«Ոչ պատերազմին»,- այս կոչով ցույցեր են տեղի ունեցել ՌԴ տարբեր քաղաքներում:
«Ուկրաինայում իրականացվող այսպես կոչված հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու պահանջով Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և ՌԴ-ի այլ շրջաններում անցկացվող չարտոնված ցույցերին մասնակցել է 5200 անձ, որոնցից 3500-ից ավելի անձինք բերման են ենթարկվել»,-հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին:
Նա մանրամասնում է. «ՌԴ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումներ այլ իրավապահ մարմինների հետ միասին ապահովել են հասարակական կարգի պահպանումը չարտոնված ցույցերի ժամանակ: Մոսկվայում այդ չարտոնված ցույցերին մասնակցել է 2500 անձ, որոնցից 1700-ը բերման է ենթարկվել: Սանկտ Պետերբուրգում անօրինական ցույցերին մասնակցել է մոտ 1500 անձ, որոնցից 750-ը բերման է ենթարկվել: Այլ շրջաններում չարտոնված ցույցերին մասնակցել է 1200 անձ, բերման է ենթարկվել 1061-ը»:
Կարդացեք նաև
Բերման ենթարկված անձինք տեղափոխվել են ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, որպեսզի պարզվի նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը: Ավելի վաղ համացանցում հնչում էին կոչեր մարտի 6-ին դուրս գալ իրենց քաղաքների կենտրոնական հրապարակներ և բողոքի ձայն բարձրացնել Ուկրաինայում իրականացվող այսպես կոչված հատուկ գործողության դեմ:
Համացանցում տեսանյութեր են հրապարակվել, թե ինչպես են ցուցարարներն իրենց բողոքն արտահայտում: Դրանցից մեկում բերման ենթարկվող ցուցարարը երգում է Ուկրաինայի հիմնը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ