Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պարո՛ն նախարար, Հ.Բ. նշանակում է՝ հասնենք Բաքու». Եռաբլուրում պատմում են, թե ինչպես է Վազգեն Սարգսյանը գրկել զինվորին, բարձր ծիծաղել նրա պատասխանի վրա

Մարտ 05,2022 14:15

Այսօր սպարապետ, Արցախի ու Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան: Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառման ժամանակ Երկրապահ կամավորական միության անդամները նրա մասին հիշողություններ են պատմում, մեջբերում խոսքերը. «Զորամասերից մեկում Վազգեն Սարգսյանը անկաշկանդ զրույց է սկսում շարահրապարակում հավաքված զինվորների հետ: Այդ օրերին հայոց բանակի զինվորների գոտու ճարմանդին գրված էր՝ Հ.Բ.՝ Հայկական բանակ: Նախարար Վազգեն Սագսյանը հարցնում է զինվորին՝ գիտե՞ս, թե ինչ են նշանակում այդ տառերը: Զինվորը խրոխտ առաջ է գալիս, բացում հապավումը՝ «Պարո՛ն նախարար, Հ.Բ. նշանակում է՝ հասնենք Բաքու»: Վազգեն Սարգսյանը գրկում է զինվորին եւ շրջապատով մեկ լսվում է նրա բարձր ծիծաղը»:

Սպարապետը հուշերից մեկում գրում է. «Ամեն զինվորի հետ ինձնից մի քիչ ճանապարհում եմ»: Վազգեն Սարգսյանը նաեւ ասում էր. «Մեզանի՛ց եմ վախենում, որ միլիոնավոր միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո էլի մեկմեկու անվերապահորեն սիրել, ներել, հանդուրժել չսովորեցինք: Բռունցքված ձեռքն այսօր բուռ է դառնում եւ գրանցում ու աշխատատեղ է վաճառում գաղթականին, տնակ՝ աղետյալին: Վախենում եմ մեր՝ խելքի չգալուց: Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում»:

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը նույնպես ելույթ ունեցավ: Նա ասաց, որ Վազգեն Սարգսյանի խիզախությունների, հերոսությունների մասին շատ երկար կարելի է խոսել. «Բայց ամենակարեւոր եւ հիմնական գիծը, որ նկատել եմ թե՛ նրա գործերում, թե՛ նրա աշխատանքներում, իհարկե կայանում է նրա մեծ առաջնորդության մեջ: Առաջնորդություն, որ իր մեջ պարփակում էր իր անսահման սերը իր հայրենիքի յուրաքանչյուր կտորի, ծառ ու քարի, ամենակարեւորը՝ մարդկանց մասին: Նա սիրում ու հոգ էր տանում յուրաքանչյուր զինվորի, զինվորի հարազատի, մերձավորի մասին: Առանց այդ սիրո  անհնար է ունենալ բարձր առաջնորդություն ու օրինակ ծառայել իր զինվորի համար: Առաջնորդը առաջին հերթին կանգնում է իր զինվորների ոչ թե թիկունքում, այլ առաջին շարքերում: Նա իր փորձով, ռազմական ու քաղաքական ուղով ցուցադրել է իսկական առաջնորդի այն ամբողջ պատկերը, որ կարող ենք կարդալ համաշխարհային գրականությունում»:

Հակոբ Արշակյանը շնորհավորեց Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031