Զոհեր, ավերածություններ, տնտեսության անկում, դիվանագիտական հարաբերություններում խառնաշփոթ եւ այլն. այս եւ այլ գործոններ պատերազմների պարտադիր հետեւաքներն են եղել եւ կան բոլոր ժամանակներում: Մենք՝ հայերս, դա ամենալավը գիտենք՝ հաշվի առնելով արցախյան երեք պատերազմների (եւ ոչ միայն) հետեւանքները մինչ օրս:
Հարկ է նկատել, սակայն, որ մեր երկրում կարող են շոշափելի անցանկալի հետեւանքներ լինել այլ երկրների միջեւ պատերազմի պատճառով, հատկապես, երբ կողմերից մեկը մեր երկրի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերն է՝ Ռուսաստանը:
Փետրվարի 24-ից սկսած ռուս-ուկրաինական պատերազմին հետեւում է ողջ աշխարհը: Ռազմական բախումներից բացի, քաղաքագետների, տնտեսագետների վերլուծության առանցքում պատերազմի հետեւանքներն են ոչ միայն պատերազմող երկրների, այլեւ նրանց դաշնակից երկրների համար:
Երեւանի պետական համալսարանի Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանի կանխատեսմամբ՝ Ռուսաստանում ընթացող «շոկերը» չեն կարող շրջանցել մեր տնտեսությունը. երկու երկրների տնտեսությունների, դրանցում տեղի ունեցող գործընթացների միջեւ բոլոր ժամանակներում էական կապ եղել է եւ կա:
Կարդացեք նաև
«Ռուսաստանը մեր երկրի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մոտ մեկ երրորդը: Ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության թուլացումն ուղղակի ազդեցություն է ունենալու մեր տնտեսության վրա»,-նշում է տնտեսագիտության թեկնածուն ու նկատում՝ խոսքը ոչ միայն արտահանման ծավալների կրճատման մասին է (քանի որ ռուբլու արժեզրկման պայմաններում արտահանվող հայկական ապրանքները ռուբլով արտահայտված թանկանում են, հետեւաբար կրճատվելու են նաեւ արտահանման ծավալները), այլեւ ներմուծման ծավալների կրճատման վտանգ կա: Մասնավորապես՝ թե՛ լոգիստիկ խնդիրներով, թե՛ Ռուսաստանի ներքին սպառման ապահովմամբ պայմանավորված՝ չի բացառվում, որ Ռուսաստանից ներմուծումը կրճատվի, ինչը պարենային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Թեեւ ներկայացվողը վատագույն սցենարներից է, սակայն իրատեսական է, որ պատերազմի եւ իր բնակչության ներքին կարիքները հոգալու պատճառներով՝ Ռուսաստանը փոքրացնի հացահատիկի եւ պարենային ապրանքների արտահանման ծավալները: Արդյունքում՝ այլ երկրները, այդ թվում Հայաստանը, չեն կարողանա բավարար սննդամթերք ներմուծել:
«Ի վերջո, Ռուսաստանի տնտեսության խնդիրները կհանգեցնեն նաեւ այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտների կրճատման, ինչի հետեւանքով այնտեղից Հայաստան եկող տրանսֆերտների ծավալը եւս կնվազի»,-նշում է Կառլեն Խաչատրյանն ու նկատում, որ մեր օրերում երկրների հակամարտությունները ընդգծված տնտեսական բաղադրիչ էլ են պարունակում:
Զրուցեց՝ Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում