Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի գործը ինչ-որ պահից դարձավ քաղաքական մանիպուլյացիաների առարկա եւ օգտագործվեց քաղաքական նկատառումներով»․ «Առերեսում»

Մարտ 06,2022 00:14

Թեեւ 2018-ի օգոստոսին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության ամբողջ ծավալով բա-ցա-հայտ-ված է», օրերս Հայ ազգային կոնգրեսը հրապարակեց գնահատական․ «Մարտիմեկյան ոճրագործության հետևանքների հաղթահարման առումով այսօր գտնվում ենք նույն վիճակում, ինչ է՛ր մինչև 2018 թվականը․ հանցագործությունը մնում է չբացահայտված, հանցագործության կազմակերպիչներն ու կատարողները՝ չպատժված»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը՝ Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Նինա Կարապետյանցն ու ՀԱԿ վարչության անդամ, կուսակցության իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Խաչատրյանը նախ անդրադարձան այս գնահատականներին։

Մի քանի մեջբերումներ նրանց խոսքից։

Արմեն Խաչատրյան․ «Եթե մինչեւ հեղափոխությունը Հայ ազգային կոնգրեսի եւ յուրաքանչյուր շահագրգիռ քաղաքացու համար պարզ ու ակնհայտ էր, որ նախկին ռեժիմի օրոք մարտի 1-ը չի բացահայտվելու, քանի որ հենց նախկին ռեժիմն էր մարտի 1-ի գլխավոր շահառուներից մեկը, եւ այն ժամանակ մենք որեւէ ակնկալիք չենք ունեցել՝ 2018-ից հետո մենք ունեինք առնվազն այդ ակնկալիքն ու վստահությունը, որ իշխանությունը կունենա քաղաքական կամք իրավական գործընթացների արդյունքում մարտի 1-ի էջը թերթելու համար։ Գրեթե 4 տարի հետո մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ դատարանում որեւէ գործ չի քննվում մարտի 1-ի կազմակերպման կամ անմիջական կատարողների մասով։ Մենք ունենք իրավիճակ, որ 2008-2010 թթ․ քաղաքական հետապնդման հարյուրավոր ենթարկվածներից ընդամենը 20-նն են արդարացվել։ Ունենք իրավիճակ, որ հարյուրավոր քննիչներ, դատախազներ, որոնք կարել են այդ շինծու քրեական գործերը եւ դատավորները, որոնք որ կնքել են այդ քրեական գործերը, մեղադրական դատավճիռներ կայացրել․․․ որեւէ մեկի մասով չունենք արարքի քրեաիրավական գնահատական։ Այնպես որ՝ այս ամբողջ համատեքստում, մարտի 1-ի գործով որեւէ բացահայտում չի եղել։ Ավելին՝ գործը մտել է այնպիսի փակուղի, որից իրավական առումով դուրս գալու լուծում որեւէ իրավապահ, դատական կառույց չի գտնում»։

Նինա Կարապետյանց․ «Ես համաձայն չեմ, որ մենք նույն վիճակում ենք գտնվում, ինչ 2018-ից առաջ։ Մենք ավելի վատ վիճակում ենք։ Քրեական գործերից մեկով, որը մեծ պաթոսով բերվեց դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հետ կապված, մենք ունեցանք բառիս բուն իմաստով տապալում։ Դատարանում հրապարակվեց, որ արդարացնում են՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Նման բան չի եղել անգամ Սերժ Սարգսյանի ժամանակ․․․ Մենք հայտնվել ենք իրավիճակում, որտեղ հետագա պատասխանատվության ենթարկելու համար իրավական շատ ճանապարհներ, օրենքի տառին համապատասխան, ուղղակի փակվել են։ Այ, սրա համար էր պետք այդ դժբախտ, այսքան քննարկված անցումային արդարադատությունը եւ քաղաքական գնահատականը, որը սպասում էինք, որը հնարավորություն կտար մի փոքր այլ գործիքակազմերով աշխատել

․․․Սա ամենասարսափելին է, ինչ այս իշխանությունն արեց՝ թողեց, որ այն համակարգերը, որոնք մեղավոր էին ու պատասխանատվության պետք է ենթարկվեին՝ ուղղակի զրո պատժելիություն զգան իրենց նկատմամբ եւ արդյունքում դառնան շատ ավելի անկառավարելի»։

Արմեն Խաչատրյան․ «Մարտի 1-ի գործը ինչ որ պահից դարձավ քաղաքական մանիպուլյացիաների առարկա եւ օգտագործվեց քաղաքական նկատառումներով։ Նույն մանիպուլյացիան մի ուժին դարձրեց իշխող քաղաքական ուժ, մյուս ուժին բերեց, դարձրեց ամենամեծ ընդդիմություն։ Այսինքն՝ մարտի 1-ի թեման բարոյազրկվել է այդ երկու ուժերի կողմից։

… Ես չեմ հասկանում՝ ինչպես կարող է իշխող քաղաքական ուժը ՍԴ–ում ստեղծված ճգնաժամն այնպես հաղթահարի (ընդ որում՝ պատճառներից մեկը հենց դա էր, թե ի սկզբանե մտավախություն կար, որ ՍԴ-ն կարող է տապալել մարտի 1-ի գործը) այդ բարեփոխումից հետո ստեղծվում է մի սահմանադրական դատարան, որն 8 ձայնով տապալում է մարտի 1-ի գործը։ Ես չեմ կարող չունենալ այն կասկածը, որ ՍԴ–ն գործել է իշխանության ուղիղ հրահանգով՝ մարտի 26–ի հայտնի որոշումը կայացնելիս (Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին երկու ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը.- խմբ․) Կարծում եմ, որ մենք գործ ունենք քաղաքական սիմբիոզի հետ, դրա համար եմ ասում, որ որոշումը քաղաքական էր։ Իշխանության թեկնածուին պետք էր թիրախ, որի նկատմամբ մուրճ ճոճելով պիտի ստանար 54 տոկոս ձայն։ Պարտված իշխանության պարտված ղեկավարը ի՞նչ ուղերձով պետք է գար նախընտրական քարոզարշավի՝ տրամաբանական որեւէ բան չեք կարող ասել։ Բայց այս դեպքում արդեն ինքը հնարավորություն էր տալիս, որ նա իշխանության հայտ ներկայացնի, որ ինքն էլ ջախջախի այդ նախկիններին, թալանչիներին․․․ այստեղ ինքը շահում էր։ Նույն դիվիդենտներից էլ օգտվում էր հակառակ կողմը»։

Նինա Կարապետյանց․ «Ես կարծում եմ, որ դրսի ճնշում էլ է եղել ու շատ մեծ ճնշում՝ հենց Ռուսաստանից։ Պատահական չէին այդ «քիմիական կապերը» (2018–ին պատասխանելով Վլադիմիր Սոլովյովի հարցին՝ «Վլադիմիր Պուտինի հետ ծանոթության ո՞ր տարում դուք կարող էին ասել, որ նա ձեր ընկերն է», Ռոբերտ Քոչարյանն ասել էր․ «Մոտավորապես երկրորդ տարում ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ»․-խմբ), ՔԿՀ–ում գտնվող ղեկավարին ծննդյան օրվա շնորհավորանքներ ուղարկելը․․․ Եթե այսքանը հանրության, շարքային քաղաքացիների համար տեսանելի էր՝ բա ինչքա՞նն էր անտեսանելին․․․»։

«Առերեսման» հյուրերը նաեւ անդրադարձան 2008-ի եւ վերջին շրջանի որոշ իրադարձությունների միջեւ տարվող զուգահեռներին։ Մասնավորապես այն, որ մարտի 1-ից առաջ Ազատության հրապարակում պաշտպանության փոխնախարարների անունները վանկարկողները 2021 թվականին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությունը՝ իշխանության հրաժարականը պահանջելու վերաբերյալ, անվանեցին «ռազմական հեղաշրջման փորձ» եւ դատապարտեցին զինվորականների միջամտությունը երկրի քաղաքական կյանքին: «Անգրագետ համեմատություն է»,– մասնավորապես ասաց Արմեն Խաչատրյանը ու հակափաստարկներ ներկայացրեց։

Մյուս զուգահեռը ծագեց, երբ Հայաստանը, որպես ՀԱՊԿ–ում նախագահող երկիր՝ գործի դրեց այդ կազմակերպության մեխանիզմները Ղազախստանում ցույցերի ժամանակ, եւ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը հարցադրումներ հրապարակեց․ «ՀՀ զինված ուժերը չեն կարող օգտագործվել ՀՀ-ում՝ զանգվածային զինված անկարգությունները կանխելու համար: Սակայն կարող են այդ նույն նպատակով օգտագործվել Ղազախստանում։ Մյուս կողմից, զանգվածային զինված անկարգություններ Հայաստանում կազմակերպել կարելի է (նույնիսկ ողջունելի է), սակայն Ղազախստանում՝ չի կարելի: «Լրիվ տարբեր իրավիճակներ են՝ համեմատելու չի»,– առարկեց Նինա Կարապետյանցը՝ փաստարկելով իր պնդումը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031