Լրահոս
Օրվա լրահոսը

Կորեան և Էմմին

Մարտ 06,2022 15:20

Այսօր հանդիպել եմ ԵՊՀ-ի  Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհուն՝ Էմմիին, որը տարված է Կորեայով, կորեական մշակույթով և որ ամենահետաքրքիրն է՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ համալսարանում որպես երկրորդ օտար լեզու սովորում է կորեերեն։

-Ինչո՞վ քեզ գրավեց կորեական մշակույթը։

Կորեական մշակույթով սկսել եմ հետաքրքրվել  2014-2015 թթ-ից K-POP-ի (հարավկորեական երաժշտություն) միջոցով։  BlackPink-ի երգերից մեկը լսեցի, հավանեցի, պարը ինձ նույնպես դուր եկավ, սկսեցի ուսումնասիրել խմբի մյուս երգերը։ Գնալով ուրիշ խմբերի էլ սկսեցի լսել, ծանոթացա կորեական մշակույթին։ Եվ արդեն կորեացիների հետ շփման արդյունքում հասկացա, որ դա այն երկիրն է, որտեղ որ ցանկանում եմ հետագայում աշխատել։

-Գիտեմ, որ կորեերենին տիրապետում ես, ի՞նչ դասագրքերով կամ ծրագրերով ես սովորել լեզուն։

Սկզբնական շրջանում  միայնակ եմ սկսել կորեերեն սովորել, որովհետև հասկանում էի, որ Հայաստանում կորեերեն սովորելու հնարավորությունը այդքան էլ մեծ չէ, դրա համար ուղղակի անգլերենով օնլայն Google-ից կամ  You Tube-ից էի լեզուն սովորում։ Մոտ 1,5- 2 ամիս այդպես սովորելուց հետո գերմանացի ընկերուհուս հետ (ով նույնպես հետաքրքրված էր Կորեայով, կորեերենով) կորեերենի  դասընթացների գրանցվեցինք և մասնակցեցինք։ Իսկ   հիմա համալսարանում եմ շարունակում սովորել լեզուն։

-Ըստ քեզ կորեերենը դասվո՞ւմ է հեշտ լեզուների ցանկում, թե ոչ, դյուրի՞ն է սովորելը։

Կորեերենը երևի աշխարհի  ամենատրամաբանական լեզուներից մեկն է։ Ուղղակի «բանաձևի» պես անգիր պետք է անես։ Բնականաբար, այստեղ մեծ դեր ունի պրակտիկան, քանի որ այդ «բանաձևերը» միայն անգիր անելով չես կարող սովորել կորեերեն։ Կորեերենը հեշտ լեզու է, հեշտ է սովորելը, չնայած մարդու ունակություններից էլ է շատ բան կախված։

-Դու ստեղծել ես մի գիրք, որը Հայաստանում առաջինն է․ առաջին հայալեզու կորեերեն դասագիրքը․ Ինչպե՞ս առաջացավ այդ գիրքը ստեղծելու մտահղացումը։

Իրականում գրքի ստեղծման մտահաղացումը առաջացել  է աշակերտներիս մոտ։ Աշակերտներիս համար մի փոքր բարդ էր առանց գրքի սովորել, ես ինքս էլ առանց գրքի եմ սովորել, բայց հետո հասկացա, որ դասագրքով շատ ավելի հեշտ կլինի, որովհետև նյութը մշտական կլինի։ Ցավոք սրտի հիմա գրքի միայն օնլայն տարբերակն է առկա։ Գիրքը մոտ մեկ շաբաթում եմ պատրաստել, և այն շատ մեծ արձագանք գտավ իմ շրջապատում և շրջապատից դուրս։

-Կորեայում սովորելու պլաններ ունե՞ս։

Կորեերենիս գիտելիքները խորացնում եմ միայն այդ նպատակով։ Հույս ունեմ մագիստրատուրան այնտեղ կսովորեմ։

-Իսկ ո՞ր համալսարանում ես քեզ պատկերացնում։

Քանի որ իմ մասնագիտությամբ մի քանի համալսարաններ կան մի փոքր բարդ է ընտրել, բայց ամենայն հավանականությամբ Yonsei համալսարան կընտրեմ։

 Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031