյան լիդերների պատասխանատվությունն է այսօր և ընդմիշտ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ