Լրահոս
Օրվա լրահոսը

«300-600 հազար հայ կա Ուկրաինայում, մինչև օրս որևէ մեկը տարհանվե՞լ է Հայաստան»․ քաղաքագետ

Մարտ 05,2022 22:00

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմի թեժ օրերին ամեն ինչ անում են` տարհանելու Ուկրաինայում բնակվող կամ գործի բերումով այնտեղ գտնվող իրենց քաղաքացիներին։

Հայաստանի Հանրապետության կողմից այս առումով  գործնական օժանդակություն չի նկատվում, հատուկ չվերթներ չեն կազմակերպվում վերադարձի համար։

Այս մասին սոցիալական տարբեր ցանցերում բարձրաձայնում են Ուկրաինայում բարեկամներ, հարազատներ, ընկերներ ունեցող մտավորականները։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանն իր հայրենակիցներին Ուկրաինայից տարհանելու համար արդեն մի քանի ինքնաթիռներ է ուղարկել Մոլդովա և Ռումինիա, պետության կողմից տարհանվել է շուրջ 1300 ադրբեջանցի։ Իսկ ի՞նչ են արել Հայաստանը ղեկավարող պոռոտախոսները Ուկրաինայի մեր հայրենակիցների համար, թող կոնկրետ ասեն՝ ի՞նչ են արել։ Վստահաբար կարող եմ պնդել, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը այս օրերին գրեթե ոչինչ չի արել տեղի հայերի համար, իրենք բոլորից շուտ են փախուստի դիմել Կիևից։ Եթե սխալվում եմ, ապա թող հայրենիքս իներցիայի ուժով ղեկավարողները կոնկրետ ասեն, թե քանիսին են ուղեկցել սահման, ի՞նչ օգնություն են ցուցաբերել»։

Այս գրառման տակ Ուկրաինայում հարազատ-բարեկամ ունեցող անձինք բուռն քննարկումներ են ծավալվել՝ օրինակներ մեջբերելով, թե ով որտեղ է ապաստանել։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Կոնֆլիկտի սկսվելուց ի վեր տեսնում ենք, որ մեր հարևան երկրները՝ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, որոնց բավական մեծ թվով քաղաքացիներ այդ ժամանակ գտնվում էին Ուկրաինայում՝ տարբեր պատճառներով, ամեն ինչ անում են, որպեսզի շատ արագ տարհանեն նրանց ռազմական գոտու վերածված Ուկրաինայից։

Կոնկրետ պիտի նշեմ, որ ադրբեջանական լրատվամիջոցները բավական ակտիվ ներկայացնում են, թե ինչպես են Ուկրաինայում, Մոլդովայում և Ռումինայում Ադրբեջանի դեսպանատները շատ կազմակերպված հավաքագրում ու իրենց քաղաքացիներին Ուկրաինայից տեղափոխում Քիշնև և Բուխարեստ ու չարտերային թռիչքներով տեղափոխում Բաքու։ Նույնը արել է նաև Վրաստանը, նույնն անում է Թուրքիան՝ տարբեր ուղղություններով իր քաղաքացիներին տարհանելով Ուկրաինայից, այդ թվում և Բելառուսից։

Իսկ ի՞նչ ենք տեսնում Հայաստանի Հանրապետության պարագայում, սոցցանցերում և թելեգրամյան ալիքներում բավական մեծ դժգոհություն է հայտնվում Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատանքից։

Մարդիկ, ըստ հրապարակումների, զանգում են դեսպանատան կողմից տարբեր սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում տեղադրված հեռախոսահամարներով, խնդրում են օգնություն տրամադրել, որպեսզի իրենք կարողանան լքել Ուկրաինան, բայց ինչպես տեսնում ենք՝ որևէ աշխատանք այդ ուղղությամբ չկա։

Ես այս տասն օրերին չեմ տեսել, որ հասարակության մեջ խոսեն կամ լրատվամիջոցները ներկայացնեն, թե օրինակ՝ որքան հայ է Ուկրաինան շրջապատող երկրների հայկական դեսպանատների աշխատանքի միջոցով վերադարձել Հայաստան։ Սա զավեշտալի է, որովհետև տարբեր տվյալներով՝ մենք ունենք 300 հազարից մինչև 600 հազար հայ Ուկրաինայում, որոնք հիմնականում բնակվում են խոշոր ուկրաինական քաղաքներում, ինչպիսիք են՝ Օդեսան, Խարկովը, Կիևը, Դնեպրում, Լվովում, նաև Դոմբասում և այլ տեղերում։

Հիմա հարց է առաջանում՝ հայկական դեսպանատները Ուկրաինայում և հարևան երկրներում ինչո՞վ են զբաղված։

Ադրբեջանական թելեգրամյան ալիքներում ներկայացվում է Մոլդովայում Ադրբեջանի դեսպան Գուդսի Օսմանովի ակտիվ գործունեությունը Ուկրաինայից ադրբեջանցիների տարհանման ուղղությամբ։ Որտե՞ղ են մեր դեսպանն ու հյուպատոսները Ուկրաինայում, ինչպես նաև հարևան երկրներում, ո՞ւր է նրանց աշխատանքը։ Ինչպե՞ս հասկանանք սա»։

Ըստ Գագիկ Համբարյանի,  տարբեր տվյալներով, մոտ 300-600 հազար հայ է ապրում Ուկրաինայում, բայց մինչև հիմա տարհանված հայերի տեղափոխող որևէ ինքնաթիռ չի ժամանել Հայաստան։

«Ես բազմաթիվ գյումրեցիների եմ ծանոթ, որոնք ապրում են Ուկրաինայի տարբեր քաղաքներում, ավելին ասեմ՝ Արթիկի և Արթիկի տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ ապրում են հենց Օդեսայում և Օդեսայի մարզում։ Արթիկի տարածաշրջանից մարդիկ ամեն տարի ոչ թե մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան, այլ գնում են հենց Օդեսա, և նրանք այս պահին գտնվում են ռազմական գոտում։

Բազմաթիվ մարդկանց գիտեմ իմ բարեկամների,  հարազատների ու  ծանոթների մեջ, որոնք այս պահին պատսպարվել են ապաստաններում, նրանցից ոչ մեկը տարհանված չէ ու շատ ծանր է նրանց վիճակը։

Կասե՞ք՝ ինչով է զբաղված Վլադիմիր Կարապետյանը և նրա ղեկավարած դեսպանատունը Կիևում, որի մի մասը տեղափոխվել է Լվով, մյուս մասը՝ Ուժգորոդ, ինչո՞վ են զբաղվում էնտեղ։ Աշխատանք չկա նրանց կողմից»։

Ըստ քաղաքագետի, եթե պարզվի, որ ուկրաինաբնակ հայերն ու այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիները լքում են Ուկրաինան, սակայն չեն գալիս Հայաստան, սա նշանակում է, որ նրանք չեն վստահում մեր իշխանություններին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ․ Գ․ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում  մանրամասներ է ներկայացրել դեսպանության կողմից կատարած և կատարվող աշխատանքների մասին:

Դեսպանը հայտնել է, որ դեսպանության ողջ անձնակազմը մշտական, շուրջօրյա կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատվական օգնություն Ուկրաինայից Հայաստան մեկնելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:

«-Գիտենք, որ դեռեւս ռազմական գործողությունները սկսվելուց առաջ Կիեւում որոշ դեսպանություններ տարհանեցին նախ դիվանագետների ընտանիքի անդամներին, ապա դիվանագետներին։ Ինչպիսի քաղաքականություն է որդեգրել այս առումով Հայաստանը։

-Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը եղել է այն եզակի դեսպանություններից (Կիևում կա 100 դիվանագիտական ներկայացուցչություն), որը ռազմական գործողությունների մեկնարկի պահից ամբողջ կազմով գտնվել է Կիևում և իրականացրել է իր գործառույթները ողջ ծավալով։ Դեսպանությունը նաև մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների, այլ երկրների քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերի և տեղական իշխանությունների հետ:

Պայմանավորված Կիևի շուրջ իրավիճակի վատթարացմամբ, անվտանգության ապահովման նկատառումներից և Կիևում աշխատանքն իրականացնելու անհնարինությունից ելնելով՝ ՀՀ ԱԳ նախարարի որոշմամբ դեսպանը և դիվանագիտական անձնակազմը տեղափոխվել և մարտի 4-ից ժամանակավորապես աշխատում են Լվով քաղաքից: Ներկա պահին Լվովում արդեն բացվել է հյուպատոսական կետ՝ ՀՀ քաղաքացիներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Վաղվանից հյուպատոսական կետ կբացվի նաև Ուժգորոդում։

-Ի՞նչ է անում դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին օգնելու համար։

-Դեսպանության ողջ անձնակազմը մշտական, շուրջօրյա կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատվական օգնություն Ուկրաինայից Հայաստան մեկնելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:

Դեսպանությունը, համեստ հնարավորությունների սահմանում, Ուկրաինայում հայ համայնքի հետ միասին, օգնել է այն մարդկանց, որոնք ցանկացել են լքել իրենց տները, քաղաքները։ Հարկ է հաշվի առնել կարևոր մի հանգամանք. Ուկրաինայում է բնակվում մի քանի հարյուր հազար հայ և նրանց զգալի մասը Հայաստանի քաղաքացիներ են։ Սա ասում եմ, որ պատկերացնեք, թե ինչ ռեժիմով և ծանրաբեռնվածությամբ է գործել դեսպանությունը Կիևում․ անդադար զանգեր (պատասխանել ենք մի քանի հազարին հասնող զանգերի), քաղաքացիների տասնյակ այցելություններ ու օժանդակության դիմումներ։ Որևէ դեսպանություն, ոչ թե մեր նման՝ համեմատաբար փոքր, այլ շատ ավելի մեծ, չուներ այն ծավալի ծանրաբեռնվածությունը, որքան ունեցել է մեր դեսպանությունը` հաշվի առնելով համայնքի մեծությունը և դիմումների քանակը։

Եվ ամբողջ այս աշխատանքը կատարվել է պատերազմական իրավիճակում․ օրվա ընթացքում 10-15 անգամ հնչող օդային տագնապի ազդանշանների, պայթյունների, կրակոցների, խստագույն պարետային ժամի պայմաններում։ Դեսպանության դիվանագետներից երկուսը պատերազմի առաջին օրերից սկսած գիշերել են ապաստարաններում, պատսպարվելով շուրջբոլորը տեղի ունեցող պայթյուններից ու կրակոցներից և հաճախ հենց ապաստարանից շփվել են մեր հայրենակիցների հետ, ընդունել զանգեր ու տվել խորհուրդներ։

Այսօր էլ դեսպանությունը շուրջօրյա ռեժիմով շարունակում է իր ծառայությունը՝ տրամադրելով թե՛ խորհրդատվություն և թե՛ համապատասխան դեպքերում ՀՀ վերադարձի վկայականներ այն քաղաքացիներին, որոնք չունեն այս պահին վավեր ՀՀ քաղաքացու անձնագիր՝ Ուկրաինայի սահմանը հատելու համար: Դեսպանությունը, հնարավորության սահմաններում, նաև օժանդակում է տարատեսակ բարդ իրավիճակներում հայտնված ՀՀ քաղաքացիներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031