Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողե՛նք այս քաղաքական խաղերն ու խարդավանքները, դրա ժամանակը չունենք, ժողովո՛ւրդ». Սասուն Միքայելյանը Եռաբլուրից կոչ է անում մեր ներսի «ժանգը մաքրել»

Մարտ 05,2022 14:55

«Ես այսօր ղեկավարում եմ սպարապետի թողած կառույցը՝ ԵԿՄ-ն: Վազգեն Սարգսյանը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ եթե նեղանալու լինեի, հիմա ինչքան էի նեղացել ու գնացել, բա այս գործը ո՞վ պիտի աներ: Մենք նեղանալու չունենք: Ինչի՞ համար եք նեղացել:  Երկրապահի, սպարապետի տունը պինդ է, անսասան: Եղել ենք սպարապետի կողքին մինչ օրս, ու կլինենք հավերժ: Փառք ու պատիվ քեզ, ծնունդդ շնորհավոր, եղբա՛յր»,- այսօր Եռաբլուրում սպարապետ, Արցախի ու Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակի միջոցառմանը  այսպես շնորհավորեց նրան ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Նա հայտարարեց. «Մենք՝ երկրապահներս, պատգամ ունենք սպարապետից թողած, որը գնդակահարվեց ԱԺ-ում՝ աշխարհի առաջ, հայի ձեռքով, թուրքից դաժան: Ցավոք, մեր պատմության էջերում շատ կան նման բաներ, որ մեր մեծերը հայի ձեռքով են գնացել: Այսօր մենք համալրվում ենք երիտասարդ, պատանի երկրապահներով: Սպարապե՛տ, քո տունը անսասան կպահենք, քո թողած պատգամը կշարունակվի: Այսօր մենք մեր երեխաների առաջ պետք է գիտակցենք ու հասկանանք՝ եթե այս տարիքում այս երեխաները այդ ուղին են բռնել, ես կոչ եմ անում համայն հայությանը, համախմբվե՛ք, սիրելի՛ հայ ժողովուրդ, ո՞ւր ենք գնում: Մենք այս օրհասական պահին պարտավոր ենք համախմբվելու: Այս խոշոր տերությունների վերադասավորման անհասկանալի այս իրավիճակում պետք է համախմբված լինենք, որ կարողանանք պահել ՀՀ պետական սահմանները: Այսօր այս շիրիմներն են մեզ համախմբում, ժողովուրդ ջան… Ինչպես ասում էր սպարապետը՝ մեր ժանգը ներսից է: Ժողովուրդ ջան, ժամանակն է այդ ժանգը հանենք մեր ներսից, ժամանակ չունենք: Կա՞ մեկը, որ կարող է ասել, թե վաղը ինչ կլինի, պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի: Մենք պարտավոր ենք համախմբվել, համալրել մեր բանակի շարքերը եւ լինել բանակի կողքին, լինել մեր պետության կողքին: Այս վիճակը շատ վտանգավոր է, մեր ժողովրդի անորոշությունը շատ վտանգավոր է: Այն ժամանակ ջոկատներ կային, գիտեք, տարբեր կուսակցության, տարբեր հոգեբանության, տարբեր մտքի, գաղափարի տեր, Վազգեն Սարգսյանը կարողացավ համախմբել, երբ այն ժամանակ երազանքում չէինք կարող պատկերացնել, որ կարող էր այս փոքր ժողովուրդը հաղթել 9 մլն-անոց ասկյարին: Փառք ու պատիվ սպարապետին, որ կարողացավ համախմբել: Այսօր շատ մարդիկ չեն հասկանում՝ ոնց սպարապետը դա կարողացավ: Եկեք ամեն մեկս մեր հարազատին, մեր բարեկամին ոգեւորենք, ճիշտ ուղղություն տանք, չապակողմնորոշենք: Թողե՛նք այս քաղաքական խաղերն ու խարդավանքները, դրա ժամանակը չունենք, ժողովո՛ւրդ: Եկեք մի քիչ սառը դատենք ու պատրաստ լինենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031