Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում այսօր բարձր առաջադիմություն ունեցող 16 ուսանողների հանձնվեցին անվանական կրթաթոշակներ: Իսկ ռեկտոր Դավիթ Խիթարյանը ինստիտուտի հիմնադիր ռեկտոր Հայկ Փարսադանյանի անվան ոսկե հուշամեդալ շնորհեց սպորտի ոլորտի հինգ երախտավորների՝ ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին, ՀՖԿՍՊԻ ցիկլիկ մարզաձեւերի դոցենտ Վաչիկ Ավթանդիլյանին, բուհի շրջանավարտներ, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի փոխտնօրեն Սմբատ Գաբրիելյանին, Հայաստանի լողի ազգային հավաքականի երկարամյա գլխավոր մարզիչ Սիսակ Գաբրիելյանին եւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Գրիգոր Սիմոնյանին:
ՀՖԿՍՊԻ արտաքին կապերի եւ ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը Aravot.am-ին ասաց. «Անվանական կրթաթոշակների տրամադրման այս միջոցառումը նախատեսված է բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար: Մինչեւ 2019 թվականը բուհում շուրջ 20 տարի գործում էր մեկ անվանական կրթաթոշակ՝ ֆուտբոլ մարզաձեւում լավագույն առաջադիմություն ունեցող ուսանողների համար: 2019 թվականից սկսած, երբ ինստիտուտի ռեկտոր ընտրվեց Դավիթ Խիթարյանը, անվանական կրթաթոշակները տարեցտարի ավելացան եւ ներառեցին նաեւ այլ մարզաձեւեր: Եվ այսօր, ընդամենը երեք տարի անց, արդեն ունենք 16 անվանական կրթաթոշակ:
Անկախ նրանից, որ մեր ինստիտուտը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բուհ է, ինստիտուտի ղեկավարության գլխավոր նպատակը դարձել է բարձր առաջադիմությունը եւ ուսանողների ակտիվությունը խրախուսելը: Դրա համար սահմանված է կարգ, որտեղ առաջնայինը առաջադիմությունն է, հետո՝ մարզական նվաճումները, հասարակական գործունեությունը եւ այդպես էլի մի քանի հարթություններ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ