Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար, թե ինչպես են Լվովի հայկական եկեղեցուց դուրս բերել Հիսուս Քրիստոսի արձանը ու տեղափոխում են բունկեր։
Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանն ասաց. «Լվովի հայկական եկեղեցին համարվում է Արևմտյան Եվրոպայի ամենաշքեղ ու ամենահին եկեղեցիներից մեկը։ Լվովը Լեհաստանի ամենահին քաղաքներից է, որտեղ հայերը մեծ դերակատարություն են ունեցել, Լեհաստանի թագավորները հայերին մեծ տեղ են տվել:
Գալիչինան և նրա կենտրոն Լվովն անցել են ԽՍՀՄ-ին և դարձել Ուկրաինայի մաս 1945 թվականին՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո․ այդ տարածաշրջանը Ուկրաինային նվիրվել Ստալինի կողմից։
Քրիստոսի արձանը պաշտելի է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների, այլ ընդհանրապես այդ տարածաշրջանի քրիստոնյաների համար։
Կարդացեք նաև
Վերջին անգամ այդ նույն արձանը եկեղեցուց դուրս է բերվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ մոտ 80 տարի առաջ, որպեսզի չվնասվի, իսկ հիմա արդեն որոշում է ընդունվել արձանը դուրս բերել և տեղափոխել բունկեր»։
Ըստ լեհական սկզբնաղբյուրների, հայերը Լվովի առաջին բնակիչներից են։ Այս քաղաքը հիմնադրվել է 1256 թվականին՝ մինչ այդ գոյություն ունեցող Պոդզամչե ավանի տեղում, որտեղ 1183 թվականից սկսած հայերն արդեն ունեին իրենց փայտաշեն եկեղեցին։
Լվովի հայերը մեծ դեր են խաղացել Լեհաստանի պետական-քաղաքական, դիվանագիտական կյանքում։
16-րդ դարի վերջին քաղաքի ամենախոշոր խանութները պատկանել են հայերին, նրանք կալվածքներ են ունեցել, նույնիսկ Լեհաստանի թագավոր Կազիմեժ III-ից ստացել են ներքին ինքնավարության իրավունք։
Քաղաքում ոչ միայն մեծ թիվ են կազմել հայ արհեստավորները՝ ոսկերիչներ, կաշեգործներ, ջուլհակներ, վրանագործներ, ներկարարներ, այլ վաճառականները։ Հենց նրանց շնորհիվ է Լվովը կապող օղակ դարձել Արևելքի և Արևմուտքի միջև։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ