Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, եւ Եռաբլուրի զինվորական պանթեոն էր այցելել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեր պետականության ակունքներում կանգնած, իր կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած սպարապետը այսօր կդառնար 63 տարեկան. «Երբ որ կենաց ու մահու պայքար էր, ինքը դրեց իր ողջ էությունը մեր հայրենիքի համար՝ մահապարտներ, բանակ, վարչապետություն: Նա քաղաքացի էր, զինվոր էր առաջին հերթին, հետո՝ հրամանատար: Իր հետ եղել եմ հյուսիսային սահմանում, հարավային սահմանում: Իր զինվորական զգեստից փոխվեց քաղաքացի դարձավ, որպեսզի թշնամին, հետո խորհրդային բանակը իրեն չհայտնաբերեր: Ըստ էության, ինքը հայ մարդ էր, ով ուզում էր իր հայրենիքի փրկությունը, ազատագրումը, եւ ինքը դա ապահովեց իր կյանքի ընթացքում, մինչեւ հայի ձեռքով ահաբեկվեց ու պետական հարված հասցվեց մեր պետությանը: Ինքը որ լիներ, մենք այս վիճակում չէինք լինի, մեր հայրենիքը կիսված չէր լինի, մեր հայությունը պառակտված չէր լինի, Շուշին, Հադրութը մեր կլիներ: Եվ ուրեմն մեզ մնում է հետ բերել Վազգեն Սարգսյանի երազած հայրենիքը, իր կյանքը շարունակելու պատգամը մեր ձեռքում է այսօր»:
Նա հույս հայտնեց, որ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի ամբողջությամբ. «Բայց իշխանությունները եկել, գնացել են, այս իշխանությունն էլ, որ հանձն էր առել, չի բացահայտել: Հոկտեմբերի 27-ը մնում է չբացահայտված: Իրական անկախ ապագա իշխանությունը կբացահայտի: Ես չեմ կարծում, որ ոչ ներքին, ոչ արտաքին պատասխանատուները ի հայտ են եկել: Մինչեւ դա ամբողջովին չբացահայտվի, մենք չենք ազատվի ներքին կաղապարներից, ներքին նախապաշարումներից ու մեր հայրենիքը ամբողջովին ազատագրված չի լինելու: Վազգեն Սարգսյանը պետք է վեր հառնի, ինքը պետք է ամբողջովին ազատագրվի այդ կապանքներից: Արժանապատվությունը առաջին մեր հրամայականն է: Այդ տենչանքը, կյանքը, որը վարեց Վազգեն Սարգսյանը, մեզ որպես պատգամ է: Դա մնում է բաց պարտադրանք եւ անհրաժեշտություն՝ հաջորդ իշխանության համար»:
Նա հորդորեց չնսեմացնել այսօրվա բանակի դերը, ասաց, որ Վազգեն Սարգսյանի թողած բանակից մնացել է հիմքը ու եթե սպարապետին հաջողվեց զրոյից բանակ ստեղծել, ուրեմն մենք էլ կարող ենք բանակը հզորացնել ու դարձնել առաջվանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ