Ռուս-ուկրաինական պատերազմը, ի թիվս տնտեսական սանկցիաներով պայմանավորված խնդիրների, նաեւ լոգիստիկ խնդիրներ է առաջացրել Ուկրաինայի հետ բեռնափոխադրում ունեցող երկրների համար։ Անմասն չէ նաեւ Հայաստանը։ Հիմա հայ բեռնափոխադրողները հայտնվել են բարդ խնդրի առջեւ՝ նրանց բեռնատարները մնացել են Ուկրաինայի տարբեր քաղաքներում, նավահանգիստներում եւ չեն կարողանում դուրս գալ, անգամ թալանվում են, վնասվում, հայտնվում հրետակոծության տակ։ Վտանգված է նաեւ վարորդների կյանքը։
«Ապավեն» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության հիմնադիր Գագիկ Աղաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այս պահին Ուկրաինայում մեքենաներ ունեն, որոնք չեն կարողանում դուրս բերել երկրից։ «Հենց հիմա Ուկրաինայում չորս հատ բարձված մեքենա ունենք ու մտածում ենք բեռների եւ վարորդների անվտանգության մասին»,- ասաց Գագիկ Աղաջանյանը։
– Իսկ մենք ի՞նչ ծավալի բեռնափոխադրում ունենք Ուկրաինայի հետ։
– Նախ՝ Ուկրաինան բավականին լուրջ շուկա եւ մատակարար էր Հայաստանի համար, եւ էդ ամբողջը կորավ՝ ե՛ւ մատակարարումը, ե՛ւ շուկան։ Իսկ մասնավորապես այս պահին, այո, կան խնդիրներ, այսինքն՝ կան բեռներ, որոնք տեղ չեն հասել, գտնվում են նավահանգիստներից դուրս գտնվող տարածքներում եւ չեն կարողանում հասնել ո՛չ Կիեւ, ո՛չ նշանակման մյուս կետեր, ո՛չ էլ այնտեղից դուրս եկած բեռները կարող են ինչ-որ ձեւով գալ հասնել Հայաստան։ Հիմա մենք ունենք այդ խնդիրները, որոնք փորձում ենք լուծել։
Կարդացեք նաև
– Դեսպանատա՞ն հետ եք փորձում լուծել։
– Չէ, դեսպանատան հետ դեռեւս չենք աշխատում, մենք փորձում ենք լուծել դեռեւս մեր ունեցած հնարավորությունների ու կապերի շնորհիվ, որից հետո կերեւա։
– Ո՞ր հատվածներում են գտնվում այդ մեքենաները։
– Տարբեր տեղերում են։ Երկուսը գտնվում են Չեռնոմորսկի նավահանգստում, բայց բուն նավահանգստից դուրս, մյուս երկուսից մեկն էլ Օդեսայի մոտ է, մյուսը՝ Կիեւի մոտ։
– Դրանց մեջ կա՞ն վնասված մեքենաներ։
– Այո, արդեն ունենք վնասված մեքենաներ, արդեն բացել տարել են միջից որոշ քանակներ, դրա համար մենք շատ անհանգիստ ենք, ուզում ենք էնտեղից որեւէ կերպ հանել, փորձում ենք մասնավոր պահնորդական ընկերությունների հետ պայմանավորվել, որ ապահովենք մեր մեքենաների եւ վարորդների անվտանգությունը։
– Իսկ տարանցի՞կ բեռներ էին դրանք, թե՞ հենց Ուկրաինայից են բարձվել կամ Ուկրաինայում պետք է դատարկվեին։
– Չէ, տարանցիկ չեն, հենց Ուկրաինա գնացող եւ Ուկրաինայից Հայաստան եկող էին։ Երկու մեքենա բերում են ապրանք Ուկրաինայից Հայաստան, մյուս երկու մեքենան Հայաստանից ապրանք էին տարել Ուկրաինա։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում