«Ընդհանրապես մենք փոքր երկիր չենք ունեցել, մեր մտածելակերպն է փոքր եղել, որովհետեւ մենք հույսներս դրել ենք ուրիշների վրա ու մեր երկիրը փոքրացրել, բերել հարմարեցրել ու հասցրել ենք մեր մտածելակերպին»,- այսօր Եռաբլուրում սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց ԵԿՄ վարչության անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա պատանի երկրապահներին մաղթեց մեծ, մասշտաբային մտածելակերպ ունենալ ու մտքի խիզախություն:
Այսօր սպարապետ, Արցախի ու Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Վազգենը այստեղ ոչ միայն միավորում է ապագայի տեսլականը, այլ նաեւ այստեղ՝ այս սրբավայրում իր թեւերի տակ է հավաքել մեր բոլոր նահատակներին ու, կարծում եմ, հենց այդ առումով մեր նահատակները երջանիկ են, որ գտնվում են Վազգենի կողքին: Բայց մենք երջանիկ պետք է լինենք, որ Վազգենը միշտ մեզ բոլորիս ուղեկցելու է, մեր բոլորի կողքին է լինելու ու ամեն տարի այս օրը, երբ մենք գալիս ենք այստեղ, մարդկային պակաս չենք տեսնում: Տեսնում ենք պատանի երկրապահին, որը մեր վաղվա օրն է ու պատանի երկրապահը շփվում է մեր սրբերի՝ մեր նահատակված զինվորների հետ»:
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը. Հրանտ Մաթեւոսյանն ասել էր, որ մեր երկիրը ձեռք է բերել տեր ու այդ տիրոջը չպետք է կորցնենք. «Վազգենին կորցնելուց հետո այդ ոճրագործությունն անողներին թվում էր, թե գլխատեց ամեն ինչ: Բայց Վազգենը նույնիսկ Եռաբլուրից մեզ ուղեկցում է այն ճանապարհին ու չի թողնելու շեղվենք մեր ուղուց»:
Եռաբլուրում էր նաեւ ԱԺ նախկին փոխնախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը: Նա Վազգեն Սարգսյանին շնորհավորանքի խոսք ասելիս հուզվեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ